Անտառային ձիաթռչնակ
Անտառային ձիաթռչնակ (Anthus trivialis) - խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Անտառային ձիաթռչնակի մարմնի վերին մասը ավազադարչնագույն է` երկայնակի բծիկներով, որոնք տարածված են գլխից մինչև պոչը ծածկող փետուրները։ Պոչի և թևերի թափահարող փետուրները երիզված են բաց գույնով, պոչը գորշասև է, եզրային փետուրները կիսով չափ սպիտակ, որովայնը շիկադեղնավուն է, պարանոցը, կուրծքը ունեն գորշասև բծեր, հետին մատի մագիլը համեմատաբար կարճ է և կեռված դեպի ներս։ Քաշը` 19,5 - 22,1 գ, թևի երկարությունը` 79-91 մմ։
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, հանդիպում է ոչ խիտ անտառներում, անտառների եզրերին և բացատներում։ Չուի ընթացքում կազմում է ոչ մեծ խմբեր, իսկ սովորաբար հանդիպում է զույգերով: Քայլում է մանրավազքով։ Բույնը սարքում է գետնին` փոսիկի մեջ։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 հողագույն կամ մոխրագույն մուգ պտերով ձվեր։ Կերը հայթայթում է գետնին, սնվում է միջատներով։
Տարածված է Եվրոպայում և Ասիայում։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 22.