Անդրեյ Ռուբլյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերը

Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андре́й Рублёв, մոտ 1360 թ. - 1428թ. հոկտեմբերի 17[1], այլ աղբյուրներով՝ մոտ 1430, Մոսկվա, թաղված է Անդրոնիկի մենաստանում), ռուս նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության դպրոցի հիմնադիր։

Կրթություն է ստացել աշխարհիկ միջավայրում, հասուն տարիքում ձեռնադրվել վանական, ըստ երևույթին՝ Տրոիցե-Սերգիյան մայրավանքում, ոմանց կարծիքով՝ Անդրոնիկի մենաստանում։ Ռուբլյովի ստեղծագործությունը ձևավորվել է Մոսկովյան Ռուսիայի գեղարվեստական ավանդույթների հիմքի վրա, նա քաջածանոթ էր նաև բյուզանդական և հարավ-սլավոնական գեղարվեստական փորձին։ Մնալով միջնադարյան պատկերագրության սահմաններում՝ Ռուբլյովն իր երկերում նոր ձևով է մարմնավորել մարդու հոգևոր գեղեցկությունն ու բարոյական ուժը (Զվենիգորոդի սրբապատկերներ՝ «Փրկիչ», «Պողոս Առաքյալ», երկուսն էլ՝ XIV - XV դդ. սահմանագիծ, Տրետյակովյան պատկերասրահ

XIV դ. վերջին - XV դ. սկզբին Ռուբլյովը ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Երրորդություն» սրբապատկերը (Տրետյակովյան պատկերասրահ)։ Աստվածաշնչային ավանդական սյուժեն Ռուբլյովը օժտել է բանաստեղծական և փիլիսոփայական խոր բովանդակությամբ։ «Երրորդության» հիմնական գաղափարը ինքնազոհաբերումն է որպես ոգու բարձրագույն վիճակ։ 1405-ին Ռուբլյովը Ֆեոֆան Գրեկի և Պրոխոր Գորոդեցկու հետ նկարազարդել է Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարը (որմնանկարները չեն պահպանվել), իսկ 1408-ին Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ՝ Վլադիմիրի վերափոխման տաճարը (որմնանկարները մասամբ են պահպանվել), ստեղծել նրա եռաշար մոնումենտալ պատկերակալի սրբապատկերները Ռուբլյովի՝ Վլադիմիրում կատարած աշխատանքներր վկայում են, որ նա արդեն այդ ժամանակ հասուն վարպետ էր և հանդիսանում էր իր իսկ ստեղծած գեղանկարչական դպրոցի առաջատարը։

Ռուբլյովի «Փրկիչ» սրբապատկերը

1425-27-ին Ռուբլյովը Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ ստեղծել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքի Երրորդության տաճարի որմնանկարները և նրա պատկերակալի սրբապատկերները (վերջինները պահպանվել են)։ Մի շարք գործերում («Պողոս Առաքյալ») Ռուբլյովը ստեղծել է տպավորիչ կերպարներ, որոնցում զգացվում են դրամատիկ շեշտեր Անդրոնիկի մենաստանի Փրկչի տաճարի որմնանկարները (մոտ 1427) որոշ աղբյուրներում համարվում են Ռուբլյովի վերջին գործերը։ Նրան են վերագրվում նաև մի շարք աշխատանքներ, որոնց ստուգությունը դեռևս չի ապացուցված։ Ռուբլյովի ստեղծագործությունը ռուսական մշակույթի գագաթներից է։ 1947-ին Անդրոնիկի մենաստանում բացվել է Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական արվեստի թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png