Ատելանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ատելանա (լատիներեն՝ fabula atellana - ատելայան զրույցներ), հռոմեական գրականության կատակերգական ժանր հնագույն և առաջին ձևը։

Ժանրի ատելանա անունն առաջացել է օսկերի Ատելլա քաղաքի անունից, որը կործանվել է Հաննիբալի և հռոմեացիների միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ (211 թվականին) և դարձել ծաղրի առարկա։ Ժանրը կոչվել է նաև օսկական երգ (լուդի օսկի

Ատելաները ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություններ են, որոնք իրենց մեջ պահպանել են նաև գռեհիկ, անվայել կենցաղային հետքեր։

Ըստ հռոմեական պատմագրության, ատելանաները հատուկ դերասաններ չեն բեմադրել և դրանք չեն գրանցվել, որպեսզի հասարակությունը ծանոթանա ընթերցանության միջոցով, այլ բեմադրել են սիրողները։

Հունական դրամայից բեմադրությունից հետո, որը ձանձրույթ էր պատճառում Հռոմի հունարեն չիմացող հասարակությանը, երիտասարդությունը բեմ էր բարձրանում և հանպատրաստից բեմադրում էր ժողովրդական այդ պիեսը։

Ժողովրդական այս ստեղծագործությունները, սակայն տհաճությամբ էր ընդունում հունական կրթություն ստացած մտավորական խավը։ Ատելանները մուտք են գործում գրականություն, ստանում գրական մշակված ձև և բեմադրվում։ Այս վիճակում ատելաները բեմադրում են ոչ երիտասարդ սիրողները, այլ իսկական դերասաններ, որոնք որպես այդ ժանրի առանձնահատուկ բեմադրողներ, հռոմեական հասարակության մեջ վայելում էին մեծ համակրանք։

Առաջին անգամ ատելաներին գրական ձևավորում են տվեկ հռոմեական երկու բանաստեղծներ՝ Լուցիուս Պոմպոնիուսը և Նովիուսը։

Գրական ձևավորում ստացած ատելաները փոքր, զավեշտական պիեսներ են եղել մեկ գործողությամբ։

Ատելաներից մեզ հասել է 106 անուն։

Ատելանաների կերպարները[խմբագրել]

Մակկուս[խմբագրել]

Մակկուսը խեղկատակ (հարլեկին) է, հիմար և որկրամոլ։ Նա Ապուլիայի գյուղացի է, ներկայանում է զանազան վիճակում՝ կամ որպես զինվոր, կամ որպես պանդոկապետ, երկվորյակ եղբայր, կամ հալածական, հաշտարար և նույնիսկ որպես կույս։ Հնագույն քանդակագործությայ մեջ Մակկուսը պատկերված է ստրկի հագուստով, սապատավոր, կտուցանման քթով և ճաղատ գլխով։

Բուկկո[խմբագրել]

Բուկկոն պատկերված է ուռած թշերով, մեծ բերանով, որկրամոլ է, ծաղակևատ և սնապարծ։ Պոմպոնիուսի պիեսների մեջ գրավում է գլխավոր տեղ և հանդիսանում կենտրոնական դեմք։

Պապպուս[խմբագրել]

Պապպուսը պարզամիտ ծերունի է, որին բոլորը ծաղրում են։ Պոմպոնիուսը Պապպուսին ներկայացնում է մի քանի պիեսների մեջ, որոնք կրում են հետևյալ անունները՝ «Pappus agricola» (Պապպուս երկրագործ), «Sponsa Pappi» (Նշանած Պապպուս) և այլն։

Դորսենուս կամ Դոսսենուս[խմբագրել]

Դորսենուսը կամ Դոսսենուսը սապատավոր է, գիտուն ու խորամանկ, որ խաբեբայությամբ կողոպտում է դյուրահավատ ու միամիտ մարդկանց։

Ատելանաները և պետությունը[խմբագրել]

Ատելենաները հռոմեական հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում դասակարգային բովանդակություն են ստանում, որի պատճառով հռոմեական խշխանությունը հալածում է ատելանաները բեմադրող դերասաններին կամ ուղղակի արգելում ատելանաների բեմադրությունը։

Հայտնի է, որ Հուլիոս Կեսարը արգելեց բեմադրել ատելենան, և սրան փոխարինեց միմոսը, իսկ Կալիգուլա կայսրը հրամայեց կենդանի այրել ատելանան բեմադրող դերասանին, որովհետև վերջինս չարամիտ ակնարկով ծաղրել էր Կալիգուլային։ Ներոնը Հռոմից վտարում է ատելանան բեմադրող դերասանին։

Ատելանաները հալածանքի են ենթարկվել նաև եկեղեցու կողմից, ինչպես Տերտուլիանոսը և ուրիշները, ատելաները հռչակել են անբարոյական գործողություն։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա. Առաքելյան (1975)։ Հռոմեական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 54-56։