Արհեստական կաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական կաշի, պոլիմերային նյութ, որը կոշիկի, հագուստի, գլխարկների, գալանտերեային և որոշ տեխնիկական ապրանքների արտադրությունում կիրառվում է բնական կաշվի փոխարեն։ Արհեստական կաշին դասակարգվում է ըստ նշանակման, ինչպես նաև կառուցվածքի, արտադրության եղանակի (կոշկեղենի ռետին, կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ, փափուկ արհեստական կաշի)։ Կոշկեղենի ռետինը բնական կաշվի փոխարինողներից է։ Կիրառվում է կոշիկի ներբանի և երեսացուի համար։ Կոշկեղենի ռետինի արտադրությունը ընդգրկում է հետևյալ գործողությունները. կաուչուկի խառնում բաղադրիչների հետ, խառնուրդի ձևավորում, հում նախապատրաստուկի ստացում և վուլկանացում։ Այդ արհեստական կաշին կարող է լինել ծակոտկեն և միաձույլ, սև և գունավոր։

Ծակոտկեն ռետինից ներբանների պատրաստումը թեթևացնում է կոշիկը, բարձրացնում ամորտիզացիան և բարելավում ջերմամեկուսիչ հատկությունները։ Դրանով էլ որակապես գերազանցում է բնական կաշվին։ Կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ ստանում են տարբեր մանրաթելային նյութերից՝ թղթի և ստվարաթղթի արտադրության տեխնոլոգիայով։ Հումք է ծառայում թաղանթանյութի մանրաթելը, բամբակի և կաշվի մանրաթելը (բնական կաշվի մանրացված թափուկներ)։ Այդպիսի արհեստական կաշվի հիմնական առավելություններն են. թրջված վիճակում մեխանիկական հատկությունները պահպանելու ունակությունը, ինչպես նաև բավարար հիգրոսկոպիկությունը և խոնավատարողությունը։ Փափուկ արհեստական կաշիներ ստանում են թաղանթագոյացնող ռետինե սոսինձներով կամ լատեքսներով, պոլիվինիլքլորիդային մածուկներով կամ պլաստիկատով, պոլիամիդներով, նիտրոցելյուլոզային հիմքալցումներով, պոլիեթերուրետաններով և այլ հիմքերի (գործվածք, տրիկոտաժ, թուղթ և այլն) մշակմամբ։

Փափուկ արհեստական կաշին պատրաստում են հոծ կամ ծակոտկեն։ Վերջին դեպքում բաղադրիչներին խառնում են գոլորշիագոյացուցիչներ, ծակոտկենության հասնում են նաև լատեքսային խառնուրդների փրփրեցմամբ և այլն։ Վերջնամշակման գործողությունները կատարվում են հատուկ սարքավորումներում։ ԽՍՀՄ-ում և արտասահմանում ստեղծվել են նյութեր, որոնք հատկություններով մոտենում են բնական փափուկ կաշիներին և կոչվում են սինթետիկ կաշիներ։ Դրանց պատրաստման ժամանակ հիմքի ստեղծման համար կիրառում են տարբեր մանրաթելեր, տոգորման և արտաքին ծածկաշերտ առաջացնելու համար՝ պոլիմերային հիդրոֆիլ նյութեր (հաճախ պոլիեթերուրետաններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png