Ավիամոդելիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավիամոդելիզմ, թռչող ապարատների, այդ թվում և հրթիռների մոդելների նախագծումն ու կառուցումը տեխնիկական կամ սպորտային նպատակներով։

Տեխնիկական ավիամոդելիզմը հնարավորություն է տալիս թռչող ապարատների ստեղծման գիտատեխնիկական փորձարկման ժամանակ լուծել ինքնուրույն խնդիրներ։ Դրանով է բացատրվում ավիամոդելիզմի կիրառական մեծ նշանակությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ Լեոնարդո դա Վինչին թողել է մկանային ուժով գործի դրվող թռչող ապարատների, մեխանիկական հաղորդակով ուղղաթիռի մոդելների էսքիզներ։ 1754 թվականին Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը կառուցել է առաջին ավիամոդելներից մեկը՝ «աերոդինամիկ մեքենան»՝ ուղղաթիռի նախատիպը։

Ավիամոդելների օգտագործումը օգնել է Ն. Ե. Ժուկովսկուն հայտնագործելու մարմինների շարժման օրենքները օդում։

Ժամանակակից ավիամոդելիզմը կարևոր միջոց է ինքնաթիռների նախագծման համար։ Ինքնաթիռի առաջին փորձնական նմուշը կառուցելիս հարկավոր է իմանալ ապագա ինքնաթիռի մոդելի աերոդինամիկ, ամրության և այլ բնութագրերը աերոդինամիկ խողովակում։

Սպորտային ավիամոդելիզմը տեխնիկական սպորտի ամենամասսայական ձևերից է։ ԽՍՀՄ-ում սպորտային ավիամոդելիզմի հիմքը դրվել է 1923 թվականի ամռանը՝ «Օդային Կարմիր նավատորմի շաբաթ»-ով։ ԽՍՀՄ-ում թռչող մոդելների համամիութենական առաջին մրցումներին (1926) մասնակցել են 70 մարզիկներ, իսկ ավիամոդելային սպորտի ԽՍՀՄ 36-րդ առաջնությանը (1967)՝ 500 մարզիկներ։

Ավիամոդելային սպորտը ԽՍՀՄ-ում լայն թափ է ստացել 1931 թվականից, երբ օդային նավատորմի շքեղությունը ՀամԼԿԵՄը վերցրեց իր վրա։ ԽՍՀՄ-ում ընդունված են սպորտային մոդելների 9 հիմնական դաս՝ ազատ-թռիչքային սավառնակներ, ինքնաթիռ՝ ռետինե շարժիչով, ինքնաթիռ՝ մխոցային շարժիչով, ռադիողեկավարվող ինքնաթիռ կամ սավառնակ՝ մխոցային շարժիչով և կորդային (վերջինս բաժանվում է՝ արագաթռիչք, ինքնաթիռը ղեկավարելու հմտության, մրցարշավային, «օդային կռվի» և ինքնաթիռի պատճեն-մոդելների)։

Սպորտային ավիամոդելիզմը ԽՍՀՄ-ում կազմակերպում է ԴՕՍԱԱՖ-ը՝ համագործակցելով ՀամԼԿԵՄ-ի և ժողկրթության մարմինների հետ։

Դպրոցներում, պիոներական պալատներում գործում են սպորտային ավիամոդելիզմի ակումբներ և խմբակներ. Ավիամոդելային սպորտը ղեկավարում են՝ ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի սպորտային ավիամոդելիզմի Կենտրոնական ակումբը և ԽՍՀՄ ավիամոդելային սպորտի ֆեդերացիան։

ԴՕՍԱԱՖ-ը հրատարակում է «Կռիլյա ռոդինի» և գիտատեխնիկական «Սոդելիստ-կոնստրուկտոր» ամսագրերը։ Հայաստանում ավիամոդելիզմն սկսել է զարգանալ 1923ապրիլից, երբ կազմակերպվեց «Օդային նավատորմի բարեկամների» ընկերությունը (ղեկավար՝ Ռ. Ա. Բաբայան)։

Ավիամոդելիզմի խմբակի անդամներ Ռ. Բաբայանը, Հ. Դասպարյանը, Ա. Դավթյանը, Գ. Քանքանյանը, Մ. Սաեակյանը 1925 թվականի համամիութենական հեռակա մրցումներում գրավել են առաջին տեղը և սահմանել համամիութենական 3 ռեկորդ։ Նույն թվի սեպտեմբերին ավիամոդելիստների համամիութենական եզրափակիչ մրցումներում Հայաստանի ավիամոդելիստներ Ռ. Բաբայանը, Ն. Զարգարյանը, Դ. Քանքանյանը, Ա. Փերիխանյանը և Ա. Դավթյանը սահմանել են համամիութենական 5 ռեկորդ, իսկ Ա. Դավթյանը՝ նաև համաշխարհային 2 ռեկորդ՝ թռիչքի հեռավորության (4000 մ) և տևողության ցուցանիշներով (մինչ այդ հեռավորության ռեկորդը պատկանում էր ամերիկացիներին՝ 2250 մ, տևողությանը՝ գերմանացիներին՝ 21 ր)։

1930-ական թվականներին Հայաստանի լավագույն ավիամոդելիստներից էին Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն. Գ. Ստեփանյանը և Խորհրդային Միության Հերոս Ս. Ա. Բուռնազյանը։

1949 թվականին ստեղծվել են հանրապետական ԴՕՍԱԱՖ, 1952 թվականին՝ ավիատեխնիկայի ակումբ, որը 1956 թվականին վերանվանվել է ավիացիոն սպորտային ակումբ։ 1971 թվականից ակումբին կից գործում է պատանի տիեզերագնացների դպրոցը։

Ավիացիոն սպորտային ակումբում ընդգրկված են սպորտի 12 վարպետներ։ 1965 թվականին ավիամոդելային սպորտի ԽՍՀՄ առաջնության մրցումներում Է. Քարամյանը, իսկ 1966 թվականին ավիացիոն բուհերի համամիութենական առաջնության մրցումներում Ա. և Հ. Բարսեղյան եղբայրները գրավեցին առաջին տեղը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • RCadvisor′s Model Airplane Design Made Easy, by Carlos Reyes, RCadvisor.com, Albuquerque, New Mexico, 2009. ISBN 9780982261323 {
  • The Great International Paper Airplane Book, by Jerry Mander, George Dippel and Howard Gossage, Simon and Schuster, New York, 1967. ISBN 0671289918
  • Model Aircraft Aerodynamics, by Martin Simons, Swanley: Nexus Special Interests, 1999. 4th ed. ISBN 1854861905
  • How to Design and Build Flying Model Airplanes, by Keith Laumer, Harper, New York, 1960. 2nd ed., 1970.
  • The Middle Ages of the Internal-Combustion Engine, by Horst O. Hardenberg, SAE, 1999. ISBN 0768003911
  • Model Airplane Design and Theory of Flight, by Charles Hampson Grant, Jay Publishing Corporation, New York, 1941.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617