Անդալուսյան պոեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանադա

Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խորը փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։ Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։ Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»։ Այս փուլերը համապատասխանում էին արաբական տիրապետության փուլերին՝ Արաբական խալիֆայությունից կիսանկախ ամիրայություն, անկախ Օմայյան խալիֆայություն, մասնատում և նվաճում։

Անդալուսյան գրականության ընդօրինակման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատ Կորդովայում
Օմայյան ամիրայությունը և Աստուրիան,
8-9-րդ դարեր

Առաջին փուլը ընդգրկում է մոտ 300 տարի և հիմնականում համընկնում Կորդովայի խալիֆայության ծաղկման շրջանին, որի ղեկավարները արդեն 8-րդ դարի կեսերից սատարում էին արաբական գրականության ծաղկմանն իր ավանդական ձևերով։ Այս շրջանում արաբ նվաճողների մոտ ստեղծվել են ոչ մեծ կասիդաներ, որոնցում գովերգում էին ցեղային քաջագործությունները, արտահայտվում էր կարոտը լքված հայրենիքի հանդեպ և վիշտը ինչ ոչ մեկի մահվան պատճառով։

Անդալուսյան ընդօրինակման պոետները ձգտում էին հետևել Բաղդադյան պոետների ավանդույթներին, որոնց գործերը նրանց համար գեղարվեստական էպոսի արժեք ունեն։ Այս շրջանի մեզ հասած ստեղծագործություններից ամենավաղը 8-րդ դարիին պատկանող Աբդ առ-Ռահման I-ի բանաստեղծություններն են, որոնք լի են սիրելի հայրենիքի նկատմամբ կարոտով և թախիծով։ Փախչելով Աբբասյանների հետապնդումներից նա հաստատվել էր Իսպանիայում։

Անդալուսյան գրականության արվեստի զարգացման մեջ մեծ ավանդ ունի Բաղդադից Կորդովա տեղափոխված երաժիշտ, երգիչ, դերասան պարսիկ Զիրյաբը, որի միջոցով Իսպանիայում տարածվեց բանաստեղծությունները երաժշտության ուղեկցությամբ կատարելու արվեստը։ Հետևաբար ընդօրինակման շրջանից սկսած պոեզիան զարգանում էր երաժշտության հետ փոխկապակցված։ 9-րդ դարի վերջին Անդալուսում առաջանում է տնային պոեզիան՝ մուվաշշահը: Այն արևելյան շրջաններում հայտնի է, որ կապված է ռոմանական պոեզիայի ազդեցության հետ, որի ավանդույթներն Անդալուսյան պոեզիա մտան արաբականացված բնակչության միջոցով։

«Ընդօրինակման գրականությունը» ծաղկեց 10-րդ դարում կապված Անդալուսիայի տնտեսական և մշակութային վերելքի հետ։ Աբդ առ-Ռահման III-ը հովանավորում էր գիտությունն ու մշակույթը, կառուցում բազմաթիվ դպրոցներ։ Հայտնի դարձան Կորդովայի համալսարանն ու խալիֆի գրադարանը։ Այս շրջանի ամենանշանավոր դեմքն է համարվում Իբն աբդ-Ռաբբիհին, նաև ալ-Մութանաբբիի հետ համեմատվող Իբն Խանին, որին պատկանում են մոտ 60 կասիդաներ, հիմնականում սովորական ժանրային սխեմայով գրված մադհեր:

Անդալուսյան գրականության նորացման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայյան խալիֆայությունը և քրիստոնեական պետությունները
10-11-րդ դդ.

Երկրորդ փուլում՝ 11-րդ դարում Կորդովայի խալիֆայության անկումն ու Անդալուսում բազմաթիվ մանր իշխանությունների ձևավորումը չխանգարեց անդալուսյան գրականության հետագա զարգացմանը։ Կորդովայից բացի գրական կյանքի կենտրոններ են դառնում նաև Սևիլյան, Գրանադան և այլն։ Անդալուսյան գրականությունը քիչ-քիչ հեռանում էր արաբական ավանդական ձևերից ու սյուժեներից և հակվում դեպի տեղական «իսպանական թեմաները»։

Այս շրջանի անդալուսյան պոեզիան արաբաիսլամական էր և ստանում է «Նորացման գրականություն» անվանումը(11-րդ դարի առաջին կես-12-րդ դարի կեսեր)։ Այս շրջանում փոխվում է պոեզիայի բովանդակությունը։ Եթե նախորդ շրջանում հիմնական թեման կարոտն էր հեռավոր հայրենիքի հանդեպ, այս շրջանում այն Անդալուսի նկատմամբ սերն է։ Անդալուսյան պոեզիայում պահպանվում են բոլոր արաբական ավանդական ժանրերը, սակայն եթե սատիրայում և մադհում գերակշռում են արևելյան արաբական ավանդույթի կանոնները, ապա սիրային լիրիկայում, ուասֆերում ավանդույթը զգալիորեն բազմազան էր։ Նկարագրվում էին Իսպանիայի գետերը, լճերը, լեռներն ու այգիները, ծաղիկներով պատված մարգագետինները։

Արաբական պոեզիայում առաջին անգամ հայտնվում են ծովի և նավերի նկարագրություններ։ Պոետների ուշադրությունը գրավում էին իսպանական քաղաքների ճարտարապետական հուշարձանները, բազմատեսակ ծաղիկները։ Անդալուսյան պոետները հեշտությամբ համատեղում էին միայն գրականությամբ իրենց հայտնի անապատի և իսպանական բնության վառ պատկերները։ Պոեզիայում մեծ տեղ ուներ նաև սիրային լիրիկան, խնջույքների և գինու նկարագրությունները։ Պոեզիա մտավ արևելյան արաբների համար անսովոր մի թեմա՝ անհետացած դինաստիաների և ավերված քաղաքների էլեգիական ողբը։ Կորդովայի խալիֆայության վերջին տարիների գրողների թվին էին դասվում Իբն Հազմը, որից էլ սկսում է «Նորացման շրջանը»։

Նրա ժամանակակիցն էր պոետ Իբն Զեյդունը, որն ակտիվորեն մասնակցում էր Կորդովայի գահի շուրջ մղվող քաղաքական պայքարին։ Նա գրել էր բանաստեղծություններ ավանդական ժանրով։ Տարածված էր նրա «Նունիյա» պոեմը, որը մեծապես կրում էր արևելյան արաբական պոեզիայի ազդեցությունը։ Սակայն նրա պոեզիայում կային նաև մաքուր իսպանական տարրեր։ Հայտնի էր նաև ալ-Մու'թամիդը, որը շատ ժամանակ է անցկացրել բանտում և նրա ստեղծագործությունները հիմնականում նրա ստորացումների և երջանիկ անցյալի հիշողությունների մասին են։ Հայտնի էր նաև իսպանական բնության գովերգու Իբն Համդիսը՝ Իսպանիայի բնապատկերների և որսի տեսարանների նկարագրությամբ։ Նրա լեզուն պարզ է, պատկերները արտահայտիչ ու կենդանի։ Ստեղծագործել է նաև զուհդիյաթ ժանրում։

Անդալուսյան գրականության անկման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարից սկսվում է արաբաիսպանական գրականության աստիճանական անկումը։ Ալ-Մորավիների և ալ-Մոհադների տերությունները, լինելով հզոր պետություններ, իրենց գերիշխանությունն են հաստատում արաբական իշխանությունների վրա։ Դրանք կորցնում են քաղաքական ինքնուրույնությունը, և Անդալուսը դառնում է մաղրիբյան թագավորության նահանգներից մեկը։ Մոսարաբները հեռացվում են Անդալուսից, բերբեր հրամանատարները քանդում են հիանալի ճարտարապետական կոթողներ, այրում են հերետիկոսական գրքերը իսլամի սկզբնական պարզությունն ու մաքրությունը վերականգնելու համար։

Բերբերական նվաճումները հանգեցնում են պալատական պոեզիայի զարգացման միջավայրի վերացմանը։ Պալատական ձոներգուների կերպարը աստիճանաբար վերանում էր՝ իր տեղը զիջելով թափառող պոետին, որն ունկնդիրներ էր փնտրում հասարակ ժողովրդի շրջանում և նրանց հետ խոսում քաղաքային ժարգոնով։ 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին պոեզիայում լայնորեն տարածվեց ժողովրդական լեզուն։

Զարգանում է անդալուսյան բանաստեղծությունը. առանձնանում են երկու տեսակներ՝ մուվաշշահ և զաջալ

ալ-Համբրա
Սարագոսա

Բանաստեղծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Կուզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Կուզմանը կարկառուն գրող, զաջալի հեղինակ է, ծնվել է 1078 թվականին, Կորդովայում, ստացել է դասական կրթություն։ Նա շատ լավ ծանոթ էր դասական արաբական գրականությանը և փիլիսոփայությանը։ Նրա զաջալում հիշատակվում էին արաբական գրողների և գիտնականների անուններ։ Նա ոչ մի պաշտոն չուներ և թափառական երգչի կյանք էր վարում՝ կատարելով նաև իր սեփական զաջալները։ Ստեղծագործությունների կատարումը՝ ուղղված մուսուլման հոգևորականությանը նրա հետապնդումների պատճառ դարձավ։ Նրան նույնիսկ սպառնում էին ազատազրկմամբ։ Նրա կյանքը անցել է աղքատության մեջ և մահացել է 1160 թվականին։

Իբն Կուզմանի զաջալի թեմատիկան բավականին բազմակողմանի է։ Նրանցից մի քանիսը նվիրված են խոշոր համաժողովրդական իրադարձությունների։ Նա արքունական ձոներգու չէր, նրա ստեղծագործությունները տարբերվում էին հանգավորված երկերից։ Բայց, չունենալով ապրելու հնարավորություն նա ստիպված էր երբեմն դիմել «հովանավորներին», բայց և այդ խնդրանքը նրա մոտ հնչում էր որպես քմծիծաղ։ Նրա պոեզիայի մշտական թեման ուրախ խնջույքների նկարագրումն էր։

Իբն Զեյդուն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-12-րդ դարերի արաբաիսպանական դասական պոեզիայում մեծ տարածում ստացան ուասֆ (արաբ․՝ وصف‎‎՝ նկարագրություն), ժանրի ստեղծագործությունները։ Մուսուլմանական Իսպանիայի գրեթե բոլոր մեծ քաղաքներում ապրում էին ժանրի մեծ վարպետներ՝ Իբն Զեյդուն, Իբն Համդիս, Իբն Հաջջաջ։ Անդալուսյան ուասֆերի թեմատիկան բազմազան էր՝ Իսպանիան, նրա քաղաքներն ու զվարճանքի վայրերը, ծովն ու նավերը, այգիներն ու պուրակները, գետերն ու առվակները, որոնք գեղեցիկ ու մանրամասնորեն նկարագրվում էին։ Ըստ երևույթին, անդալուսյան պոետները յուրացրել էին արաբական պոեզիայի այս ժանրի ողջ թեմատիկան։

11-րդ դարում անդալուսյան պոեզիայի ուասֆերն այնքան մեծաթիվ էին, որ միայն Սևիլյայի պոետների գործերից բանասերներից մեկը մեծ ժողովածու-ընտրանի է կազմել։ Ուասֆի անդալուսյան պոետները մեծ ճանաչում ստացան ոչ միայն Անդալուսում, այլև արաբական արևելքում։ Անդալուսյան ուասֆի պաշտպանները հիմնվում են այն փաստի վրա, որ դրանք չէին կարող չգերազանցել արևելքին, քանզի անդալուսյան բնությունը գերազանցում է Արաբական խալիֆայության արևելյան շրջանների բնությանը։

11-12-րդ դարերում Անդալուսում տարածվեցին Իսպանիայի քաղաքների, պալատների, զվարճանքի վայրերի ուասֆեր։ Այս առումով արժեքավոր են Զեյդունի ստեղծագործությունները, որոնցում անդալուսյան գծերից են աշխարհագրական անվանումները, երբեմն կառավարիչների անունները։ Նրա բանաստեղծություններում մեծ է արաբական ոգու ազդեցությունը և հաճախ դրանց հիման վրա հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել նկարագրվող վայրերի մասին։ Պալատների ուասֆերում համարյա թե բացակայում են ճարտարապետական տվյալները բուն քաղաքների մասին։ Նրանց բանաստեղծությունները չեն ամբողջացնում փողոցի, շուկայի, քաղաքի մասին տվյալները։ Իրականում բոլոր պոետներն էլ՝ իրենց ստեղծագործություններում նկարագրելով նաև անապատը, որոշ չափով ընդօրինակում էին տարբեր արևելյան բանաստեղծների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Куделин А.Б. Классическая арабо-испанская поэзия. М. 1972
  • Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
  • Фильштинский И. М. - Арабская литература в Испании (VIII-XIII вв.)
  • Фильштинский И. М.Краткая литературная энциклопедия: В 9 т.
  • Крачковский И. Ю. - Арабская поэзия в Испании, Избр. соч.,М. - Л.-1956
  • Фильштинский И. М. - Арабская классическая литература, М. - 1965