Արիության մեդալ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիության մեդալ
Изображение орденской планки
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմեդալ և ռազմական պարգև
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 26, 1993
Հերթականություն
Ավագ պարգևԲարեկամության շքանշան
Կրտսեր պարգև«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Արիության մեդալի վկայական

Արիության մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Արիության մեդալի մասին» ՀՀ օրենքով (հեղինակ՝ Ֆրեդ Աֆրիկյան) (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. մեդալը շնորհվում է Հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. Արիության մեդալով պարգևատրվում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչության ծառայողները, ինչպես նաև այլ անձինք։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք։ Այսպիսով, կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը 2014 թ. օգոստոսի 4-ին դարձավ 1993-2014 թթ. տիպի Արիության մեդալի վերջին մեդալակիրը[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. Արիության մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից հետո։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից հետո և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից առաջ։

Մեդալի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. հանձնվող Արիության մեդալի նկարագրությունը հաստատվել է ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ի որոշմամբ։ Ըստ այդմ, Արիության մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը՝ արծիվը և թուրը։ Արծիվը տիրաբար սփռված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շեղբերը թագի նման պարուրում են արծվի գլուխը։ Մեդալը պատրաստվում է ոսկեջրած արծաթից։ Մեդալի ներքևի մասում կա մակագրություն՝ «Արիություն»։ Արծիվը, թուրը, լույսի շեղբը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը՝ անփայլ։ Մեդալն օղակների միջոցով կապվում է ժապավենին։ Ժապավենը սեղանաձև է, որի վերևի եզրի երկարությունը 20 մմ է, ներքևինը՝ 10 մմ, բարձրությունը՝ 20 մմ։ Ժապավենը երկնագույն է, մեկ եզրին ծիրանագույն զոլ։ Ժապավենը փաթաթվում է սեղանաձև մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։ Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։ 2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիության մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է։ Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը՝ արծիվը և թուրը։ Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը։ Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»։ Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը՝ անփայլ։ Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռքբերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 99.9 հարգի ոսկով։ Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը՝ 27 մմ, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչեւ ներքևի գագաթը 50 մմ է։ Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։ Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2016 թ. փետրվարի 5) մեդալով պարգևատրվել է 230 անձ, որոնցից 53-ը՝ հետմահու։

230 պարգևատրվածներից 227-ը ՀՀ, 3-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Բոլոր 3 օտարերկրյա քաղաքացիները պարգևատրվել են հետմահու։ Պարգևատրված 3 օտարերկրյա քաղաքացիներից 2-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 1-ը՝ Թուրքմենստան Թուրքմենստանի քաղաքացիներ են։

230 պարգևատրվածներից 227-ը տղամարդ են, 3-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ - 140,
  • Ոստիկանության ծառայողներ - 6,
  • Ոստիկանության զորքերի զինծառայողներ - 1,
  • Ազգային անվտանգության մարմինների ծառայողներ - 6,
  • Փրկարարական ծառայողներ - 1,
  • Քրեակատարողական ծառայողներ - 1,
  • Ազատամարտիկներ - 74,
  • Այլ անձինք - 1 (Շավարշ Կարապետյան

Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 9,
  • 2009 թ. - 28,
  • 2010 թ. - 36,
  • 2011 թ. - 23,
  • 2012 թ. - 21,
  • 2013 թ. - 17,
  • 2014 թ. - 48,
  • 2015 թ. - 28,
  • 2016 թ. փետրվարի 5-ի դրությամբ - 20 անձ։

Արիության մեդալով պարգևատրվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]