Անտառաշատ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անտառաշատ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Առաջին հիշատակում13-րդ դար
Այլ անվանումներՏորթնի, Տորթն
Մակերես16,48 կմ²
ԲԾՄ1280 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն163[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառաշատցի
Ժամային գոտիUTC+4
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Անտառաշատ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Անտառաշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Անտառաշատ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տորթնի անունով։ Ենթադրվում է, Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ։ Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից։ Անտառաշատ է վերանվանվել 1949 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Աճանան լեռան հարավ-արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 1250-1300 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման հստակ տարեթիվ հայտնի չէ։ Մինչև 1949 թ. գյուղը կոչվում էր Տորթնի։ Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է XIII դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ։ Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թ. հունիսի 29-ի հրամանագրով։

Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում։ 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թ. հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը։ 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով)։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ։ 2008 թ. նոյեմբերի 13-ից Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարն է Արսեն Դավթյանը։

Մասնակցությունը պատերազմներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները տարբեր ժամանակներում մասնակցել են 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմին, 1939-1945 թվականներին տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային պատերազմին, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին։

Տորթնի գյուղից Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության կողմից մասնակցել է 30 հոգի, որից 20-ը զոհվել է։ Արցախյան ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը զոհվել են։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Անտառաշատի մշտական բնակչությունը կազմել է 163, առկա բնակչությունը՝ 114[2]։ Գյուղը հիմնականում բնակեցված է եղել հայերով։ 19-րդ դարի վերջում ապրել են նաև ադրբեջանցիներ[3][4]։ Ստորև ներկայացված է Անտառաշատ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 16 277 197 208 167 106 78[5] 131[6] 163[2]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Երևան, 1986 թ.) 1932-1980 թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա)։ Կա դպրոցի տիպային շենք։ Այսօր դպրոցը չի գործում։ Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 283
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 555
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառաշատ (Սյունիքի մարզ)» հոդվածին։