Արմավիրի պատմա-ազգագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավիրի պատմա-ազգագրական թանգարան
Սրահներից մեկի ընդհանուր տեսքը
Տեսակպատմա-ազգագրական
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
Քարտեզ
Քարտեզ

էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, թանգարան Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացված են Արարատյան հարթավայրի՝ էջմիածնի տարածաշրջանի տեղաբնիկների նյութական մշակույթը մ.թ.ա. 6-րդ հազարամյակից մինչև մեր օրերը։ Հնագիտական արժեքները ներկայացված են մի քանի բաժիններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կերպարանքով պաշտամունք

Թանգարանում կան քարե դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանի հնագիտական հուշարձաններ։

Հատկանշական են հում աղյուսից կառուցված առանձին կլոր և ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ կացարաններ, պարզունակ ոռոգման համակարգեր, բրչային հողագործություն, հացահատիկի խառը ցանքս։ Նեոլիթ-էնեոլիթյան ժամանակաշրջանում տնտեսության մեջ մեծ դեր են կատարել վանակատից, կայծքարից, գետաքարից, հրաբխային խարամից պատրաստված գործիքները։ Հայտնաբերված նյութերը վկայում են խեցեգործության, ջուլհակության, կաշեգործության, խսիրագործութան գոյությունը։

1970-ական թթ. հնագետ Ռաֆիկ Թորոսյանի կողմից կատարված ուշ նեոլիթ-էնեոլիթյան (մ.թ.ա 6-4-րդ հազ.) (Ակնաշեն, Ծաղկունք) բնակատեղիների պեղումների ընթացքում ձեռք են բերվել հնագիտական նյութեր, որոնք առկա են էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում։

Թեղուտի վաղ երկրագործական բնակատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Թորոսյանը Թեղուտ բնակավայրը պեղել է 1965-1968 թվականներին։ Շուրջ 3,5 հեկտար տարածք զբաղեցնող հուշարձանը տեղակայված է Քասախ գետի ձախ ափին՝ Էջմիածին-Մարգարա մայրուղու աջ կողմում։ Բնակավայրը չի ունեցել պարիսպ, բաղկացած է եղել կլոր հատակագծով, աղյուսակերտ, ոչ մեծ տրամագծով (2,6-3,6մ) կիսագետնափոր 14 առանձին կացարաններից և նրանից ոչ հեռու գտնվող փոքր (1-1, յմ) տրամագծով տնտեսական պահեստահորերից։ Տնտեսության մեջ առաջնային է եղել բրչային հողագործությունը, անասնապահությունը, զբաղվել են նաև որսորդությամբ, խեցեգործությամբ, կաշեգործությամբ, ջուլհակությամբ։

Աշխատանքային գործիքները ստեղծվել են վանակատից, կայծքարից, գետաքարից, ոսկուց ու մետաղից։ Վայրին բնորոշ են հարդախառն ու ավազախառն, ձեռքով պատրաստված, կարմիր, դեղնավուն, դարչնագույն խեցեղեն, որոնք զարդարված են ելուստներով, միջանցիկ անցքերով, եղունգով արված կիսալուսնաձև զարդերով։ Հայտնաբերվել են նաև գունազարդ խեցեղենի բեկորներ։

Վաղ բրոնզի դարաշրջան (մ.թ.ա.4-րդ հազ. երկրորդ կես - 3-րդ հազ. առաջին կես)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ բրոնզի դարաշրջանն աչքի է ընկնում տնտեսության, նյութական և հոգևոր մշակույթի վերելքով։ Զարգացել են արհեստները՝ մետաղագործությունը, խեցեգործությունը, որոնք հանգեցրել են բնակավայրերի թվի աճին, և Էնեոլիթյան բնակավայրերի տեղում առաջացել են հզոր պարիսպներով (Մեծամոր) և օղակված արբանյակ բնակավայրեր, քաղաքատիպ կենտրոններ։ Զարգացել է ճարտարապետությունը։ Ի հայտ են եկել ճարտարապետական հորինվածքով բնորոշվող տաճարական համալիրներ (Մոխրաբլուր), ճարտարապետության տարրեր՝ փողոցներ, հրապարակներ, առանձին թաղամասեր։

Տարածաշրջանում են գտնվում հանգուցային հուշարձաններ՝ Մեծամորը, Մոխրաբլուրը, Արագածը։ Թանգարանում ցուցադրված պեղված բրոնզեդարյան նյութերը հայտնաբերվել են նաև այլ հնավայրերից՝ Ֆռանգանոց, Ադաբլուր, Շրեշ բլուր, Ծաղկալանջ, Աղավնատուն, Շահումյան, Թեղուտ, Մայր Տաճարի տարածք և այլն։

Միջին բրոնզի դարաշրջան (մ.թ.ա. 3-րդ հազ. երկրորդ կես - 2-րդ հազ. առաջին կես)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են նաև միջին բրոնզի դարաշրջանի դամբարանային նյութեր՝, որոնք պեղվել են Այգեշատից, էջմիածնի բիոֆիլտրի տարածքից, Աղավնատնից։ Կան նաև նոր ձեռքբերումներ Ակնա լճի դամբանադաշտի տարածքից՝ մասնավորապես խեցեգործության գեղեցիկ նմուշներ։ Հայտնաբերվել են նաև երկաթյա ապարանջանի բեկորներ, ապակուց, սարդիոնից և մածուկից պատրաստված ուլունքներ։

Ուշ բրոնզի դարաշրջան (մ.թ.ա.XV-XII դդ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ բրոնզ - վաղ երկաթեդարյան բազմաթիվ պաշտամունքային համալիրներ (Դվին, Մեծամոր, Գեղարոտ, Այգեշատից հայտնաբերված մահարձաններ)։ էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանի ուշ բրոնզեդարյան նյութերը հայտնաբերվել են Այգեշատի, Աղավնատան, Գրամփայի, Ծաղկալանջի, Մեծամորի, Օշականի դամբարանադաշտերից։ 

Թանգարանում պահպանվող ժողովրդական արվեստի նմուշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական գործիքներ

Թանգարանում ներկայացված են վաղարշապատցիների կենցաղին բնորոշ իրեր, գյուղատնտեսական և արհեստագործական մշակույթին առնչվող նմուշներ։ Ներկայացված լուսանկարները արտացոլում են 19-րդ 20-րդ դարերի Վաղարշապատի կյանքը, Ս. Կանայանի գեղանկարների շարքով ներկայացված է հին Վաղարշապատը, դահլիճներում վերստեղծվել են գյուղական թոնրատունը, ինչպես նաև քաղաքաբնակ վաղարշապատցու բնակելի սենյակը։ Այստեղ կարելի է տեսնել տպագրական առաջին մեքենան։ Առանձին ցուցադրությամբ ներկայացված են ձեռագրեր և հնատիպ գրքեր։ Թանգարանն ունի 12 հազար իր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]