Առաձգականության մոդուլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաձգականության մոդուլներ, նյութի առաձգական հատկությունները բնութագրող մեծություններ են։ Առաձգական մարմնի փոքր դեֆորմացիաների դեպքում, երբ կիրառելի է Հուկի օրենքը, լարումների և դեֆորմացիաների միջև կախումը գծային է։ Առաձգականության մոդուլները համեմատականության գործակիցներ են այդ առնչություններում։ Առաձգականության մոդուլների ֆիզիկական իմաստը բացահայտվում է առաձգական մարմնի լարված վիճակների հիմնական տարրական տեսակների (միակողմանի նորմալ լարում, մաքուր սահք, համակողմանի նորմալ լարումներ) ուսումնասիրմամբ։

Յունգի մոդուլը[խմբագրել]

Պարզ ձգման (սեղման) ժամանակ առաջացող a միակողմանի նորմալ լարմանը համապատասխանում է ձգման ուղղությամբ երկայնական առաձգականության մոդուլը՝ E (Յունգի մոդուլ)։ Այն հավասար է a նորմալ լարման և լարման գործադրման ուղղությամբ վերջինիս հետևանքով առաջացող e հարաբերական երկարացման հարաբերությանը՝ E= a/e, և բնութագրում է ձգման դեֆորմացիային դիմադրելու նյութերի ունակությունը։ Մաքուր սահքի լարվածային վիճակին, որի դեպքում երկու փոխուղղահայաց հարթակներով ազդում են միայն т շոշափող լարումները, համապատասխանում է G սահքի մոդուլը։ Այն հավասար է т շոշափող լարման և հարթությունների միջև ուղիղ անկյան աղավաղման չափը որոշող γ սահքի անկյան հարաբերությանը՝

G=т / γ 

որը արտահայտում է ձևի փոփոխությանը դիմադրելու նյութի ունակությունը (ծավալի պահպանումով)։


Հիդրոստատիկական ճնշման ժամանակ առաջացող a նորմալ համակողմանի լարմանը համապատասխանում է ծավալային սեղման մոդուլը։ Այն հավասար է նորմալ լարման և հարաբերական ծավալային սեղման հարաբերությանը․

K=a / Δ

որը բնութագրում է ձևի փոփոխությամբ չուղեկցվող ծավալի փոփոխությանը դիմադրելու նյութի ունակությունը։

Պուասոնի գործկից[խմբագրել]

Նյութի առաձգական հատկությունները բնութագրող հաստատուն մեծություններից Է Պուասոնի գործակիցը՝ v-ն, որը հավասար է е՜ հարաբերական լայնական սեղմման բացարձակ արժեքի և е հարաբերական երկայնական երկարացման հարաբերությանը, այսինքն՝

v = |e՜| / e։

Առաձգականության մոդուլները համասեռ մարմինների համար[խմբագրել]

Համասեռ իզոտրոպ մարմնի համար առաձգականության մոդուլները միևնույնն են բոլոր ուղղություններով։ E, G, К և v հաստատունները կապված են միմյանց հետ հետևյալ առնչություններով․

G=E / 2(1+v)
K=E / 3(1-2v)

Առաձգականության մոդուլները անհամասեռ մարմինների համար[խմբագրել]

Անիզոտրոպ նյութի առաձգականության մոդուլների թիվը կախված է նյութի կառուցվածքից։ Առաձգական հատկությունների տեսակետից սիմետրիայից զուրկ անիզոտրոպ մարմնի առաձգականության մոդուլները 21-ն են։ Սիմետրիայի առկայության դեպքում դրանց թիվը կրճատվում է։ Առաձգականության մոդուլները որոշում են փորձնականորեն։ Դրանք խիստ հաստատուն մեծություններ չեն, այլ կախված են նյութի քիմ․ բաղադրությունից, նախնական մշակումից և ջերմաստիճանից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png