Արթուր Փեն
| Արթուր Փեն | |
|---|---|
ռեժիսոր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Arthur Penn |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 27, 1922 |
| Ծննդավայր՝ | Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 28, 2010 (88 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1953-2002 |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Արթուր Փեն (անգլերեն՝ Arthur Penn, սեպտեմբերի 27, 1922, Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա - սեպտեմբերի 28, 2010, Նյու Յորք), ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր:
[խմբագրել] Կենսագրություն և կարիերա
Արթուր Փենը ծնվել է 1922 թվականին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում: Նրա ծնողները ծագումով հրեա էին, որ ԱՄՆ էին գաղթել Ռուսաստանից: Հայրը` Հարիի Փենը, ժամագործ էր, մայրը` Սոնի Գինբերգը, բուժքույր: Եղբայրը` Իրվին Փենը (1917—2009) լուսանկարիչ էր:
Կրթությունը ստանում է Էշվիլիի Բլեք Մանունթաին քոլեջում և Իտալիայում Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում: Արդեն երիտասարդ տարիքից սկսում է իր դերասանական կարիերան հանդես գալով Ջոշուա Լոգանի թատերական խմբում: Թատրոնում խաղալուն զուգընթաց հաճախում է Լոս Անջելեսի դերասանական ստուդիան և ուսանում Միխաիլ Չեխովի մոտ:
1951 թվականին ընդունվում է աշխատանքի NBC-TV հեռուստաընկերությունում, որտեղ դառնում է «Colgate Comedy Hour» շոուի մենեջեր: Մի քանի տարի անց սկսում է գրել հեռուստատեսային ֆիլմերի սցենարներ և ներկայացումներ է բեմադրում: Դրանցից է օրինակ 1958 թվականին բեմադրված «Two for the Seesaw» ներկայացումը: Նույն թվականին նկարահանում է իր առաջին գեղարվեստական ֆիլմը` «Զենք ձախլիկի համար», որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Փոլ Նյումանը: Ֆիլմը չնայած հաջողություն չունեցավ ԱՄՆ-ում, սակայն հաջողություն ունեցավ Եվրոպական կինովարձույթում և արժանացավ Բրյուսելի կինոփառատոնի Գրան Պրի մրցանակի:
Դրանից հետո Բրոդվեյում բեմադրում է մի քանի հաջողված ներկայացում ` «Արարված հրաշք» (The Miracle Worker), «Խաղալիքները ձեղնահարկում» (Toys in the Attic) և «Մինչև տուն» (All the Way Home):
1962 թվականից սկսած սկսում է ֆիլմեր նկարահանել, որոնցից առաջինը «Արարված հրաշքի» կինոտարբերակն էր, որի դերասանուհիները ստացան 2 Օսկար (Էնն Բանքրոֆթը Օսկար լավագույն դերասանուհու համար և Փեթի Դյուկը որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի), իսկ ինքը առաջին անգամ ներկայացվեց Օսկարի:
Արթուր Փենին համաշխարհային ճանաչում բերեց 1967 թվականին նկարահանած «Բոննի և Քլայդ» հայտնի ֆիլմը: Ֆիլմը պատմում էր ավազակ զույգի մասին և դարձավ կինոյի պատմության լավագույն գանգստերական ֆիլմերից մեկը, մեծ ազդեցություն ունեցավ հետագայում ամերիկյան կինեմատոգրաֆի վրա, իսկ գլխավոր դերակատարներ Ուորեն Բիթիին ու Ֆեյ Դանաուեյը դարձան Հոլիվուդի առաջին մեծության աստղեր: Ֆիլմը ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված ցուցակներում զբաղեցնում է հետևալ տեղերը`
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. 27 և 2007 թ. 42
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 5-րդ որպես գանգստերական ֆիլմ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Բոննին և Քլայդը 32-րդ տեղում որպես բացասական հերոս
Հաջորդ ֆիլմը «Ալիսայի ռեստորան» կատակերգությունն էր, որտեղ հանդես էր գալիս այդ ժամանակների հայտնի երգիչ Առլո Գատրին: Մյուս նշանավոր ֆիլմերից են «Հետապնդում», «Գիշերային քայլեր», «Միսսուրիի ոլորանները»:
Վերջին գեղարվեստական ֆիլմը դարձավ 1989 թվականին նկարահանված «Փեննը և Տելլերը սպանված են» ֆիլմը: Դրանից հետո մի առժամանակ զբաղվում է ադմինիստրատիվ աշխատանքով:
1976—1985 թթ. նորից աշխատել է թատրոնում:
Ամուսնացած է եղել Պեգգի Մաուրերի հետ, ունի որկու երեխա` որիդն Մեթյուն և աղջիկը` Մոլինն:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով նկարահանել է 27 գեղարվեստական և հեռուստաեսային, նաև վավերագրական ֆիլմեր, որոնցից առավել նշանավոր են.
| տարի | ֆիլմ | դերասաններ |
|---|---|---|
| 1958 | «Զենք ձախլիկի համար» | Փոլ Նյուման |
| 1962 | «Արարված հրաշք» | Էնն Բանքրոֆթ Փեթի Դյուկ |
| 1965 | «Միկկի մեկ» | Ուորեն Բիթի |
| 1969 | «Ալիսայի ռեստորան» | Էնն Բանքրոֆթ Փեթի Դյուկ |
| 1966 | «Հետապնդում» | Մառկոն Բրանդո Ջեյն Ֆոնդա Ռոբերտ Ռեդֆորդ |
| 1967 | «Բոննի և Քլայդ» | Ֆեյ Դանաուեյ Ուորեն Բիթի Ջին Հեքմեն |
| 1970 | «Փոքր մեծ մարդը» | Դասթին Հոֆման Ֆեյ Դանաուեյ |
| 1975 | «Գիշերայինյ քայլեր» | Ջին Հեքմեն Մելանի Գրիֆիտ |
| 1976 | «Միսսուրիի ոլորանները» | Մառլոն Բրանդո Ջեք Նիկոլսոն |
| 1985 | «Թիրախ» | Ջին Հեքմեն Մեթ Դիլլոն |
| 1987 | «Ձմեռային ցրտին» | |
| 1989 | «Փեննը և Տելլերը սպանված են» |
[խմբագրել] Մրցանակներ
Ստացել է 12 կինոմրցանակ, ներկայացված է եղել 10-ի որոնց թվում`
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում
- 1 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվանակարգում
- 2 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ)
- 1 անգամ ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի
- Բեռլին, Սան Ֆրանցիսկոյի, Մոսկվայի կինոփառատոնների մրցանակակիր է
- 1 Բոդիլ մրցանակ ևայլն