Աստղացուցարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլանետարիում սարքը

Պլանետարիում կամ աստղացուցարան, անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երևույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք։

Տեղադրվում է սպիտակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները։

Իրականում օրեր և տարիներ տևող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։

Պլանետարիում է կոչվում նաև գիտալուսավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։

Առաջին պլանետարիումը կառուցվել է Մյունխենում 1925։ 1952 թվականին պլանետարիում է բացվել նաև Երևանում։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանետարիում սարքը նման է երկու գնդեր ունեցող հսկա մարզաքարի (կցագնդի)։ Յուրաքանչյուր գնդի կենտրոնում վառվում է չափազանց վառ մի լամպ։ Դրսից դրանքտեսանելի չեն, երևում են միայն ապակիներ, որոնք տասնվեց պրոյեկցիոն լապտերների օբյեկտիվներ են:Այդ օբյեկտիվներիտակ ամրացված են հարյուրից ավելի անցք ունեցող մետաղաթիթեղներ։ Որքն մեծ է անցքը, այնքան խոշոր ու վառ է ստացվում քաթանե գմբեթի` պլանետարիումի «երկնքի» վրա պատկերվող աստղը։

Սարքի գնդերից մեկը պատկերում է հյուսիսային կիսագնդի երկնքի համաստեղությունները, մյուսը` հարավային կիսագնդի համաստեղությունները։ Հատուկ էլեկտրաշարժիչը պտտում է սարքը, խոշոր գնդերը դանդաղորեն պտտվում են ու ցուցադրում աստղերի օրական շարժումը։ Սարքի մեծ կիսագնդերի միջև տեղակայված առանձին պրոյեկցիոն լապտերները ցույց են տալիս Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումը։ Այդ լապտերներից յուրաքանչյուրն ունի իր էլեկտրաշարժիչը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 320