Աշտարակ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Աշտարակը» Խորհրդային Հայաստանում լույս տեսնող շրջանային թերթ էր։ Եղել է ՀԿԿ Աշտարակի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը։ Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931-35թթ.) «Այգեգործ կոլտնտեսական» (1956-62 թթ.) և «Արագած» (1963-72 թթ.) անուններով։ Հրատարակվել է 1931 թվականի հոկտեմբերի 31-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները և նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները' 90-ականների կեսը։ Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Լուսաբանել է Աշտարակի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը։ Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի Աշտարակի շրջհրատի տպարանում։ Նրա երկարամյա խմբագիրն է եղել Կ.Ս.Նիկողոսյանը։ Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ Վարդգես Պետրոսյանը,Ժիրայր Նորայրի Ավետիսյանը, Գևորգ Էմինը, Մուշեղ Գալշոյանը, Արևշատ Ավագյանը, Ղուկաս Սիրունյանը և այլոք։ Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը։ Հայտնի է եղել Քարաբաղնիս երգիծական էջը։ Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև Նորայր Զորյանը, Արտավազդ Նազարյանը, Սերժ Մանուկյանը, Առաքել Ջրաղացպանյանը,Նորայր Ղոնաղչյանը, Վահան Ամատունին, Համլետ Միքաելյանը, Նվեր Ինջիղուլյանը, Սաթենիկ Զորյանը, Միշա Ոսկանյանը և այլոք։ Հիմնականում խմբագրությունն ունեցել է իր առանձին շենքը' Աշտարակ քաղաքի կենտրոնում Գր. Գրիգորյան փողոցի համար 146 հասցեում։ 1988 թվականի տվյալներով թերթն ունեցել է 6000 տպաքանակ, տպագրվել է օֆսեթ եղանակով։

Տես նաև[խմբագրել]