Արհեստական շնչառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական շնչառություն, շնչառության ժամանակավոր բացակայությունը վերականգնելու նպատակով, համապատասխան եղանակներով օդի ներմուծումը թոքերի մեջ (ներշնչում) և հեռացումը թոքերից (արտաշնչում)։ Արհեստական շնչառությունը կատարում են շնչահեղձության, ջերմահարության, ցրտահարության, արևահարության, թունավորումների, խոր ուշագնացության, շոկի, կլինիկական մահվան դեպքում՝ ռեանիմացիայի (վերակենդանացման) ժամանակ։ Արհեստական շնչառությունը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, շնչառության խանգարման առաջին 1-2 րոպեների ընթացքում և շարունակել մինչև հիվանդի բնականոն շնչառության վերականգնումը, որը կարող է կատարվել 1-2 ր անց, սակայն երբեմն՝ 1-3 ժ հետո։ Արհեստական շնչառություն կատարելիս հիվանդի գլուխը պետք է լինի շատ ետ թեքված դիրքում, որի հետևանքով ստեղծվում են շնչառության վերականգնման լավագույն պայմաններ։ Արհեստական շնչառությունը սկսելու ցառաջ անհրաժեշտ է հիվանդի քիթը և բերանը մաքրել լորձից, թքից և օտար մարմիններից։ Արհեստական շնչառությունը կատարվում է ռիթմիկ, 1 րոպեում 12-16 անգամ՝ երբեմն զուգակցելով սրտի արհեստական մերսման (մասաժի) հետ։ Արհեստական շնչառություն կատարվում է ձեռքի կամ հատուկ գործիքների օգնությամբ։ Ձեռքերով կատարվող արհեստական շնչառությունյան Սիլվեստրի եղանակը կիրառելիս հիվանդին պառկեցնում են մեջքի վրա, ձեռքերը տանում վերև և քիչ ետ (ներշնչում), ապա առաջ բերելով դնում կրծքավանդակին և ուժեղ սեղմում (արտաշնչում)։ Շեֆերի եղանակի դեպքում հիվանդին պառկեցնում են որովայնի վրա, այնուհետև սեղմում նրա կրծքավանդակի ետին պատի ստորին մասին (արտաշնչում), ներշնչումը կատարվում է ինքնուրույն։ Գոյություն ունեն նաև արհեստական շնչառության «բերան-բերանի» և «բերան-քթի» եղանակներ։ Օգնություն ցույց տվողը խոր շնչառումից հետո բերանը հպելով հիվանդի շուրթերին կամ քթին ուժեղ արտաշնչում է (հիվանդի համար դա կլինիներ շնչումը), արտաշնչումը կատարվում է ինքնուրույն, պասսիվ կերպով։ Այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի արտաքին մերսման հետ։ Գործիքային արհեստական շնչառության համար կան սարքեր, որոնց միջոցով օդը մղվում է շնչափողի մեջ անմիջապես կամ կրծքավանդակը՝ դրսից ճնշելու շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png