Հայաստանի անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլիջան ազգային պարկի անտառները։

Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակով։ Հայաստանի անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով։ 2018 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.1 %-ը՝ 460 հազար հեկտար, որից 334.0 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ են։ Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների՝ Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար, կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը։ Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարում են Հայաստանի գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունները[1]։

Հայաստանի անտառները լեռնային են, հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում։ Կենտրոնական շրջանը գրեթե անտառներից զուրկ է, կան միայն անտառների կղզյակներ կամ չորասեր նոսրանտառներ։ Հայաստանում գերակշռում են լայնատերև անտառները։ Անտառները տարածված են 500-2400 մ բարձրությունների վրա։ Առանձնացնում են չորս հիմնական տիպեր՝ կաղնուտներ, հաճարկուտներ, բոխու անտառներ ու չոր նոսրանտառներ։

Հայաստանի անտառները աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։ Անտառներն ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։ Մարդու կողմից գերշահագործումը և Բնական միջավայրի բացասական հետևանքները ժամանակի ընթացքում զգալիորեն վնասել են Հայաստանի անտառային էկոհամակարգերը։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով Հայաստանի անտառների մեծ մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք ծառեր են[2]։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անտառների ծառերի տեսակների բազմազանությունը անցել է ձևավորման երկարատև և բարդ ուղի։ Հնէաբուսաբանական տվյալների համաձայն՝ Հայաստանի տարածքում տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների նստվածքային ապարներում հայտնաբերվել են շուրջ 170 տեսակ։ Այդ տեսակներից ժամանակակից անտառաների տեսակների բազմազանության մեջ պահպանվել են միայն 47-ը։ Հայաստանի ներկայիս դենդրոբազմազանությունը ձևավորվել է [[երրորդային ]]ժամանակաշրջանում՝ միոցենում, այդ թվում նաև անտառի հիմնական զանգվածները։ Միոցենում անտառի տեսակների կազմը համալրվել է միջերկրածովյան տարածաշրջանից ներթափանցած տեսակներով։

Միոցենի վերջում արդեն հյուսիսից ներթափանցեցին բորեալ բուսականության տեսակները՝ թխկի սրատերև, բոխի սովորական, թխկի դաշտային, լորենի մանրատերև և այլն։ Տարածքները, որոնք զբաղեցված էին մշտադալար ասեղնատերև և լայնատերև տերևաթափ տեսակների անտառներով, ոչնչացան և փոխարինվեցին հարավից ներթափանցող քսերոֆիլ բուսատեսակներով։ Պլիոցենի կլիմայի ցամաքեցման հետևանքով անտառային բուսականության կազմից դուրս են մղվում խոնավասեր մերձարևաադարձային բույսերը և տարածվում տերևաթափ և ցրտադիմացկուն տեսակները՝ ընկուզենի հունական, հաճարենի, թխկի վրացական և այլն։ Ուշ պլիոցենյան սառցապատումների ազդեցությամբ ուժեղ կրճատել և աղքատացել են մշտադալար ենթանտառով անտառները, ընդարձակվել ավելի բարեխառն կլիմային բնորոշ անտառային և մի շարք այլ համակեցություններ։

Հետսառցադաշտային շրջանում դենդրոբազմազանության զարգացումը ընթացել է քսերոֆիտացման ճանապարհով, որի ժամանակ Ասիայից ներթափանցում են ավելի չորադիմացկուն տեսակները։ Հաջորդող կլիմայական փոփոխությունների հետևանքով ձևավորվում է Հայաստանի ներկայիս անտառային լանդշաֆտային էկոհամակարգերը։ Տարբեր հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ անթրոպոգենի վաղ շրջանում Հայաստանի ներկայիս տարածքի շուրջ 40%-ը եղել է անտառածածկ։ Անտառները տարածված են եղել 500-600 մետրից մինչև 1800-2000 մետր բարձրությունները։

Հետագայում կլիմայի ցամաքեցման հետևանքով անտառների ուղղահայաց տարածման սահմանը բարձրացել է՝ հյուսիսարևելքում հասնելով 2100-2200, Կենտրոնական շրջաններում՝ 2300-2400,  Սևանի ավազանում՝ 2400-2500 և Վայքում ու Զանգեզուրում 2500-2600 (2700) բարձրությունների[3]։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի արգելոց

Հայաստանի ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել անտառներով։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառների մնացորդները։ Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ։ Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ հայ ազգապետ Արամանյակի տնկած Սոսյաց անտառի մասին (մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կես)։ Երվանդ Դ արքան (մ.թ.ա. Ill դ. վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Բ թագավորի օրոք (332-338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակվել են պարիսպներով և բնակեցվել կենդանիներով ու թռչուններով։ Հայաստանի անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտարերկրյա արշավանքների ժամանակ[4]։

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին վերականգնվել են անտառային բազմաթիվ զանգվածներ, ստեղծվել են նորերը։ ՀԽՍՀ-ում առաջին անտառային տնտեսությունները հիմնադրվել են 1924-ին Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1924-1985-ին ստեղծվել են մոտ 115 հազար հա տնկարկներ։

1991-ին էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով գերհատվել են բազմաթիվ անտառներ։ Անտառային ֆոնդի զգալի տարածքներ տուժել են զանգվածային անթույլատրելի ծառահատումներից, կրճատվել են անտառածածկ տարածքները, ավելացել են տարահասակ ցածրարժեք անտառները, խախտվել է անտառի ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։

1993-ին ՀՀ անտառային ֆոնդը 460 հազար հա էր, որից 334,1 հազար հա-ն անտառածածկ տարածքներ էին, մոտ 50 հազար հա-ն՝ արհեստական։ ՀՀ Կառավարության 2005-ի որոշմամբ հաստատվել է Հանրապետության անտառի զարգացման ազգային ծրագիրը։ 2004-2009-ին պետական բյուջեի և տարբեր ծրագրերի հաշվին 30,5 հազար հա տարածքում կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» գործընկերային ֆոնդի հաշվին 2006-2009-ին տարբեր մարզերում հիմնվել է 1288 հա, իսկ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Գերմանիայի զարգացման բանկի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ) ֆինանսավորմամբ 2009-ին Լոռու մարզում ստեղծվել են 100 հա, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում՝ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հատկացումներով՝ Սյունիքի մարզում՝ 10 հա անտառամշակույթներ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009-ից Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր։ Անտառտնտեսության գիտաարտադրական հիմնահարցերը մշակվում են ՀՀ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մարզերի անտառածածկույթը %-ով[5]

Ըստ 1993 թվականի տվյալների անտառները կազմում էին Հայաստանի տարածքի 11,2%-ը կամ 334,1 հազ հեկտար։ Ներկայումս Հայաստանի ընդամենը 10-11%-ն է անտառածածկ։ Հայաստանի տարածքում անտառները բաշխված են խիստ անհավասարաչափ։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող անտառածածկը կազմում է ընդամենը 0,1 հա։ Գերակշռող մասը՝ ավելի քան 60%-ը տարածված է հյուսիսարևելյան, 35-38%-ը՝ հարավարևելյան հատվածում։ Հայաստանի անտառները միայն վերջին երկու հարյուր տարվա ընթացքում երկու անգամ ենթարկվել են գերհատումների։ 1930-50-ականներին տարեկան հատվում էր 450 հազար մետր խորանարդ բնափայտ։ Ըստ կարգի պետք է հատվեին ֆաուստային և հիվանդ ծառերը, բայց իրականում հատվում էին հիմնականում լավագույն ծառերը, իսկ լրիվությունն իջեցվում է 0,2-0,5-ի։ Հատումների երկրորդ ալիքը սկսվեց 1990-ական թվականներին կապված Հայաստանի էներգետիկ ճգնաժամի հետ[3]։

Անտառածածկ տարածքների միայն 8%-ն է ասեղնատերևավոր՝ 26,1 հազար հա, մնացած 308 հազար հա-ը կազմում են լայնատերև սաղարթավոր տեսակները։ Հայաստանում անտառների տարածվածությունը բաժանում են երեք հիմնական լեռնային գոտու մեջ։ Առաջին նախալեռնային անտառները տարածված են 550-1100 մ բարձրությունների վրա, ներառում են ցածրարտադրողական կաղնուտներ։ Երկրորդ՝ միջին անտառային գոտին տարածված է 1100-1700 մ բարձրությունների վրա, հաճարկուտները գտնվում են հյուսիսային թեքությունների, իսկ կաղնուտներըէ հավահայաց լեռնալանջերին։ Վերջին՝ վերին անտառային գոտին ներառում է 1700-2400 (2500) մետր բարձրությունները, այստեղ տարածված են կաղնու և հաճարենու ցածր լրիվությամբ և անբավարար ցուցանիշներով, ցածր արտադրական անտառները։

Պուշկինի լեռնանցի անտառները, Լոռի, Բազումի լեռնաշղթա

Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 311 հազար հեկտար, տարածքի մեծամասնությունը, մոտ 90%-ը կազմում են անտառային ֆոնդի տարածքները[3]։

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 459.9 հազ. հեկտար, որից անտառածածկ հողերը՝ 334.1 հազար հեկտար (11,2%)։ Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը[1]։ Հայաստանի անտառները պետական սեփականություն են։ Նշված անտառային հողերից 344,2 հազար հեկտարը կամ 74,8 տոկոսը գտնվում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության ներքո[6]։

Տարի Անտառային ֆոնդ (հազ․ հա․) Անտառապատ է (%)
1998 459,9 72,6
1999 367,6 77
2000 450,3 71,3
2001 447,2 72,6
2002 452,6 73,1
2010 459,9 72,6

Դենդրոֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենի հատապտղայինը Հայաստանում

Հայաստանի տարածքի ընդամենը 1/10-ը զբաղեցնող անտառները հարուստ են ծառերի ու թփերի՝ 118 ցեղի, 54 ընտանիքի պատկանող 323 տեսակներով։ Տեսակային կազմով ամենամեծաքանակը Զանգեզուրն է, ապա Հայաստանի կենտրոնական շրջանը և ամենավերջում Սևանի ավազանը[7]։ Այս տեսակներից 125-ը ծառեր են, 111-ը՝ թփեր, 30-ը՝ թփիկներ, 48-ը՝ կիսաթփեր և 9-ը՝ բնափայտավոր լիաններ։ Դրանք հնադարյան, քսերոֆիլ, բորեալ, անապատային և կովկասյան ֆլորաների ներկայացուցիչներ են։ Ամենահին տեսակները ծագել են պալեոգենում և ավելի վաղ դարաշրջանում։ Դրանք են՝ կենի հատապտղային, սոճի կովկասյան, գիհիներ, էֆեդրա բարձր և սովորական։ Երկրորդ խումբը մշտադալար լայնատերև տեսակներն են, որոնք են կովկասյան մրտավարդ, անդրկովկասյան դափնյակ, սովորական բաղեղ, հունական շրջահյուս և այլն։

Քսերոֆիլ տեսակները կազմում են տեսակների հիմնական մասը։ Դրանք են գիհիները, նեղատերև տանձենիները, վրացական թխկին, խնկենին, ֆենցլիի նշենին և այլն։ Մյուս խումբը անապատային ծագում ունեցող ծառաբույսերն են՝ ոլոռաթուփ, կարմրան, շորան և այլն։ Բուն կավկասյան տեսակներին են պատկանում տանձենին, արևելյան խնձորենին, բարձրալեռնային թխկին և այլն։ Անապատային ծագում ունեցող տեսակների պես այս խմբի տեսակները նույնպես մեծաքանակ չեն։ Բորեալ կամ հյուսիսային տարրերը անտառի հիմնական ծառատեսակներն են։ Այս խմբից են, օրինակ՝ արևելյան հաճարենին, կովկասյան բոխին, սրատերև և դաշտային թխկիները, անտառային բարդին և այլն։ Տեսակների կազմում են ներառվել նաև մի շարք աբորիգեն ծառեր և մի շարք պտղատու տեսակներ, որոնք շատ վաղուց ներմուծվել և աճեցվել են Հայաստանի տարբեր շրջաններում և հանդիպում են նաև այս տեսակների վայրիացած օջախները։

Տարածված 54 ընտանիքներից ամենատարածվածը վարդազգիների ընտանիքն է՝ 18 ցեղով և ավելի քան 100 տեսակով, երկրորդը բակլազգիներն են, ուռազգիները և այլ ընտանիքներ[3]։

Դենդրոֆլորայի տեսակների թվով ամենամեծ ներկայացվածություն ունեցող ընտանիքները
Ընտանիք Տաքսոն Կենսաձև
Ցեղ Տեսակ Ծառեր Թփեր Թփիկ և կիսաթուփ Լիան
Վարդազգիներ 18 102 58 31 12 1
Բակլազգիներ 8 24 1 17 6 -
Ուռազգիներ 2 20 16 4 - -
Ցախակեռասազգիներ 3 8 1 6 - 1
Դժնիկազգիներ 4 8 3 5 - -
Հաճարազգիներ 3 6 6 - - -

Էնդեմիկ և ռելիկտային տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դենդրոֆլորայում էնդեմիկ տեսակների ցուցանիշը կազմում է 9%, ներկայացված են 28 տեսակներով, որոնք պատկանում են 11 ցեղի և 5 ընտանիքի։ Ամենաբարձր ցուցանիշը վարդազգիների ընտանիքում է, տանձենի ցեղում ներկայացված է 20 տեսակ՝ համաշխարհային գենոֆոնդը ներկայացնող 60 տեսակներից․ այդ 20 տեսակից 12-ը էնդեմիկ են։ Էդնեմիկ տեսակների մեծամասնությունը հազվագյուտ և անհետացող տեսակներ են, զբաղեցնում են սահմանափակ արեալ և գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում[3]։

Դենդրոֆլորայի էնդեմիկների թիվը ցեղերում
Ցեղ Էնդեմիկների թիվ
Կտտկենի 1
Պայթակենի 1
Հաղարջենի 2
Նշենի 1
Չմենի 1
Սզնի 2
Տանձենի 12
Մասրենի 4
Մոշենի 2

Կովկասի ընդհանուր 42 ռելիկտային տեսակներից, Հայաստանում հանդիպում են 29 ցեղի 31 տեսակներ, որոնք աճում են ապաստաններում՝ հիմնականում երրորդական ռելիկտային ֆլորայի որոշակի օջախներում։ Հյուսիսարևեկյան շրջանում տարածված է 17 տեսակ, օրինակ՝ բաղեղ սովորական, լեռնավարդ կովկասյան, արջատխլենի և այլն, իսկ հարավարևելքում՝ Զանգեզուրում և Մեղրիում՝ 18 տեսակ՝ սոսի արևելյան, շրջահյուս հունական, բարդի եփրատի և այլն։ Ռելիկտային տեսակների մեծ մասը նույնպես գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[3]։

Կենսաէկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոճու անտառ Սևանա լճի

Հայաստանում ըստ կենսաէկոլոգիական առանձնահատկությունների և տնտեսական նշանակության, անտառների տեսակները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • գլխավոր կամ անտառկազմող,
  • երկրորդական կամ ստորադաս,
  • «լուսավոր» անտառների չորասեր և հազվագյուտ տեսակներ,
  • արժեքավոր թփեր,
  • վայրի պտղատուներ։

Գլխավոր կամ անտառկազմող տեսակները (հաճարենի, կաղնի, բոխի, սոճի) անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն ամենախոշոր ծառերն են, որոնք գրավում են առաջին շարահարկը և զբաղեցնում են մեծ տարածք։ Հիմնական անտառակազմող տեսակները ըստ նոր հաշվարկների կաղնուտները կազմում են 96,6, բոխուտները՝ 55,1, սոճուտները՝ 17,7 հազար հեկտար տարածություն։ Նշված խմբերը միասին կազմում են անտառածածկ տարածքների 86,6%-ը կամ 289,4 հազար հեկտարը։ Բնափայտի պաշարներով հաճարենին առաջին դիրքում է, ապա կաղնին է, բոխին և սոճին։ Անտառների մեկ հեկտարի միջին պաշարը 125 մետր խորանարդ է[3]։

Երկրորդական կամ ստորադաս տեսակները (արևելյան բոխի, թխկի, լորենի, կեչի, թեղի, հացենի և այլն) ստվերասեր են, խոնավասեր, զբաղեցնում են երկրորդ շարահարկը։

Լուսասեր և չորադիմացկուն տեսակները (գիհի, վրացական թխկի, Ֆենցլի նշենի, խնկենի և այլն) կազմում են «լուսավոր» նոսր անտառները։

Հազվագյուտ տեսակները զբաղեցնում են սահմանափակ տարածք կամ բուսաշխարհի հնագույն ներկայացուցիչներն են։ Դրանք բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • ասեղնատերևավորներ (կենի),
  • մշտադալար տերևավոր (թփային հասմիկ, մրտավարդ, դափնյակ, սովորական բաղեղ և այլն)
  • տերևաթափ (արևելյան սոսի, թաղարենի բոխատերև, սովորական մտրակակոթ և այլն) տեսակներ

Արժեքավոր թփերը (սովորական բռնչի, գերիմաստի, ցախակեռաս, դրախտածառ, դժնիկ և այլն) էվոլյուցիոն տեսակետից ավելի զարգացած են, քան ծառերը, և օժտված են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու մեծ ունակությամբ։

Վայրի պտղատուները (խնձորենի, տանձենի, սերկևիլենի, կեռասենի, նշենի, շլորենի, ընկուզենի, տխլենի, բալենի և այլն) աճում են բազմազան հողակլիմայական պայմաններում և տարբերվում են իրենց էկոլոգիական առանձնահատկություններով։ Միատեսակ ծառերից (օրինակ՝ կաղնուց) կազմված անտառները կոչվում են զուտ, տարբեր տեսակներից (օրինակ՝ կաղնուց և հաճարենուց) կազմվածները՝ խառը։

Ֆլորիստիկական մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անտառներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են Կովկասյան և Հայկական-իրանական մարզերին։ ՀՀ Կովկասյան մարզի մեջ մտնող ներկայիս անտառների հիմնական ծառատեսակները (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի և այլն) տարածվել են վերին միոցենում։ Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներն իրենց տեղը զիջել են տերևաթափ անտառներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և ցրտադիմացկուն այլ տեսակներ։

Հետսառցադաշտային ժամանակաշրջանում Հայաստանի անտառածածկը նոր փոփոխության է ենթարկվել։ Հայկական-իրանական մարզի (ՀՀ սահմաններում ընդգրկում է Միջին Արաքսյան գոգավորության հատակն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը, Զանգեզուրի հարավային մասը) անտառներն աչքի են ընկնում չորասեր բուսատեսակներով։ Երրորդական ժամանակաշրջանից հետո տուժել են չորասեր նոսր անտառները։ Առավել անտառածածկ են ՀՀ հյուսիսարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներն են (արևելյան հաճարենու գերակշռությամբ)։ Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու զուտ և խառը ծառուտները։ Զուտ կաղնու անտառները հիմնականում հարմարված են հարավային չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառը անտառները՝ արևմտյան և արևելյան լանջերին։ Հյուսիս-արևելյան մասի կաղնուտներում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները։ Կաղնու առավել տիպիկ անտառները տարածված են Լոռու մարզում։ ՀՀ հյուսիսում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառների ոչ մեծ տեղամասեր։ Ամենամեծը Գյուլագարակի և Շահալիի սոճուտներն են։ Հարավում անտառների համեմատաբար ընդարձակ տարածքներ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, նաև սզնի, ընկուզենի, հոնի, մրտավարդ, ծառանման տխլենի և այլն)։ Ապարանում, Բյուրականից հյուսիս, Սևանի լեռնաշղթայում, Արեգունու լճեզերքին, Վեդի գետի ավազանում, Վայքում պահպանվել են արևելյան կաղնու անտառների առանձին, փոքր կղզյակներ։ Հայկական լեռնաշխարհում հատկապես անտառածածկ են Արևելապոնտական լեռների հարավային և հյուսիսարևելյան, Հայկական Տավրոսի, Ներքին Տավրոսի հարավային, Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավանի դենդրոպարկ

Հայաստանի անտառները լեռնային են, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, հակաէրոզային, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիային նշանակություն։ Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում են օդի հարաբերական խոնավությունը, կարգավորում մթնոլորտային տեղումների քանակը, մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա։

Ըստ իրենց նպատակային նշանակության՝ Հայաստանի անտառները դասակարգվում են՝

  • պաշտպանական (ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա գտնվող, անտառների վերին և ստորին սահմանների 200 մ լայնությամբ տարածքի, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող, բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակայքի անտառները, որտեղ արգելվում են վերականգնողական հատումները),
  • հատուկ (բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված, քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիայի և առողջարարական, սահմանային, ռազմական, պատմական ն գիտական արժեք ներկայացնող, սանիտար, գոտիները պահպանող անտառներ, որտեղ սահմանափակվում և արգելվում են այդ տարածքների պահպանությանը չհամապատասխանող անտառօգտագործման ձևերը),
  • արտադրական (բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառներ)։

Հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտի հատված անտառները

Հայաստանի անտառային ոլորտում առկա են տարբեր խնդիրներ պայմանավորված անտառամերձ համայնքներում չքավորության և փայտանյութի պահանջարկի բարձր մակարդակի, ապօրինի անտառհատումների շարունակման, չհամակարգված անտառօգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ ընթացքի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարգավիճակի և կառուցվածքի անկատարության, ֆինանսական և մարդկային ռեսուրսների սակավության և այլ պատճառներով, ինչը հանգեցնում է ոչ արդյունավետ կառավարմանը, անտառների որակական և քանակական հատկանիշների նվազեցմանը։ Բացակայում են անհրաժեշտ կառուցվածքային մաիվորները, թույլ է համագործակցությունը անտառակառավարման և որոշումների կայացման մեջ համայնքների և տեղական բնակչության ներգրավման հարցերում[8]։

Անկանոն անտառահատումները և անտառպաշտպանական միջոցառումների բացակայությունը անտառներում առաջացրել են կլիմայական պայմանների փոփոխություն, ինչպես նաև հրդեհավտանգության բարձրացմանը (բարձր ջերմաստիճան, առատ լույս, հատումների հետևանքով թափված ճյուղեր և տերևներ)։ Հայաստանի անտառային պաշարների դեգրադացիայի գործոններից են նաև վնասատուներն ու հիվանդությունները, գերարածեցումը, հողմերն ու երաշտը։ Սոցիալական պատճառների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով կատարվում են անօրինական անտառհատումներ։ Անտառների գերշահագործումը, անկանոն հատումները, արածացումը, խորհունձը, հողազավթումները կրճատում են անտառային տարածքները, տեղի է ունենում տեսակային կազմի, կառուցվածքի փոփոխություններ։

Բնական և մարդածին գործոնները նվազեցնում են անտառակազմող արժեքավոր տեսակների թիվը, իսկ անտառների զանգվածային ոչնչացումը խախտում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը։ Տարածքների կրճատումը հանգեցնումէ  բուսական և կենդանական պոպուլյացիաների կրճատմանն ու մասնատմանը[8]։

Ներկայումս Հայաստանի բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է, համեմատաբար դժվարամատչելի հասուն և գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության և դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից։

Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով Հայաստանի անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով Հայաստանում կատարվում են արհեստական անտառտնկումներ։

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անտառների և անտառային հողերի կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները կարգավորում է Հայաստանի անտառային օրենսգիրքը (2005)[9]։

Իսկ անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով, անտառային օրենսգրքով, հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով[9]։

2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը», որն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը[10]։ Փոփոխության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո։ Անտառային ոլորտի բարեփոխումները կիրականացվի 3 տարվա ընթացքում՝ ինստիտուցիոնալ օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև կառուցվածքային-կազմակերպչական զարգացման միջոցով[11][12]։

2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անտառային ֆոնդի վիճակը բնութագրել է որպես «աղետալի»[13] և ընդգծել խնդիրների լուծման անհրաժեշտությունը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 Այվազյան, Հովհաննես, ed. (2012). «Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան. ISBN 9785897000401.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վարդանյան, Ժիրայր Հմայակի (2005). Ծառագիտություն։ Դասագիրք. ՀԳԱ. էջեր 259–303. ISBN 9789994193479.
  4. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 559-561 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  5. «Շրջակա միջավայրի մոնիթորինգ». Շրջակա միջավայրի նախարարություն (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  7. Գրիգորյան, Արշալույս Ազարիայի (1979). Հարությունյան, Լ Վ (ed.). Հայաստանի անտառների ծառերի ու թփերի արժեքավոր տեսակները. ՀՍՍՀ Գյուղատնտեսական մինիստրություն, Հայաստանի բնության պահպանության ընկերություն. Երևան: Հայաստան. էջ 6.
  8. 8,0 8,1 «Անտառների համատեղ կառավարման բարելավման նպատակով պահառուների հայտնաբերում և աջակցում» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  9. 9,0 9,1 «Հայաստանի անտառային օրենսգիրք». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  10. «Վարչապետ․ Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  11. ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը դառնում է կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  12. ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է կոմիտեի և անցնում Բնապահպանության նախարարության ենթակայության». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  13. «Հայաստանի անտառային ֆոնդը աղետի եզրին է. Փաշինյան». news.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  14. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թաքուն որս» չի լինում․ Նիկոլ Փաշինյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]