Առևտուրը և արհեստագործությունը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Հայաստանի քաղաքների առևտրական կապերի, միջազգային առևտրի մեջ նրանց՝ որպես առևտրական ճանապարհների վրա գտնվող կարևոր տարանցիկ կետերի ու հանգույցների, խաղացած դերի մասին պահպանվել են որոշ տեղեկություններ։ Հելլենիստական աշխարհի կարևորագույն տարանցիկ առևտրական ուղին, որ Պարսից ծոցից Տիգրիսյան Սելևկիայի, Տիգրիսի հովտի ու Զևգմայի վրայով տանում էր դեպի Անտիոք, անցնելիս է եղել Ծոփքի վրայով (նախկինում՝ Աքեմենյան շրջանում, այստեղով էր անցնում «արքայական ճանապարհ»-ը )։ Ծոփքի Արշամաշատ և Արկաթիակերտ քաղաքները այդ ճանապարհին կարևոր տարանցիկ կետեր էին։ Ծոփրի թագավորները հատում էին իրենց դրամները՝ հունարեն մակագրություններով[1]։

Արտաշատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական աշխարհի մյուս, հյուսիսային առևտրական տարանցիկ ուղու վրա խոշորագույն դեր էր խաղում Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատը։ Նա Էկբատանից՝ Ատրպաաականի Գանձակ քաղաքի վրայով եկող ու Արաքսի հովտով դեպի սևծովյան նավահանգիստները տանող տարանցիկ ուղու կարևորագույն հանգուացկետն էր և որպես այդպիսին՝ Անդրկովկասի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքը։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկածից դուրս է, որ լայն ծավալ ստացած միջազգային առևտուրը, իսկ էլ ավելի մեծ չափով՝ երկրի ներքին պահանջմունքները և հատկապես իշխող դասակարգի ու արքունիքի պահանջմունքները, պետք է խթանեին արհեստագործական արտադրության շատ ճյուղերի զարգացումը։ Սակայն մի կողմից պահպանված գրավոր աղբյուրների առանձնահատկության և մյուս կողմից՝ հայկական քաղաքների թույլ հնագիտական ուսումնասիրության հետևանքով, նյութական աղբյուրների սղության պատճառով է, որ այդ արտադրությանը, մասնավորապես մ.թ.ա. վերջին դարերի ժամանակաշրջանին վերաբերող ուղղակի տվյալները աննշան են։ Պետք է նշել, սակայն, որ ժամանակին անցկացված Վաղարշապատի պեղումները, մանավանդ Գառնիի ամրոցի և դամբարանադաշտի պեղումները, որոշակի նյութ են տալիս դատելու համար մ.թ. առաջին դարերի արհեստագործության և դրանով իսկ մի փոքր ավելի վաղ ընկած բուն հելլենիստական ժամանակաշրջանի արհեստագործության ընդհանուր նկարագրի մասին։ Այդ ուղղությամբ մեր գիտելիքների բազմապատկմանը անշուշտ կնպաստեն նաև այժմ սիստեմատիկորեն տարվող Արմավիրի պեղումները։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առայժմ գոյություն ունեցող հնագիտական և մատենագրական նյութերի հիման վրա աներկբայելիորեն կարելի է նշել հայկական քաղաքներում այնպիսի արհեստների գոյությունը, ինչպիսիք են մետաղագործությունը՝ իր տարատեսակներով, երկաթագործությունը, թերևս պողպատյա իրերի արտադրանքը, պղնձագործությունը, որոնց արգասիքն են պեղումների ժամանակ հայտնագործված զենքերը, աշխատանքային գործիքները, առօրյա կյանքը սպասարկող առարկաները և զարդերը, քարտաշությունն ու ընդհանրապես քարագործությունը, որոնց վկաներն են այլևայլ բերդերն ու շինությունները և նրանց պատկանող քարե նրբակերտ զարդերը, բրուտագործությունն իր ճյուղավորումներով, սկսած կավե մեծ ու փոքր անոթների արտադրանքից մինչև նրբին տերակոտյա քանդակները, արձանագործությունը, ապակեգործությունը, փայտամշակման գործը, ոսկրագործությունը, ջուհակությունը, ոսկերչությունը և այլն։

Սրանց գոյության պերճախոս վկաներն են, ինչպես ասվեց, պեղումներով հայտնաբերված բազմաթիվ իրերը, որոնց թվում, շարքային արտադրանքի զանգվածի մեջ, հաճախ հանդիպում են այնպիսի բարձրարվեստ շինվածքներ, որոնք խոսում են թե՛ Հայաստանում ամենահին կուռ արհեստագործական ավանդույթների գոյության, թե՛ հելլենիստական շրջանում այստեղ ձեռք բերված բարձր մակարդակի մասին։

Համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսուհանդերձ, տվյալների սղությունը և յուրատեսակությունը թույլ են տալիս անհրաժեշտ չափով բացահայտելու արհեստագործության սոցիալական նկարագիրը, հատկապես դատելու համար, ասենք, այդ արտադրության մեջ ստրուկների մասնակցության չափերի մասին, Հայաստանի պայմաններում նրանց աշխատանքի շահագործման առանձահատկությունների մասին՝ հելլենիստական աշխարհի մյուս երկրների համեմատությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Я. А. Манандян, О торговле и городах Армени, изд. 2-е, էջ 30 և հաջ.