Արծաթափայլ կարաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթափայլ կարաս
Արծաթափայլ կարաս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանանմաններ
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Կարաս
Տեսակ Արծաթափայլ կարաս
Լատիներեն անվանում
Carassius gibelio
(Bloch, 1782)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Արծաթափայլ կարաս (լատ.՝ Carassius auratus gibelio), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանի կարպային տնտեսություններ է ներմուծվել պատահականորեն՝ XX դ 70-ական թթ.։ Ընկնելով բնական ջրամբարներ՝ լայնորեն տարածվել է գրեթե բոլոր գետերում, լճերում (բացի բարձրլեռնայիններից), արհեստական ջրամբարներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը բարձր է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 15-18 (Սևանա լճում՝ երբեմն 35-40) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ և ավելի։ Բերանը գտնվում է դնչի ծայրին։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 27-33 հատ։ Ալանային ատամները միաշարք են։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է, մեջքային լողակը երկար է՝ 18-24 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով։ Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ փոքրիկ ատամիկներ։ Խռիկային առէջները 39-58 հատ են։

Մարմնի գունավորումը կախված է միջավայրի պայմաններից։ Մեջքը և գլխի վերին մասը մոխրագույն են, սև, գորշ, ձիթապտղագույն, մոխրականաչավուն, կողքերը՝ արծաթափայլ՝ երկնագույն մետաղ, փայլով, կամ գորշադեղնավուն՝ ոսկեգույն Նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ բաց մոխրագույն։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գերեթե սև, մյուս լողակները՝ մոխրագույն կամ բաց մոխրագույն, փորային լողակները և հետևալողակը՝ հաճախ նաև դեղնավուն, բաց նարնջագույն կամ անգույն։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է կամ արծաթագույն։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Արարատյան դաշտի ջրամբարներում սեռահասուն են դառնում կյանքի 1-ին կամ 2-րդ տարում, Սևանա լճում՝ 2-րդ կամ 3-րդ տարում, երբեմն՝ ավելի ուշ։ Հարթավայրային շրջաններում բազմանում են ընդմիջումներով՝ մարտ-մայիսին, երբեմն՝ հունիսին՝ ջրի 15-18°C-ի պայմաններում, Սևանա լճում՝ մայիս-հուլիսին, երբեմն օգոստոսին՝ ջրի 14°C և ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում։ Բազմացման ընթացքում արուների գլխի և կրծքային լողակների վրա հաճախ հայտնվում է լավ արտահայտված «մարգարտյա» ցան։ Սեռերի հարաբերակցությունը ՀՀ տարբեր վայրերում տարբեր է. Արարատյան դաշտի ջրամբարներում արուները կազմում են ընդհանուր գլխաքանակի 23%-ը, Սևանա լճում՝ 0- 3%։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Արուներից զուրկ վտառներում արծաթափայլ կարասը բազմանում է գինոգեnեզով՝ ազգակից այլ ձկնատեսակների արուների սերմնաբջիջների ազդեցությամբ զարգացող ձկնկիթով։ Ենթադրվում է նաև, որ նման վտառներում կարող է բազմանալ կուսածնությամբ։ Հասունացած ձկնկիթը դեղնավուն է (տրամագիծը՝ 1-1, 3 մմ), կպչուն, դնում է ստորջրյա բույսերի վրա։ Միջին բեղունությունը կազմում է 76 հազար ձկնկիթ (կարող է հասնել մինչև 255, 5 հզ-ի)։ Ձկնկիթի զարգացումը տևում է 3-5 օր, թրթուրներինը՝ մինչև 1 ամիս։ Հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում։ Բնակվում է վտառներով՝ ջրամբարների մերձհատակային շրջանում կամ ջրի միջին շերտերում։ Դիմացկուն է միջավայրի անբարենպաստ պայմանների (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, թթվածնային քաղց) հանդեպ։

Սննդառություն[խմբագրել]

Ամենակեր է։ Հասունները սնվում են դետրիտով, փափկամարմիններով, ստորակարգ խեցգետնակերպներով, բույսերով, մատղաշները՝ անվաորդերով, միջատների թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, այլ մանր անողնաշարավորներով, ջրիմուռներով։ Սննդային ակտիվությունը բարձր է առավոտյան և երեկոյան։

Արդյունաբերական նշանակություն[խմբագրել]

Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն։ Մյուս վայրերում սիրողական ձկնորսության օբյեկտ է։ Կարող է վնաս հասցնել կարպային տնտեսություններին՝ սնվելով կարպերի համար նախատեսված կերերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png