Աստղակույտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլեյադաներ, բաց ցրված աստղակույտ, որում գտնվում են կապույտ տաք աստղեր, շրջապատված արտացոլող միգամածությամբ։

Աստղակույտեր, աստղային համակարգերի տարածված ձևերից, հանդիպում են ինչպես մեր Գալակտիկայում, այնպես էլ արտաքին գալակտիկաներում։ Աստղակույտերը միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։ Գոյություն ունեն երկու տիպի աստղակույտեր՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։

Բաց աստղակույտերը կազմված են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր աստղերից, իսկ գնդաձև աստղակույտերը մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր աստղերից։ Հայտնի են շուրջ 600 բաց և 120 գնդաձև աստղակույտեր, որոնց ընդհանուր հավանական թիվը Գալակտիկայում գնահատվում է համապատասխանաբար՝ 30000 և 250։ Աստղակույտերի աստղերը տարածության մեջ շարժվում են միևնույն մեծություն և ուղղություն ունեցող արագություններով։ Այս կարևոր կինեմատիկական առանձնահատկությունը բացահայտվել է մի քանի մոտագույն բաց աստղակույտերի (որոնք ստացել են շարժվող աստղակույտեր անունը) սեփական շարժումների ուսումնասիրությամբ։ Բաց և գնդաձև աստղակույտերը իրարից խիստ տարբերվում են ինչպես ֆիզիկական առանձնահատկություններով (աստղերի քանակ, զանգված, աստղային բնակչության բնույթ, չափեր և այլն), այնպես էլ տարածական բաշխման բնույթով։

Գնդաձև աստղակույտերը Գալակտիկայում կազմում են ոլորտային ենթահամակարգ, մինչդեռ բաց աստղակույտերը, ցուցաբերելով դեպի Գալակտիկայի հարթությունը ուժեղ կուտակման տենդենց, կազմում են հարթ ենթահամակարգ։ Այս վերջիև առանձնահատկության պատճառով էլ նրանց երբեմն կոչում են գալակտիկ աստղակույտեր։

Հայտնաբերումը և դասակարգումը[խմբագրել]

Աստղակույտերի, իբրև համակարգերի, զարգացման տեսությունը ստեղծել Է Վիկտոր Համբարձումյանը։ Բ. Մարգարյանը ցույց տվեց, որ բաց աստղակույտերի մի զգալի մասը (հետագայում կոչվեցիև Օ տիպի կույտեր) շատ երիտասարդ կազմություններ են և մեծ մասամբ՝ Օ տիպի աստղասփյուռների կորիզներ։ Բացի այդ, նա առաջարկեց աստղակույտերի նոր դասակարգում և հրատարակեց աստղակույտերի առաջին լուսանկարչական ատլասը։ Աստղակույտերի մորֆոլոգիական, կինեմատիկական, դինամիկական առանձնահատկությունների և նրանց աստղային բնակչության կազմի ու բնույթի ուսումնսւսիրությունները մեծապես նպաստեցին աստղերի էվոլյուցիայի մասին բյուրականյան պատկերացման մշակմանը։

Գրականություն[խմբագրել]

  • Паренаго П. П., Курс звездной астрономии, 3-е издание, переработанное и дополненное, Москва, 1954
  • Амбарцумян В. А., К вопросу о динамике открытых скоплений, Научные труды, т. 1, Ереван, 1960
  • Маркарян Б. Е., Атлас открытых звездных скоплений, Москва, 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png