Արթուր Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արթուր Բաբկենի Թովմասյան

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը։ 1986թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։ 1992թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական թեզ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ 1993-1995թթ. աշխատել է Արցախի պետական համալսարանում՝ մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1995թ. ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման Խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ 1996-1997թթ. զբաղեցրել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը։

1998թ. մարտից աշխատել է ԼՂՀ Շուշի քաղաքի Ժողովրդական համալսարանում՝ դեպարտամենտի նախագահ, ուսումնական գծով փոխտնօրեն, ռեկտոր։ 2000թ. սեպտեմբերից աշխատում է Արցախի պետական համալսարանում՝ ճարտարագիտական ամբիոնի դոցենտ։ 2003-2009թթ. աշխատել է ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան։ 2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավար։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 12 ընտրատարածքից։ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ, 2007-2009թթ.՝ կուսակցության նախագահ, 2005թ-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ։

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։ Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://shoushi.nk.am/am/ah/tovmasyan_artour.htm