Ավտոմատացված կայանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատացված կայանում, ուլտրաձայնային ալիքների միջոցով աշխատող մի համակարգ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ավտոմեքենայի մեխանիկացված կայանումը։

Ավտոմատացված կայանման առաջին քայլերը[խմբագրել]

Այս համակարգը սկզբնական շրջանում իրենից ներկայացնում էր ուլտրաձայնային նշանների կոմպակտ սարք, որը տեղադրվում էր մեքենայի բամփերին։ Չնայած, որ այդ սարքերի հզորությունը այնքան էլ ուժեզ չէր, այն բավական էր մեքենայի ետ ընթացքի ժամանակ կայանման համար, որպեսզի ստուգվեր մեքենայի ետևում խոչընդոտների առկայությունը։ Այս համակարգը ակտիվանում էր այն ժամանակ, երբ վարորդը միացնում էր ետ ընթացքը, և երբ ալեարձակը հանդիպում էր խոչընդոտի, սկսում էր զումերով ու լուսադիոդներով տեղեկացնել վարորդին վտանգի մասին։

Համակարգի մի փոքր կատարելագործումը հնարավորություն տվեց տեղեկանալ` ավտոմեքենայի աջ, թե ձախ կողմում է խոչընդոտը , նաև էկրանի վրա ցույց տալ հեռավորությունը այդ խոչընդոտից։

Օգտագործման առանձնահատկությունները[խմբագրել]

Կայանման ալեարձակը կարող է կեղծ ազդանշաններ արձակել հետևյալ դեպքերում`

  • Մեքենայի գտնվելը ոչ հարթ մակերևույթով, բնահողով ծածկված կամ թեք ճանապարհի վրա
  • Ալեարձակի գործելու շառավղում բարձր աղմուկի աղբյուրի առկայություն
  • Այլ ռադիոփոխանցող սարքերի աշխատանք ալեարձակի գործելու շառավղում
  • Կայանում նեղ պայմաններում (արձագանքի ազդեցություն)

Համակարգը կարող է չարձագանքել հետևյալ առարկաներին`

  • Սուր կամ բարակ իրեր
  • Իրեր, որոնք կլանում են ուլտրաձայնային ճառագայնթները
  • Առարկաներ, որոնց բարձրությունը 1 մետրից ցածր է

Համակարգը չի կարող հայտնաբերել ասֆալտի փոսեր, բաց հորեր, շաղ տված մանր ու սուր իրեր և այլ վտանգավոր օբյեկտներ, որոնք չեն գտնվում ալեարձակի տեսադաշտում։