Ավարտել է Օդեսայի կոմունալ և քաղաքացիական շինարարության ինստիտուտը (1932)։ 1932-1935 թվականներին աշխատել է Բաթումում (1934-1935 թվականներին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ)։ 1935 թվականին փոխադրվել է Մոսկվա։ Երկար տարիներ աշխատակցել է Ա․ Շչուսևին։ 1960 թվականից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական-հատակագծային խոշոր արվեստանոցներից մեկը։ Գործերից են Մոսկվայում՝ բարձրաբերձ բնակելի տուն Ապստամբության հրապարակում (1950-1954, նախագիծը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1949), Կրեմլի Համագումարների պալատը (1959-1961, լենինյան մրցանակ, 1962), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-1969)՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի շենքերի համալիրով (1969), «Հոկտեմբեր» կինոթատրոնով (1967), խանութներով ու ռեստորաններով, առողջարանային համալիր Պիցունդայում (1962-1967), ԽՍՀՄ տաղավարը Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում (1965-1967, բոլորն էլ՝ ճարտարապետ Մ․ Պոսոխինի և ուրիշների հետ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 653)։