Անտիցիկլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիլիի անտիցիկլոն
Հավայան անտիցիկլոն

Անտիցիկլոն (հունարեն՝ anti - «հակա» և ցիկլոն), մթնոլորտային բարձր ճնշման մարզ ներքնոլորտում։ Անտիցիկլոնը բնութագրվում է օդի շրջանաձև շարժումով. Հյուսիսային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքի, Հարավային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ։ Անտիցիկլոնը հորիզոնական ուղղությամբ տարածվում է մինչև մի քանի հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը։ Ամենաբարձր ճնշումը կենտրոնում է՝ 1025-1040 մբ (առանձին դեպքերում՝ մինչև 1070 Փ). Իսկ Դեպի ծայրամասեր նվազում է։ Քարտեզների վրա արտահայտվում է համակենտրոն փակ իզոբարներով։ Ա. առաջանում է Երկրի մակերևույթին մոտ և աստիճանաբար տարածվում ավելի մեծ հորիզոններ։ Առանձնացնում են ցածր և բարձր անտիցիկլոններ։ Ցածր անտիցիկլոնը տարածվում է մինչև 2-3 կմ բարձրություններ, բարձրն ընդգրկում է ամբողջ ներքնոլորտը և հաճախ հասնում է վերնոլորտ։ Զարգացման սկզբում անտիցիկլոնը լինում է ցածր, շարժվում է 30- 40 կմ/ժ միջին արագությամբ։ Բարձր անտիցիկլոնը դանդաղաշարժ է։ Վերին շերտերում քամին անտիցիկլոնում փչում է իզոհիպերի երկայնքով, իսկ մերձերկրյա շերտերում թեքվում է մինչև 30 և ավելի աստիճան՝ դեպի ցածր ճնշումը. տեղի է ունենում օդի հոսք կենտրոնից դեպի ծայրամաս, որի հետևանքով էլ Անտիցիկլոնում առաջանում են վարընթաց հոսանքներ։ Անտիցիկլոնի կենարար մասում դիտվում են թույլ քամիներ, որոնք ծայրամասերում ուժեղանում են։ Անտիցիկլոնի ժամանակ մեծ մասամբ դիտվում է պարզ և չոր եղանակ։ Հայաստանի տարածքի եղանակային ռեժիմի վրա անտիցիկլոններն ազդում են (46 %-ով) առավելապես ձմռանը, երբ տարածք են թափանցում սիբիրական անտիցիկլոնի ճյուղերը և պարզ անամպ եղանակին, ձնածածկույթի դեպքում, առաջացնում սառնամանիքներ (մինչև -42 °C, հաշվարկայինը՝ -46 °C, Պաղակն գ., Շիրակի մարզ), որոնց հետևանքով Հայկական լեռնաշխարհում առաջանում է տեղական բարձր ճնշման դաշտ։ Ամռանը անտիցիկլոններում դիտվում են բարձր ջերմաստիճաններ, լինում են երաշտներ՝. Դիտվում են նաև հյուսիս-արևմուտքից (Կարսի Անտիցիկլոն) և արևմուտքից թափանցող Անտիցիկլոններ։ Հայաստանի տարածքում Անտիցիկլոնի տևողությունը երբեմն մինչև 1 ամիս է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիցիկլոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 454
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։