Աշխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշխեն թագուհիից)

Աշխեն (նաև՝ սուրբ Աշխեն, ծ. և մ. թթ. անհտ), 4-րդ դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։

Աշխենը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Ա Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ Խոսրովիդուխտի, ամենանայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ հայուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։

Առաքինազարդ թագուհին կյանքի վերջում հետևելով ամուսնուն` թողնում է պալատական անհոգ կյանքը և մինչև մահանալը ճգնական կյանքով ապրում է Գառնի ամրոցում։ Հայ Եկեղեցին Տրդատ Գ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։

Գրականություն[խմբագրել]

  • Յայսմավուրք, ԿՊ, 1730, էջ 323։
  • Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, 3 հրտ., Երևան, 1997։

Աղբյուր[խմբագրել]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png