Արմենակ Հայրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Հայրանյան
Ծնվել է1881
ԾննդավայրՏիվրիկ, Սեբաստիայի նահանգ
Մահացել էսեպտեմբերի 27, 1915(1915-09-27)
Մահվան վայրՍեբաստիայի մոտ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Այլ անուններՏօքթ. Ա. Հ.
ԿրթությունԺնևի բժշկական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
ԿուսակցությունՀՅԴ

Արմենակ (Արմենշահ) Հայրանյան (1881, Տիվրիկ, Սեբաստիայի նահանգ - 27 սեպտեմբերի, 1915, Սեբաստիայի մոտ), հայ բժիշկ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկ գավառակի կենտրոն Տիվրիկ ավանում՝ բարեկեցիկ ընտանիքում։ Պապը՝ Կարապետ Փաշա Հայրանյանը, մեծ հարգանք էր վայելել հայերի և թուրքերի շրջանում։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1908 թվականին ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի բժշկական համալսարանը։ Ուսանելու տարիներին անդամակցել է ՀՅԴ-ին։

1908-09 թվականներին Գերմանիայի Բեռլին մայրաքաղաքում մասնագիտացել է վիրաբուժության գծով։ Բեռլինում ծանոթացել ու ամուսնացել է Բաքվի հայ առևտրական Ադամյանի աղջկա հետ և ունեցել երկու դուստր։

«Տօքթ. Ա. Հ.» ծածկանունով հրապարակախոսական հոդվածներ է տպագրելէ Կ. Պոլսի «Ազա­տա­մարտ» (1909, թ. 158; 1911, թ. 376) և «Ազա­տա­մարտ, Հա­վել­ված» (1910-1911 թթ.) թերթերում։

1913 թ. ընտանիքը թողնելով Բեռլինում, վերադարձել է հայրենի Տիվրիկ՝ ծանր հիվանդ մորը բուժելու համար։ Այստեղ սկսել է բուժել նաև իրեն դիմած համաքաղաքացիներին։ Հետագայում աշխատել է Սեբաստիայում։ Եղել է դաշնակցական գործիչ, ՀՅԴ Սեբաստիայի կենտրոնական կոմիտեի լավագույն դեմքերից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ ծառայել։ Լավ հարաբերություններ է հաստատել Սեբաստիա եկած գերմանացի մարզիչ սպաների հետ և եղել նրանց թարգմանիչը (ողջ պատերազմի ընթացքում գերմանացի սպաների թարգմանիչները մեծ մասամբ հայեր էին)։ Օգտվելով այդ մտերմությունից և հույսը դնելով գերմանացիների պաշտպանության վրա, համարձակ դիմումներ է գրել Սեբաստիայի ջարդարար նահանգապետ Մուամմերին՝ իր ձերբակալված ընկերներին ազատելու պահանջով։

Բժիշկը լուր է ստացել, թե հայդուկ Սեբաստացի Մուրատը Սախարի լեռան վրա ժանտախտով ծանր հիվանդ է և անհետաձգելի բուժման կարիք ունի։ Ընկեր վերցնելով բժիշկ Բաղդասար Վարդանյանին` Ար­մե­նակ Հայ­րա­նյա­նը գաղ­տա­գո­ղի բարձ­րա­ցել է սա­րը և ծանր հի­վանդ Մու­րա­տին գտել է մութ ու խո­նավ քա­րայ­րում։ Բժիշկ­ներն անհ­րա­ժեշտ բու­ժու­մը նշա­նա­կել են նրան, դե­ղեր տվել և վե­րա­դար­ձել։ Մի քա­նի օրից Մուրա­տը լա­վա­ցել է և թուր­քերի դեմ կռիվ­նե­րում նո­րա­նոր սխրանք­ներ գոր­ծե­լով մին­չև Կովկաս հա­սել։

1915 թվականի մա­յի­սին բժիշկ Բաղ­դա­սար Վար­դա­նյա­նը (դե­ղա­գործ Վահան Վարդանյանի եղ­բայ­րը), բժիշկ Ար­մե­նակ Հայ­րա­նյա­նը և ոս­տի­կա­նա­կան բժիշկ Մագ­սու­տը ձեր­բա­կալ­վել են ու բան­տարկ­վել։

1915 թվականի մա­յի­սի 27-ին Բ. Վար­դա­նյա­նին, Ա. Հայ­րա­նյա­նին և Մագ­սու­տին խիստ ծե­ծի և տան­ջանք­ նե­րի են­թար­կե­լուց հե­տո, ձեռ­քե­րը կա­պած տա­րել են Յե­նի­խա­նից 2 ժամ դե­պի հա­րավ-արև­մուտք, Իթ Տա­ղըի ստո­րո­տում` Իթ Մեզարը կոչված վայրը (Սեբաստիայի մոտակայք) և Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինվորների ձեռքով գնդակահարել ու թաղել։ Ոճրագործությանը ներկա են եղել Իթթիհատի պատասխանատուներից Ալի Շեֆիքը և Փերթև բեյը, որոնք նաև լուսանկարել են դեպքը։ Արմենակ Հայրանյանը եղել է 34 տարեկան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Կազմեց Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ Եւ Գաւառի Հայութեան, Ա. Հատոր, Հրատարակութիւն՝ Համասեբաստահայ Վերաշինաց Միութեան, Նիւ Եորք, տպ. «Մշակե, Պէյրութ, 1975, մեծ չափի 880 էջ։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Համբարձումյան Վահան, Գյուղաշխարհ, Երևան, 2000։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925,

Լոս Անճելըս, 2001։

  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ

հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի

(1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

  • Տիվրիկցիների հայրենակցական միության հուշերը…
  • ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ