Արամ Հարությունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Հարությունով
Արամ Վլադիմիրի Հարությունով
Ծնվել է1956 թվականի հոկտեմբերի 6
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՌուսաստանի
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱմուսինՆատալյա Չեռնիկովա
ԾնողներՎլադիմիր Հարությունով, Ամալյա Սարգսյան
Երեխաներ1 տղա, 1 աղջիկ՝ Անդրոնիկ, Մարջան

Արամ Վլադիմիրի Հարությունով (1956, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վլադիմիր Հարությունովը, դասավանդել է օտար լեզու, մայրը՝ Ամալյա Սարգսյանը, աշխատել է որպես ճարտարապետ։ Արամ Հարությունովը ողջ կյանքը ապրել է Մոսկվայում, նախնական կրթությունը ստացել է այն տարիների մաթեմատիկական թեքումով Մոսկվայի լավագույն 2-րդ դպրոցում և ավարտելուն պես ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հարությունովի կինը՝ Նատալյա Չեռնիկովան, մասնագիտությամբ քիմիկոս է և դասավանդում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում։ Նրանք ունեն երկու զավակ՝ Մարջան Հարությունովան ճարտարապետ է, իսկ որդին՝ Անդրոնիկը, ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը, սովորել է Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Հարությունովը մեծ ուշադրություն է դարձնում հայազգի երիտասարդ մասնագետների մասնագիտական պատրաստմանը և մեծ ջանքեր գործադրում իր ղեկավարած ամբիոնի և Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ համատեղ մագիստրոսական ծրագրով ուսուցում կազմակերպելու ուղղությամբ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանց ավարտելով բուհը՝ 1978 թվականին նա ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի օպտիմալ ղեկավարման ամբիոնում։ 1981 թվականին Արամ Հարությունովը հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Արագաշարժության խնդիրներում օպտիմալ ժամանակի ֆունկցիայի ողորկությունը» թեմայով՝ Նիկոլայ Տինյասկիի ղեկավարությամբ։ Պաշտպանելուց անմիջապես հետո նա սկսեց դասախոսել Ժողովուրդների բարեկամության համալսարանում, իսկ 1986 թվականին նա արդեն դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնի դոցենտ էր։ 1988 թվականին Արամ Հարությունովը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Օպտիմալ ղեկավարման խնդիրների գրգռումները և էքստրեմումի առաջին և երկրորդ կարգի անհրաժեշտ պայմանները» թեմայով։ 1991 թվականին գիտական և մանկավարժական բեղուն աշխատանքի համար նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում։ 1997 թվականին նա գլխավորում է այդ ամբիոնը, որը այժմ վերանվանվել է ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի։ Իր ոլորտի առաջնակարգ մասնագետ Հարությունովին 1993 թվականին առաջարկեցին դասախոսել նաև Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետում, որտեղ կարդում է «Բազմարժեք անալիզ»։ Հարությունովն այսօր Ռուսաստանում էքստրեմալ խնդիրների տեսության, ինչպես նաև օպտիմալ ղեկավարման և ոչ գծային անալիզի լավագույն մասնագետներից մեկն է։ Հարությունովը ստեղծել է ընդհանուր տեսքի սահմանափակումներով էքստրեմալ խնդիրներում օպտիմալության պայմանների հետազոտման մաթեմատիկական նոր ապարատ։ Այդ տեսությունը լուրջ ներդրում է ինչպես ոչ նորմալ խնդիրների հետազոտման, այնպես էլ էքստրեմալ խնդիրների ընդհանուր տեսության զարգացման ոլորտում։ Հարությունովի աշխատանքներում մեծ տեղ են գրավում դասական վարիացիոն հաշվի խնդիրները։ Այդ խնդիրների հետազոտման համար ուսումնասիրվել են չվերասերված ինտեգրալ քառակուսային ձևեր։ Դրանք Յակոբիի և Լեժանդրի հայտնի արդյունքների զարգացումն են։ Այդ ոլորտում նա ստացել է մի շարք հիմնարար արդյունքներ։ Վերջին տարիներին Արամ Հարությունովի կողմից առաջարկվել է նոր մոտեցում մետրիկական տարածություններում ծածկող արտապատկերումների հետազոտման համար։ Նրա կողմից ապացուցվել են թեորեմներ համընկնող կետերի գոյության մասին, ինչպես միարժեք, այնպես էլ բազմարժեք արտապատկերումների դեպքում, ապացուցված է համընկնող կետերի կայունությունը։ Բոլոր այդ արդյունքները ստացել են տարբեր կիրառություններ ոչ գծային անալիզում և օպտիմիզացիայում։ Հարությունովը 150 գիտական հոդվածների և երեք մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 10 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություն։ Նա «Դիֆերենցիալ հավասարում», «Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի տեղեկագրի», «Գործողությունների հետազոտման հարավսլավական հանդեսի», ինչպես նաև «Թայվանի մաթեմատիկական հանդեսի» խմբագրական խորհուրդների անդամ է։ Հարությունովը շուրջ վեց տարի եղել է Ռուսաստանի Դաշնության մաթեմատիկայի և մեխանիկայի գծով ԲՈւՀ-ի փոխնախագահը։ Նա ՌԲԳԱ իսկական անդամ է։ Պրոֆեսորը, որպես հրավիրյալ դասախոս, հաճախ է մեկնում արտերկիր։ Հարությունովը 2010 թվականից պարբերաբար այցելում է Արցախի պետական համալսարան և դասախոսում որպես հրավիրյալ պրոֆեսոր։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թվականին Հայաստանում և Արցախում կազմակերպված «Դինամիկ համակարգերի, ոչ գծային անալիզ և կիրառություններ» թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպմանը։ Երևանում եղած ժամանակ Հարությունովը մի շարք սեմինարներ է անցկացրել ԵՊՀ-ի և Սլավոնական համալսարանի մասնագետների համար։ Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը Հարությունովին պարգևատրել է ոսկե մեդալով։ Հաշվի առնելով Արամ Վլադիմիրի Հարությունովի գիտական, մանկավարժական վաստակը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ[1]։ Արամ Հարությունովն այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մաթեմատիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://greenstone.flib.sci.am/ Գիտությունների ազգային ակադեմիա