Անուշավան Արշալույսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Արշալույսյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1938(1938-11-08) (85 տարեկան)
ԾննդավայրԿարմրաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Անուշավան Խաչիկի Արշալույսյան (նոյեմբերի 8, 1938(1938-11-08), Կարմրաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ՝ 1989 թվականից։ Ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 8-ին ՀՍՍՀ Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղում։ 1961 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1966 թվականին։

Ա.Արշալույսյանը բանաստեղծություններ սկսել է գրել պատանեկան տարիներից։ Հանրապետական մամուլում տպագրվել է 1960-ական թվականներին («Ավանգարդ», «Գրական թերթ», «Սովետական գրականություն», «Գարուն» և այլն)։

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այս օրը իմն է», 1978, «Սովետական գրող» հրատարակչություն
  2. «Հայացք» 1984, «Սովետական գրող» հրատարակչություն
  3. «Ամպեր», 1988, «Սովետական գրող» հրատարակչություն
  4. «Հույզեր», 1999, «Վերնատուն» հրատարակչություն
  5. «Ընտրանի», 2004, ՀԳՄ հրատարակչություն
  6. "Ապրումների սանդուղքով" , 2016, ՀԳՄ հրատարակչություն

Ստեղծագործության բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Արշալույսյանի սկզբնական շրջանի բանաստեղծություններում գերիշխողը մենակության տրամադրություններն են, խորը դրամատիզմով հագեցած թախծի ու վշտի բանաստեղծական արտահայտությունները՝ խորհրդանշական-պատկերային ինքնատիպ համակարգով։ Հետզհետե նրա բանաստեղծություններում ավելի ու ավելի են խտանում լուսավոր, պայծառ գույները։ Այդ ներքին տրամադրությունները հակադրված են գորշ, անհոգեկիր ու մռայլ իրականությանը։ Քնարական անձի հոգու աչքերը ուղղված են դեպի հեռուն ("Հեռուներ" - "Հույզեր" ժ-ից), լույսը, կապույտը ("Կապույտը" - "Հայացք" ժ-ից), դեպի պայծառ, խորը երկինքը, դեպի ամպերը՝ որպես ազատության, թեթևության, մաքրության իմաստակիրների, աստվածային գեղեցկության խորհրդանիշերի, և, վերջապես, դեպի Աստված։ Իրականության մեջ գերիշխող բացասականության բևեռացումներին բանաստեղծը հակադրում է ներանձնյա լուսավոր ապրումները՝ մերթ խոսքի բուռն, փոթորկուն կամ ռիթմիկ-երաժշտական ծավալումներով, մերթ՝ կամերային, ներհուն, մեղմ-քնարական բռնկումներով։ Ա. Արշալույսյանի պոեզիան կարելի է բնորոշել որպես համադրության (սինթեզի) պոեզիա. սպիտակ անհանգ-ռիթմիկ բանաստեղծություններ (վերլիբր), ինչպես նաև հանգավոր-տրադիցիոն բանատողով գրված չափածո։ Խոհա-փիլիսոփայական բանաստեղծությունների կողքին շնչում և թրթռում է մեղմ, քնարական բանաստեղծությունը, խորհրդանիշ պատկերների ենթատեքստում, բացի ներաշխարհի հոգեկան արտահայտություններից, կարդացվում են նաև ռեալ իրականության իմաստները։ Արժեքավոր են նրա 19-րդ դարի ֆրանսիական և ռուսական պոեզիայից կատարած թարգմանությունները. Պոլ Վերլեն, Ալբեր Սամեն (ֆրանսերենից), Ֆեոդոր Տյուտչև, Կոնստանտին Սլուչևսկի, Ալեքսեյ Ապուխտին, Կոնստանտին Ֆոֆանով, Կոնստանտին Բալմոնտ, Ֆեոդոր Սոլոգուբ ("Հույզեր" - ժ-ում)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]