Աստղադինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղադինամիկա, երկնային մեխանիկայի բաժին. զբաղվում է արհեստական երկնային մարմինների շարժման ուսումնասիրությամբ։

Ի տարբերություն դասական երկնային մեխանիկայի, աստղադինամիկան բացի նյուտոնյան ձգողական ուժերից, հաշվի է առնում նաև Երկրի մթնոլորտի դիմադրությունը, Արեգակի ճառագայթման ճնշումը, Երկրի մագնիսական դաշտում գործող ուժերը և արհեստական երկնային մարմինների կառավարման (նրանց վրա տեղադրված հրթիռային շարժիչների միջոցով) հետ կապված լրացուցիչ այլ ուժեր։ Վերջիններս հաշվի առնելու դեպքում բարդանում են շարժման հավասարումները և նրանց լուծումները պահանջում են նոր (հաճախ նաև թվային) մեթոդներ։ Աստղադինամիկայի յուրօրինակ խնդիրներից է ուղեծրի նախագծումը, որի նպատակն է արձակման ու կառավարման որոշակի պայմանների դեպքում ստանալ տվյալ առանձնահատկություններով շարժում։ Կարևոր է ուղեծրի փոփոխման խնդիրը՝ մարմնի մի ուղեծրից մյուսից անցնելու համար (էներգիայի նվազագույն ծախսմամբ, հնարավոր կարճ ժամանակամիջոցում և այլն)։ Այս խնդիրների հետ են կապված, օրինակ Երկիր-Մարս-Երկիր տիպի թռիչքները, արհեստական մարմնի վերադարձը Երկիր, վայրէջքը Լուսնի վրա։ Աստղադինամիկայի խնդիրներից են նաև արհեստական երկնային մարմինների շարժման տեսությունների մշակման, կոորդինատների տված համակարգի նկատմամբ արհեստական երկնային մարմնի կայունացումը, նրա պտտական շարժման նախագծումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Միրզոյան։ ՀՍՀ, հատոր 1, Ե., 1974, էջ 579։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 579