Անապատային մորահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապատային մորահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Մորահավ
Տեսակ Անապատային մորահավ
Լատիներեն անվանում
Hippolais languida
(Hemprich & Ehrenberg, 1833)

Անապատային մորահավ (լատ.՝ Hippolais languida), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 12-13 գ։ Կտուցը երկար է, ճակատը՝ տափակ։ Հոնքը և ակնօղակը բաց գույնի են։ Մարմինը վերևից դարչնավուն-մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ։ Թևերը երկար են, մուգ՝ սպիտակավուն հատվածով, պոչը՝ երկար, սևավուն՝ սպիտակ եզրերով, թռիչքի պահին՝ ցայտուն դարչնագույն երանգով։

Սննդառություն[խմբագրել]

Սնվելու պահին պոչը տարուբերում է։ Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։ Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսից հունիսի կեսին։ Այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում է բների կառուցումը։ Առաջին կիսակառույց բները գրանցվում են հունիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, կառուցում է էգը։ Բնադրում է ցածր թփուտներում։ Ձվերի լրիվ քանակը բներում հայտնվում են հունիսի վերջին։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց վարդագույն՝ մուգ պտերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը։ Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերի ընտանիքները և ինքնուրույն երիտասարդ անհատները գրանցվում են հուլիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ նաև օգոստոսի ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png