Անտոն Ռուբինշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Գրիգորևիչ Ռուբինշտեյն

Անտոն Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Анто́н Григо́рьевич Рубинште́йн, 1829 - 1894), ռուս դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ։ Ծագումով՝ հրեա։ Ռուբինշտեյնը ռուսական դաշնամուրային կատարողական դպրոցի հիմնադիրն է։

Դաշնամուր նվագել սովորել է մոր, ապա՝ Ա․Ի․Վիլլուանի մոտ։ Երաժշտական տեսական առարկաները՝ Բեռլինում, Զ․ Դենի մոտ։ 1840 - 43-ին համերգներ է տվել Եվրոպայի քաղաքներում։ 1844 - 1848-ին ապրել է Բեռլինում և Վիեննայում, ծանոթացել է Ֆ․ Մենդելսոնի, Ֆ․ Լիստի հետ, որոնք նրա ոճի ձևավորման վրա թողել են որոշակի ազդեցություն։

Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել իբրև դաշնակահար և դիրիժոր, ծավալել հասարակական լայն գործունեություն։ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Պետերբուրգում հիմնվել են՝ Երգեցիկ ակադեմիան (1858), Ռուսական երաժշտական ընկերությունը (1859), Ռուսաստանի առաջին կոնսերվատորիան՝ Պետերբուրգում (1862), որի տնօրենն ու պրոֆեսորն էր 1862 - 1867 և 1887 - 1891։ Դասավանդել է դաշնամուր, ստեղծագործություն, գործիքավորում, ստեղծել և վարել դաշնամուրային երաժշտության պատմության դասընթացը (1887 - 1888), աշակերտներից էր Պ․ Ի․ Չայկովսկին։

1854 - 1858-ին և 1872 - 1873-ին հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում, ձեռք բերել XIX դ․ 2-րդ կեսի խոշորագույն դաշնակահարի համբավ։ Մեծ հռչակ են ստացել Պատմական համերգները (1885 - 1886) Ռուսաստանում և Եվրոպայի խոշորագույն քաղաքներում․ 7 երեկոյի ընթացքում Ռուբինշտեյնը ցուցադրել է դաշնամուրային երաժշտության զարգացման ուղին՝ սկզբնավորումից մինչև ժամանակակից արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների երկերը։

Գրել է 17 օպերա՝ տարբեր ոճերով, կենցաղային՝ «Վաճառական Կալաշնիկովը» (1879), պատմահերոսական՝ «Կուլիկովյան ճակատամարտը» (1850), «Մակկավեյներ» (1874), պատմական՝ «Ներոն» (1876), կոմիկական՝ «Ավազակների մեջ» (1883), հոգևոր՝ «Սուլամիթ» (1883), «Մովսես» (1892), քնարական՝ «Ֆեռամորս» (1862), «Դև» (1871) և 2 օրատորիա «Դրախտ կորուսյալ», 1856 ու «Բաբելոնյան աշտարակաշինություն», 1869, 6 սիմֆոնիա, ծրագրային սիմֆոնիկ երկեր, դաշնամուրի 5 կոնցերտ, կամերայինգործիքային երկեր, ռոմանսներ։

Ռուբինշտեյնի երաժշտական լեզվի հիմքը քաղաքային երգն է։ Նա ռուսական դաշնամուրային կոնցերտի ու ռոմանտիկական մանրանվագի հիմքն է դրել, ստեղծել ռուս, առաջին բազմամաս սիմֆոնիան, առաջին երգիծական վոկալ շարը (Իվան Կռիլովի առակների տեքստերով)։ Լավագույն երկերից են դաշնամուրի 4-րդ կոնցերտը և մանրանվագները, մի շարք ռոմանսներ, որոնց թվում՝ «Գիշերը» և «Պարսկական երգեր» շարը (Միրզա Շաֆիի բանաստեղծությունների գերմանական թարգմանության հիման վրա)։

Ռուբինշտեյնի գլուխգործոցն է «Դև» օպերան (ըստ Միխայիլ Լերմոնտովի)։ Հայաստանում «Դև»-ը առաջին անգամ ներկայացվել է Գյումրիում, 1924-ի ամռանը՝ Շարա Տալյանի գլխավորած օպերա-օպերետային խմբի ուժերով։ 1946-ին և 1965-ին բեմադրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ռուբինշտեյնի գրական երկերից են՝ «Ինքնակենսագրական հուշեր։ 1829—1889» (1889), «Երաժշտությունը և նրա ներկայացուցիչները» (1891), «Մտքեր և աֆորիզմներ» (1904), «Քաղաքականություն և կրոն» (1906)։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուբինշտեյնի անվան դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթ (1890, Պետերբուրգ

Գրականություն[խմբագրել]

  • Баренбойм Л․ А․, А․ Г․ Рубинштейн․ Жизнь, артистический путь, творчество, музыкально-общественная деятель ность, т․ 1 - 2, Л․, 1957 - 62․ Ա․ Բարսայան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png