Արին-Բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արին Բերդից)
Արին-Բերդ
Տեսակբլուր և հնագիտական հուշարձան
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ԲԾՄմոտ 1042 մետր
Քարտեզ
Քարտեզ
Էրեբունի ամրոցի պատերի ավերակները Արին-Բերդ բլրում

Արին-Բերդ, Արինբերդ, Արնաբերդ, Գանլի թափա, Ղանլիթափա, բլուր-հնավայր, Վանի թագավորության Էրեբունի քաղաքատեղի Երևանի Էրեբունի համայնքում[1]։ 1879 թվականին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին-Բերդի ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը՝ Արգիշտի Ա-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։

Արին-Բերդը 1894 թվականին ուսումնասիրել է ռուս հնագետ Ա․ Ա․ Իվանովսկին։ Պարբերական պեղումներն սկսվելեն 1952 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի և ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության համատեղ արշավախմբի կողմից (ղեկավար՝ Կ․ Լ․ Հովհաննիսյան, գիտական խորհրդատու՝ Բ. Բ. Պիոտրովսկի)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա․ 782 թվականին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին-Բերդում են գտնվել Սարդուրի Բ-ի և Էրիմենայի որդի Ռուսա Գ-ի 23 սեպագիր արձանագրությունները, ինչպես և խեցեղեն, կնիքներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ (ագաթե, սերդոլիկե և ապակե), նետերի բրոնզե ծայրակալներ, IV դարի Միլեթ քաղաքի արծաթե դրամներ, Աքեմենյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․ V դար) արծաթե ռիտոններ, երկաթե սանձ և այլն։ Արին-Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են Կարմիր-բլուրի պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին-Բերդում (բրոնզե վահաններ, սաղավարտներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-1968 թվականների պեղումների ընթացքում Արին-Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա-ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5 x 39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա-ի օրոք, Խալդի աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան Իրանի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ Երևանը, որի անվանումը ծագում է Էրեբունի անունից (Էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 19 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 443 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 60