Անապատ (մենաստան)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Անապատ (այլ կիրառումներ)
Անապատ, հասարակությունից և բնակավայրերից մեկուսացած քրիստոնյա ճգնավորների մենաստան։ Առաջին Ա-ները ստեղծվել են III դ․, Եգիպտոսում և տարածվել այլ երկրներում, վաղ միջնադարում՝ նաև Հայաստանում։ Ներսես Ա Մեծ կաթողիկոսը IV դ․ Հայաստանի անապատականներին հավաքել է առանձին համալիրներում՝ օժտելով այդ Ա-ները հատուկ կանոնադրությամբ, որը նպաստել է երկրում անապատական տարերային շարժումը կազմակերպված, ազգօգուտ և եկեղեցաշեն հաստատությունների վերածելուն։ Այս Ա-ների հիմքի վրա զարգացել են հայկ․ վանքերը, որոնք միջնադարյան Հայաստանում ոչ միայն զորացրել են քրիստ․ հավատքը, այլև դարձել հայ մշակույթի զարգացման ու պահպանման կենտրոններ։ Անապատ․ շարժումը Հայաստանում մեծ վերելք է ապրել XVII դ․ 1-ին կեսին, երբ Սյունյաց Մեծ անապատից ելած գործիչները երկրի տարբեր նահանգներում ստեղծել են բազմաթիվ նոր Ա-ներ․ Վասպուրականում՝ Լիմ անապատը, Կտուց անապատը, Արցախում՝ Չարեքա անապատը, Սյունիքում՝ Տանձափարախը և Տաթևի Մեծ անապատը, Այրարատում՝ Երևանի Ս․ Անանիա առաքյալ անապատը ևն։ Ա-ի համալիրը շրջապատող պարսպի պարագծով կից կառուցում էին խցերը և տնտ․ շինությունները, իսկ բակի մեջտեղում տեղադրվում էր Ա-ի միակ եկեղեցին։ Հայաստանի Ա-ները երբեք չեն եղել զուտ ճգնավոր․ (տես Ճգնավորություն) հաստատություններ, դրանք հայ մշակույթի զարգացման կենտրոններ էին, իսկ անապատականները դարձել են նաև բարոյական մաքրության տիպարներ ու ազգ-եկեղեց․ առաջնորդներ (տես նաև Անապատականություն)։
Գրականություն [խմբագրել]
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան // Երևան: «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002. — էջ {{{մեջբերվող էջեր}}}. — 1076 էջ.