Անձնանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնանուն կամ անուն, անձի անվանումը հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով։ Ներառում է ծնունդը գրանցելիս կամ վաղ տարիքում ծնողների ընտրությամբ տրված անունը, ազգանունը։ Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց անունները ծագել են մարդու զարգացման վաղ շրջանում, ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի ժողովուրդների մոտ։

Ծագումը և ձևերը[խմբագրել]

Անձնանունները առաջացել են հասարակ անուններից և քիչ՝ աոանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից։ Ըստ Հրաչյա Աճառյանի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են։ Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած։ Անունները մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ներկայումս ոչ ոք չի խորհում այն մասին, որ Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին, Պողոս անվանելիս ամենևին նկատի չեն ունենում, որ դա նշանակում է «փոքրիկ»։ Անուններ ստեղծել են նաև կապված զանազան դեպքերի հետ։

Տոտեմիստական շրշան[խմբագրել]

Զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների մոտ անունները հաճախ ունեն տոտեմիստական ծագում։ Սամոա կղզու բնակիչները ծննդաբերության ժամանակ կոչում են զանազան տոտեմների անվանումներ, երեխայի ծննդյան պահին արտասանած անվանումը դառնում է նրա անունը։ Տոտեմիստական շրշանից մնացած առանձին անուններ կարելի է հանդիպել այժմ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, ինչպես հրեաների մոտ՝ Ռաշել (գառնուկ), Լեա (կով)։ Հին Արևելքում սովորություն կար աստվածների անուններից կազմված անձնանուններ ստեղծել օրինակ՝ Նիշուբուր Ամամու (Նիշուբուր աստվածուհին մայրս է)։

Հին Հռոմ[խմբագրել]

Հին Հռոմում հանրապետության ժամանակներից ի վեր քաղաքացիների անունները կազմում էին անձնանունից (Մարկոս), տոհմի կամ զարմի անվանումից (Տուլիուս) և մականունից, որը հաճախ նշում էր՝ ընտանիքի ճյուղը (ինչպես «Ցիցերոն», որ նշանակում է «սիսեռ»)։ Այս երեք բաղադրյալները (լատիներեն՝ tria nomina՝ երեք անուն) երբեմն լրացվում էին երկրորդ մականունով, որը զանազանում էր պատրիկներին մյուս քաղաքացիներից։ Գոյություն ուներ ավանդույթ՝ անձնանունով անվանակոչել ընտանիքի առաջին չորս արու զավակներին։ Մնացածներին անվանակոչում էին ըստ թվական կարգի (Քինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ են)։

Սեմիտական ժողովուրդների մոտ և արաբական մշակույթում[խմբագրել]

Սեմիտական ժողովուրդները երեխային անվանակոչում էին կապելով աստծո հետ, ինչպես Հովհաննես, որ ծագել է «Եհովան ողորմած է» բառերից։ Սեմիտական անձնանուններում գործածվում էին և արաբների մոտ այժմ էլ գործածվում են հոր և որդու անունները, ինչպես՝ Հասան իբն Հյուսեին (Հասան որդի Հյուսեինի) կամ Հասան իբն Հյուսեին աբու Ալի (Հասան որդի Հյուսեինի հայր Ալիի)։

Քրիստոնեական անունների ծագումը[խմբագրել]

Տարբեր ազգի ներկայացուցիչներ կրում են Հին և Նոր Կտակարաններից անուններ

Քրիստոնեության տարածումը լայն շրջանառության մեջ դրեց Հին և Նոր Կտակարաններում հիշատակված եբրայական անունները, թեև դրանք բարձր քաղաքակրթության հասած ժողովուրդների մոտ ամբողջությամբ չարտամղեցին հին անունները։ Անվանակոչման հարցում ավանդույթների բազմազանության փոխարեն առաջ եկան ընդհանուր տենդենցներ։ Միջնադարում գլխավորը դարձավ մկրտության անունը, որն առավելապես որևէ սրբի անուն էր՝ փոխառված այլ լեզուներից և հաճախ հնչյունափոխված։ Վերածննդի շրջանում լայն տարածում ստացան անտիկ քաղաքակրթությունից եկած անունները։ Բուրժուակսւն հեղափոխությունների շրջանում անձնանուններ դարձան շատ հասարակ անուններ։

Մահմեդական և Բուդդայական անունների ծագումը[խմբագրել]

Մահմեդականության տարածման հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ ժողովուրդներ, ընդունելով արաբների կրոնը, փոխ առան նաև նրանց անունները։ Բուդդայական կրոնին հետևող ժողովուրդների մոտ փոխառությունները գրեթե բացակայում են։ Համեմատաբար քիչ են և հիմնականում շատ ավելի ուշ շրջանի արդյունք նշանակությունից զուրկ հնչյուններից, վանկերից և բառերից հորինված անունները։

Անունները տարբեր երկրներում[խմբագրել]

Մի շարք ժամանակակից անթրոպոնիմիկական համակարգերում (հայկական, ռուսական, ևն) ամեն ոք ունի անձնանուն (ընտրված սահմանափակ ցուցակից), հայրանուն և ազգանուն (վերջինների հնարավոր թիվը գործնականորեն անսահմանափակ է)։ Եղել են և կան տարբեր անթրոպոնիմիկական համակարգեր։ Իսպանիայում և Պորտուգալիայում, օրինակ՝ անձը սովորաբար ունի մի քանի անուն (կաթոլիկ եկեղեցական ցուցակից), հայրական և մայրականազգանունները, Իռլանդիայում՝ անձնանուն (սահմանափակ ցուցակից) ագգանվան փոխարեն՝ հոր անուն֊ից ածանցված անուն։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում անունը կազմվում է միավանկ ազգանունից (տարբեր ժամանակաշրջաններում դրանք հաշվվում էին 100 - 400) և անձնանունից, որը սովորաբար կազմված է լինում երկու միավանկ բառերից, ընդ որում անձնանունների թիվը սահմանափակ է։

Զարգացում[խմբագրել]

Անունները ապրել են երկարատև զարգացում՝ կորցնելով իրենց նախնական ստուգաբանական կամ կրոնական նշանակությունը։ Դրանք հետագայում սկսել են տրվել բարեհնչունության համար, տվյալ անունը կրած գործչի, գրողի, արվեստագետի հանդեպ ունեցած սիրուց կամ հարգանքից դրդված, ծնողի կամ նախնիի հիշատակը հավերժացնելու նկատառումով, զավակի մոտ ֆիզիկական և հոգեկան լավ հատկանիշներ տեսնելու ակնկալությամբ, նորաձևության մոլուցքից դրդված։ Անունների փոխառությունները հետևանք են ոչ միայն կրոնական մշակութային շփումների ու փոխազդեցությունների, այլև ռազմական արշավանքների, զավթումների, նվաճված ժողովուրդների նկատմամբ կիրառած, բռնությունների և ճնշման։ Այդ պատճառով անունների փոխառության երևույթի մեջ միշտ տեսել են ուծացման վտանգ և, բնականաբար, ազգային զարթոնքի հետ մեկտեղ վերածնվել մեծ տարածում են ստացել բուն ազգային կամ տվյալ ազգի ու ժողովրդի պատմության և մշակույթի կարևոր իրադարձությունների հետ կապված անունները։

Անթրոպոնիմիկա[խմբագրել]

Անձնանունները, նրանց ծագումը, փոփոխությունները, աշխարհագրական տարածումը և անթրոպոնիմիկական համակարգերի կառուցվածքն ու զարգացումը ուսումնասիրող լեզվաբանության ճյուղը կոչվում է անթրոպոնիմիկա (հուն.՝ ἄνθρωπος, մարդ և ὄνομα, անուն)։

Հայկական անձնանուններ[խմբագրել]

Հայնրիխ Հյուբշման

Հին անունների զգալի մասը ժամանակին տեղ է գտել ձեռագիր և տպագիր այլևայլ բառարաններում ու բացատրվել։

  • Երեմիա Վարդապետ (Մեղրեցի), «Բառագիրք Հայոց» 1698
  • «Հայկազեան բառարան» Վենետիկի Մխիթարյան միաբանություն, 2-րդ հատոր՝ նվիրված է հատուկ անուններին։ Այստեղ թե տեղանունները և թե անձնանունները բացատրվում են հանգամանորեն, նշված են անվան ծագումը, ճիշտ տառադարձությունը։ [1]
  • Հայնրիխ Հյուբշմանը իր «Armenische Grammatik» մոնումենտալ գրքում քննության է առել հայերենում տեղ գտած պարսկերեն, եբրայերեն, արաբերեն և այլ ծագում ունեցող անձնանունները և մեծ մասամբ դրանք ստուգաբանել։ [2]

Հրաչյա Աճառյանի ուսումնասիրությունը[խմբագրել]

Հրաչյա Աճառյան

Հայկական անձնանունները ուսումնասիրել է նաև Հրաչյա Աճառյանը, որի «Հայոց անձնանունների բառարան» հինգհատորյա աշխատությունը եզակի երևույթ է իր տեսակի մեջ, որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5–10-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։ Աճառյանը հայկական անձնանունները ըստ ծագման բաժանում է 15 խմբի։ [3]

  • Նախահայկական, օրինակ՝ Արամ, որը ծագում է Խալդյան Արամե թագավորի անունից
  • Անծանոթ, օրինակ՝ Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս և այլն, որոնք հիշատակվում են Մովսես Խորենացու Հայոց Պատմության Ա գրքում, և որոնց հայկական ծագումը ապացուցված չէ։
  • Բուն հայկական, օրինակ՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ և այլն։ Կան նաև կենդանիների և թռչունների անվանումներով անուններ, որոնք հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություններ են և միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ։ Օրինակ՝ Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ և այլն։
  • Պահլավական, օրինակ՝ Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, որոնք պարթևական ազդեցության արդյունք են։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է, որպես հասարակ անուններ, ինչպես՝ Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Գուրգեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տված»։
  • Ասորական, օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են Հայաստանում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և հայերի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
  • Եբրայական, անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, Հակոբ, Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները հայերին անցել են Աստվածաշնչի թարգմանության միջոցով, որը կատարվել է հունարենից և այդ պատճառով հայերեն տառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
  • Հունական, այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական մշակույթի ազդեցության։ Առավել տարածված անուններից են ՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
  • Արաբական, հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
  • Լատինական, այս անունները հայերի մոտ տարածում են գտել Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի Օտոն Ա-ից), Ալիս, Զաբել և այլն։
  • Հայ կրոնական անունները սկզբում քրիստոնեական օտար անունների թարգմանություններն էին, ինչպես՝ Առաքել (հունարեն՝ Ապոստալ), Հարություն (հունարեն՝ Անաստաս), Աստվածատուր (հունարեն՝ Թեոդորոս), Խաչիկ (հունարեն՝ Ստավրի), Մխիթար (եբրայերեն՝ Սեթ)։ Դրան զուգընթաց ստեղծվել են նոր նմանակերտ անձնանուններ, օրինակ՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս․ Ավագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն։
  • Հայ ժողովրդական անուններ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել են առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները։ Օրինակ՝ Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ և այլն։
  • Սելջուկ-թաթարական տիրապետության ժամանակ հայերը քիչ թվով անձնանուններ են փոխառել, օրինակ՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) և այլն։ Դրանցից պահպանվել են բացառապես մեկ-երկուսը։
  • Եվրոպական անունները փոխառվել են ֆրանսերենից, իտալերենից, գերմաներենից և անգլերենից։ Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն)։ Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն։
  • Ռուսական անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են ռուսերեն կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայակական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն։ Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս)։
  • Հայ ազգային անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի։ Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Բառարան յատուկ անուանց», Վենետիկ, 1769
  2. Կարապետ Դուրգարյան, Անվանագիրք, 1985 Երևան
  3. «Հայոց անձնանունների բառարան» 1942-1962, Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktfavicon en.svg Ընթերցեք Անձնանուն բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։