Աշխատաշուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշխատանքի շուկաից)
Աշխատատեղերի հայտարարություններով ցուցատախտակ Շենժենում

Աշխատաշուկա (աշխատանքային շուկա), տնտեսական և սոցիալական բարդ ենթահամակարգ։ Աշխատաշուկայի վերաբերյալ հիմնական մոտեցումները ելնում են աշխատուժի առաջարկի և պահանջարկի շարժի գնահատությունից, առկա ազատ աշխատատեղերի և աշխատանք փնտրող անձանց թվաքանակի հարաբերությունից։ Գործազուրկների մասին տվյալները դիտարկվում են որպես աշխատաշուկայի հատկանիշ։ Որոշ մոտեցումներում ընդգծվում են լրիվ զբաղվածության անհրաժեշտությունը և ժամանակավորապես աշխատանքից դուրս մնացած անձանց՝ աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության սահմանադրական իրավունքի ապահովումը։ Աշխատաշուկայի ներգործությունն արտադրական ակտիվության և աշխատանքի որակի վրա սպասվում է միայն զբաղվածների վրա գործազուրկների «ճնշման միջոցով»։

Աշխատանքի շուկան՝ դա աշխատանքի առաջարկի և պահանջարկի շուկայական հարաբերությունների համակարգն է, որի միջոցով կարգավորվում են գործատուների և աշխատողների աշխատանքային հարաբերությունները, կապված աշխատանքի տեղավորման, զբաղվածության, աշխատանքի վարձատվության, աշխատանքային պայմանների և այլ աշխատանքային խնդիրների հետ։ «Աշխատանքի շուկա» հասկացությունն առաջին անգամ կիրառվել է Կարլ Մարքսի կողմից «Կապիտալ» աշխատության մեջ և բնորոշվել, որպես ապրանքային շուկայի հատուկ ստորաբաժանում։ Սակայն տնտեսագիտության մեջ կան իրարամերժ տեսակներ «աշխատանքի շուկա» կամ «աշխատուժի շուկա» հասկացությունների վերաբերյալ։ Աշխատանքի շուկայի տեսության զարգացման գործում խոշոր ներդրում կատարած դասական տնտեսության և արժեքի աշխատանքային տնտեսության հիմնադիրները Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոն դեռևս 18-19-րդ դարերում հիմնավորեցին այն գաղափարը, որ աշխատանքը հանդիսանում է ապրանք կամ առուվաճառքի առարկա։ Սակայն հետագայում Կարլ Մարքսը ապացուցեց, որ աշխատանքը չի կարող ապրանք հանդիսանալ, քանի որ շուկայում իրացվում է ոչ թե աշխատանքը, այլ աշխատանքի ունակությունը կամ աշխատուժը, որի կրողն է վարձու աշխատողը։ Դեռևս 1919 թվականին Վերսալում ընդունված Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համաձայն աշխատանքը ապրանք չի հանդիսանում։ Սակայն արևմտյան տնտեսագիտական գրականության մեջ, ինչպես նաև ԱՊՀ երկրներում լայնորեն կիրառվում է «աշխատուժի շուկա» հասկացությունը, որի տակ հասկացվում է և′ աշխատուժի շուկա, և աշխատատեղերի շուկան։ Աշխատանքի շուկայի գործունեությունը սերտորեն կապված է այլ շուկաների գործունեության հետ, այդ թվում կապիտալի և հողի, որտեղ ընկերությունները ձեռք են բերում անհրաժեշտ ռեսուրսները, ու ապրանքային շուկայի հետ, որտեղ իրացվում են ապրանքներն ու ծառայությունները։

Շուկայի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկան ունի որոշակի առանձնահատկություններ՝

  • աշխատանքի շուկային կարևորագույն հատկանիշն այն է, որ վաճառվող և գնվող ապրանքը յուրահատուկ է, և դա գործող աշխատուժն է և նրա աշխատանքային հնարավորությունների ու կարողությունների իրացումը, որը կախված է նրա աշխատանքի արդյունավետությունից և խթանումից։ Փաստորեն աշխատանքային ծառայությունները ոչ թե գնվում են որպես սեփականություն, այլ վարձվում են որոշակի ժամանակահատվածի ընթացքում և որոշակի պայմաններով։
  • ապրանքային շուկայում յուրաքանչյուր կողմը շահագործված է տվյալ ապրանքն իրացնելու հնարավոր առավելագույն գնով։ Քանի որ աշխատանքի շուկայում աշխատուժի վաճառքն իրականացվում է աշխատուժի սեփականատիրոջ և այն գնող գործատուի անմիջական շփումների միջոցով, ապա այն պայմանավորված է ոչ միայն աշխատուժի գնով, այլև ոչ տնտեսական գործոններով։ Այդ գործոնների թվին են դասվում ֆիզիկական գործոնները, այդ թվում աշխատանքային շեղման վտանգը կամ աշխատանքային պայմանները և միջավայրը, սոցիալական գործոնները՝ աշխատանքի հեղինակությունը, ղեկավարության դիրքորոշումը, վերապատրաստման և առաջխաղացման հնարավորությունները։
  • աշխատաշուկայում աշխատանքի գինը՝ աշխատավարձն է, սակայն աշխատանքի տնտեսագիտական տնտեսության մեջ դրա տակ հասկացվում է վարձատվության դրույքաչափը (w) կամ աշխտանքային մեկ ժամվա գինը։ Զարգացած երկրներում ժամային վարձաչափը՝ դա այն գումարն է, որ աշխատողը կարող է կորցնել մեկ ժամում իր ինքանակամ բացակայության դեպքում։ ՀՀ-ում և ԱՊՀ այլ պետություններում նման մոտեցման կիրառումը կապված է մի շարք դժվարությունների հետ, քանի որ վիճակագրության և աշխատավարձի վճարման պարբերականության մեջ կիրառվում է ամսական աշխատավարձի ցուցանիշը։
  • աշխատանքային շուկայի առանձնահատկություններից է նաև աշխատանքային զբաղվածության երկարաժամկետ բնույթը։
  • աշխատանքի շուկայի հաջորդ հատկանիշն է՝ աշխատանքների և աշխատողների որակական բնութագրերի ծայրաեղ բազմազանությունը /տարիք, սեռ, կրթություն, փորձ, մոտիվացիա/։

Շուկայի վրա ազդող գործոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկայի վրա ազդեցություն են գործում երեք կարևոր գործոններ՝

  • շուկայական
  • ինստիտուցոնալ
  • սոցիալական

Շուկայի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկայի գործունեության արդյունքում, մի կողմից, գործատուները արտադրում են ապրանքներ և իրականացնում ծառայություններ, իսկ մյուս կողմից, աշխատողները, վաճառելով աշխատուժը, ապահովում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ դրական միջոցները։Աշխատավարձն այս դեպքում արտահայտում է աշխատանքի գինը։ Սակայն աշխատավարձի չափը պայմանավորված է մի շարք գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ շուկայում աշխատանքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, աշխատավարձի դրույքաչափերի ձևավորման մոդելով, աշխատանքի ազգային և ռեգիոնալ շուկաների առանձնահատկություններով։ Աշխատանքի շուկան ըստ տնտեսության ոլորտների և ճյուղերի, գործունեության ձևերի և տեսակների իրականացնում է հասարակական աշխատանքի բաշխումը և վերաբաշխումը։

Շուկայի բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկայի բաղադրամասերը հետևյալներն են՝

  • աշխատանքի շուկայի սուբյեկտները
  • աշխատանքի շուկայի սուբյեկտների հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը և տնտեսական ծրագրերը
  • աշխատանքի շուկայի գործունեության մեխանիզմը
  • գործարկությունը և դրա հետ կապված սոցիալական վճարներն ու նպաստները
  • աշխատանքի շուկայի ենթակառուցվածքները

Աշխատանքի շուկայի բաղադրամսաերի ամբողջությունն ուղղված է աշխատուժի առաջարկի և պահանջարկի, բոլոր սուբյեկտների շահերի հաշվեկշռվածության ապահովմանը։

Շուկայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկայի տեսակները հետևյալներն են՝

  • արտաքին կամ տերիտորիալ շուկա
  • ներքին կամ ներգորխարանյին շուկա

Շուկայի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային շուկայի ձևերն են՝

  • ավանդական
  • ճկուն

Ոչ շուկայական գործոնների ազդեցությունն աշխատանքի շուկայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի շուկայում գործում են ուժեր, որոնք ձգտում են թույլ չտալ, որպեսզի աշխատավարձի դրույքը հավասարակշիռ վիճակում լինի։ Այսպիսի ուժերից մեկը արհմիություններն են, որոնք իրենցից ներկայացնում են աշխատողների միություններ և ազդեցություն են գործում առաջին հերթին աշխատանքի շուկայի առաջարկի վրա։ Դա տեղի է ունենում որկու ուղիով։ Նախ, միությունների մեծ մասը գործում է աշխատողների ու գործատուների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում, որոնք անվանվում են կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր։ Պայմանագրերն ազդում են աշխատանքի առաջարկի վրա , բերելով դրանց հորիզոնական դիրքի։ Ոչ ոք չի կարող ստանալ ավելի կամ պակաս այն աշխատավարձից, որը նախատեսված է պայմանագրով։

Աշխատանքի ներքին շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ներքին շուկան՝ դա մեկ ձեռնարկության շրջանակներով սահմանափակված սոցիալ-աշխատանքային հարաբերությունների համակարգ է, որտեղ աշխատավարձը և աշխատողների տեղաբաշխումը որոշվում է տվյալ ձեռնարկության հատուկ վարչական մեթոդներով և կանոններով։ Աշխատանքի ներքին շուկաներն ունեն մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ, դրանք են՝

  1. ներքին շուկայում որոշ աշխատողների աշխատավարձի դրույքի համեմատական անկախ վիճակը աշխատանքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից, որն առկա է նմանատիպ աշխատանքների համար արտաքին շուկայում,
  2. ավելի բարձր պաշտոններում ներգրավվում են ձեռնարկության աշխատողները, ովքեր մինչ այդ զբաղեցնում էին ավելի ցածր դիրք կարիերայի սանդղահարթակում,
  3. ձևավորվում են երկարաժամկետ փոխհարաբերություններ գործատուների և աշխատողների միջև,
  4. դրական կախվածություն աշխատավարձի և ձեռնարկությունում ծառայելու տևողության միջև, որպես աշխատողի տարիքից և դիրքից ելնելով աշխատանքի վարձատրման համակարգ։

ՀՀ աշխատաշուկա 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ staff.am կարիերայի հարթակի 2022 թվականի ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության՝ ՀՀ աշխատաշուկան գրանցել է 40% աճ 2021թ. համեմատ։ Փոփոխվել է մարզերում հաստիքների ակտիվության ցուցանիշը, Գյումրիում աշխատանքների տոկոսային հարաբերակցությունը 10,4%-ից դարձել է 14,2% 2021թ. վիճակագրության հետ համեմատած։ Վանաձորում և Իջևանում նույնպես 2022 թվականին գրանցվել է աշխատանքների քանակի աճ՝ ըստ վերոնշյալ վերլուծության։

Գործատու կազմակերպությունների կողմից ամենապահանջված մասնագիտություններն են՝

  1. Ծրագրավորում,
  2. Վաճառքի սպասարկում և կազմակերպում,
  3. Բանկային, վարկային գործ,
  4. Մարքեթինգ, գովազդ,
  5. Հաշվապահություն, հաշվետարություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Avetisyan, Luiza (2024 թ․ հունվարի 22). «ՀՀ Աշխատաշուկա 2023 | StaffMedia». www.staff.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mаркс К., Энгельс Ф.Соч.Т.23.с.728
  • Костин Л.А.Российкий рынок труда.Вапросы теории, истории,практики.,М., 1998г.С11.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատաշուկա» հոդվածին։