Արեոպագոս
Արեոպագոս (հուն.՝ Ἄρειος πάγος), հին աթենական իշխանության մարմին է: Անվանվել է նիստերի գումարման վայրի ` Արեսի բլրի (Ակրոպոլիսի մոտ) անունով: Առաջացել է տոհմացեղային հասարակարգում, որպես ավագանու խորհուրդ: Ունեցել հսկելու, դատելու, կրոնական և քաղաքական կյանքը տնօրինելու մեծ իրավունքներ: Մ.թ.ա. 8-րդ դարում կազմվել է առավել գեղեցիկ և ունևոր աթենացիներից, մասնավորապես ` նախկին արքոնտներից: Անդամների թիվը սահմանափակումներ չի ունեցել: Արեոպագոսը արիստոկրատիայի, իսկ ավելի ուշ` օլիգարխիայի հենարան էր: Նիստերը սովորաբար գումարվում էին յուրաքանչյուր ամսվա վերջին, երեք գիշեր շարունակ: Արեոպագոսի իրավունքները մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սահմանափակեց Սոլոնը: Աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց, Արեոպագոսը աստիճանաբար զրկվեց քաղաքական իշխանությունից:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |