Անահիտ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Մխիթարյան
Anahit Mekhitarian.JPG
Ծնվել է մարտի 6, 1969 (1969-03-06) (45 տարեկան).
Ծննդավայր Էջմիածին
Քաղաքացիություն {{{2}}} Հայաստանի Հանրապետություն
Պարգևներ և
մրցանակներ՝
ՀՀ վաստակավոր արտիստուհի,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
Հետևյալ միջազգային մրցույթների Առաջին մրցանակակիր,
«Գրան Պրի» և Ոսկե մեդալ
  1. 1990թ. «Ֆրանցիսկո Վինյաս»
  2. 1991թ. «Վինչենցո Բելլինի»
  3. 1996թ. «Գայարե Կարերաս»
Կայք http://amekhitarian.com/

Անահիտ Մխիթարյան (ծնվել է 1969 թ. մարտի 6-ին Էջմիածնում), հայ օպերային երգչուհի, սոպրանո, միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր, ՀՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել]

Անահիտ Մխիթարյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ Այնուհետև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ նույնպես գերազանցությամբ։ Ավարտել է նաև նույն կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրան։

1990 թ. նոյեմբերին երիտասարդ երգչուհին մասնակցում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Ֆրանցիսկո Վինյասի» անվան վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ նվաճում է առաջին մրցանակը՝ Ոսկե մեդալ, «Գրան Պրին»։ Ժյուրիի նախագահն էր հանրահռչակ օպերային երգչուհի Մագդա Օլիվիերոն։ Անահիտ Մխիթարյանին շնորհվել է նաև Կատալոնիայի Կառավարական Հատուկ պարգևը։

Տարին դեռ չբոլորած՝ 1991 թ. հոկտեմբերին նա կրկին ճաշակում է հաղթանակի բերկրանքը, այս անգամ Իտալիայում՝ «Վինչենցո Բելլինիի» անվան միջազգային մրցույթում, որտեղ դարձյալ Առաջին մրցանակը, «Գրան Պրին» և Ոսկե մեդալը շնորհվում են հայ երգչուհուն։ Պարգևներն Անահիտ Մխիթարյանին է հանձնում ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ երգչուհի Ջոան Սադրլենդը։

1996 թ. սեպտեմբեր - «Գայարե Կարերաս» միջազգային մրցույթ։ Այն տեղի էր ունենում Իսպանիայի Պամպլոնա քաղաքում։ Այստեղ նույնպես փայլուն հաղթանակ։ Երգչուհին նվաճում է Առաջին տեղը, «Գրան պրին» և Ոսկե մեդալը։ Ժյուրիի պատվավոր նախագահն էր մեր ժամանակի հանրահայտ տենոր Խոսե Կարերասը, որի ձեռքից էլ Անահիտ Մխիթարյանն ստանում է նվաճած պարգևները։ Կարերասը Անահիտին համարել է բացառիկ երգչուհի և նշել, որ Անահիտ Մխիթարյանը կփայլի աշխարհի լավագույն բեմահարթակներում։

Այսպիսով հայ օպերային արվեստում գրանցվում է բացառիկ մի երևույթ՝ Անահիտ Մխիթարյանը միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր է և երեք «Գրան Պրի»-ների թագակիր։

1991 թ.-ից Անահիտ Մխիթարյանը Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհին է։

2003 թ. Անահիտ Մխիթարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում։

2013 թ. մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանգրով, Հանրապետության տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։

Երգչուհին մշտապես ելույթ է ունենում աշխարհի լավագույն բեմահարթակներում։ Մեծ հաջողությամբ մենահամերգներ և օպերային ներկայացումներ է ունեցել Ավստրիայում (Վիեննա), Անգլիայում (Լոնդոն), Շվեդիայում (Ստոքհոլմ, գոտեբուրգ), Շվեյցարիայում (Ժնև), ԱՄՆ-ում (Լոս-Անջելես, Վաշինգտոն), Ավստրալիայում (Սիդնեյ, Ֆրանսիայում (Փարիզ), Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Սան-Սեբաստիան, Պամպլոնա, Լա Կորունիա, Մերիդա, Սևիլիա), Լիբանանում (Բեյրութ), Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Միացյալ Արաբական Էմիրություններում (Դուբայ, Աբու Դաբի), Բրազիլիայում (Ռիո Դե Ժանեյրո, Սան Պաուլո) և այլուր։

Բազմիցս հրավիրվել է համերգների՝ կազմակերպված ՀՀ դեսպանությունների կողմից. Բրազիլիա, Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։

Ամուսինը տնտեսագիտության դոկտոր Արմեն Հակոբյանն է։

Խաղացանկ[խմբագրել]

Օպերային բեմում Անահիտ Մխիթարյանը հանդես է եկել հետևյալ գլխավոր դերերգերով՝

Բեմահարթակներ[խմբագրել]

Անահիտ Մխիթարյանը հանդես է եկել՝ Գայարրեի օպերային թատրոնում՝ (Լյուչիա «Լյուչիա Դի Լամերմուր»), Մերիդայի հնագույն Ամֆիթատրոնում, հանրահայտ "Festival de Teatro Classico"-ում՝ ( Պաոլինա «Պողիկտոս»), Սևիլիայում և Կորունիայի Կոլոն թատրոնում՝ (Դեզդեմոնա «Օթելլո»), Լոս Անջելեսի հանրահայտ Շռայն Աուդիտորիումում՝ (Անուշ «Անուշ»), Մոսկվայի Մեծ թատրոնում (Նորմա «Նորմա») և այլուր։

Համերգներով հանդես է եկել մի շարք հանրաճանաչ բեմահարթակներում՝ Գրան Տեատրո դել Լիսեո, Պալաու դե լա Մուզիկա Կատալոնիա (Բարսելոնա), Սալ Գավո համերգասրահ (Փարիզ), մալմոյի համերգասրահ (Շվեդիա), Աուդիտորիում դե Մադրիդ (Մադրիդ), Սան Ջոնս Սմիթ Սքուեր (Լոնդոն), Սյունազարդ դահլիճ (Մոսկվա), Մարինյան թատրոն (Սանկտ Պետերբուրգ) և այլուր։

Համագործակցություն[խմբագրել]

Անահիտ Մխիթարյանը համագործակցել է Մադրիդի RTVE սիմֆոնիկ նվագախմբի, «Պաբլո Սարասատե» սիմֆոնիկ նվագախմբի, Մալմոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բարսելոնայի Գրան Տեատրո դել Լիսեո օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լիբանանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև հանրահայտ դիրիժորներ Գոմես Մարտինեսի, Ջիանանդրեա Նոզեդայի, Վլադիմիր Սպիվակովի, Միգել Օրտեգայի և այլոց հետ։ Միգել Օրտեգան ղեկավարել է նաև Ա. Մխիթարյանի Գալա համերգը Երևանում, որը երգչուհին նվիրել է Ազգային օպերային թատրոնի 75-ամյակին։

Քաղվածքներ մամուլից[խմբագրել]

Անահիտ Մխիթարյան՝ հրաշաձայն երգչուհի

Ոսկեփայլ ձայն, բացառիկ դիապազոն, համեստ և միևնույն ժամանակ հպարտ ներկայություն, որն այնքան ջերմ էր, մեղմ և հրեշտակային. ահա կոլորատուրային սոպրանո Անահիտ Մխիթարյանի տաղանդը։ Հնչում է Մեյերբերի շողշողուն «Դինորան»՝ կայտառ ու կենսուրախ ձայնային ճկուն ելևէջներով։ Կախարդող վայրկյան. Անահիտ Մխիթարյանի ձայնը մրցում է սիրահարված սոխակի ձայնի հետ։ Անթերի, անբասիր ոճ, վոկալ վիրտուոզ վարպետություն։

"L'orient le jour", Լիբանան

Ինչպես ասում են Իտալիայում՝ «Una donna spolverata»։ Իր պլաստիկ շարժումներում, իր վեհ կեցվածքով, հանդիսատեսին ներկայանալու և ողջունելու ունակությամբ, այդ ամենում զգացվում է թատրոնի գիտակը։ Բեմի վրա իր պահվածքով, դիրքով, խոնարհման ձևով, ամեն ինչում նա հանդես բերեց իր թատերական և արտիստական բարձր շնորհը։ Սակայն հայուհին դյութում էր ոչ միայն բեմում իրեն պահելու հմտությամբ, այլև չափազանց հաճելի, հնչեղ, սքանչելիորեն շարժուն ձայնով, որն ունի անզուգական տեմբրային երանգավորում։ Ընդունակ է հնչյունը նվազեցնել մինչև նրբագույն հյուլեն՝ միաժամանակ ցուցադրելով կոլորատուրայի անբասիր տիրապետում։

"Scherzo" երաժշտական ամսագիր, Մադրիդ

Անուշ

«Անուշ» օպերան մեր մեջ

Լոս Անջելեսի Շրայն թատերասրահի անծայրածիր դահլիճում ծովածավալ բազմություն էր՝ «Անուշ » օպերան էր։ Մենք տեսանք ու ապրեցանք Անուշի աստիճանական զարգացումը երաժշտականորեն և բեմականորեն, անհոգ գյուղական մի պար ու խաղեն մինչև խելագարություն։

Անուշի հոգեցնցումները շատ նուրբ և իրական ապրումներով տրվեցան Անահիտ Մխիթարյանի կողմեն, որ արդեն իսկ վավերական Անուշ մըն է և ոչ՝ լոկ դերասան։ Ձայնային անհամար կարողություններ, փայլուն և թավշային արտահայտչականություն, անթերի խաղարկություն, դերի ամբողջականության ստանձնում՝ զարգացման միակերտ մարմնավորումներով, մինչև անխուսափելի դրաման։

«Ասպարեզ» օրաթերթ, Լոս Անջելես, ԱՄՆ

«ՆՈՐՄԱ»

Մխիթարյանի հոկակապ սոպրանոն, անհավանական թեթևությամբ ճախրելով նվագախմբի վրայով, կախարդում է շմչառությամբ գրեթե չընդհատվող հիանալի ձայնային գծով, որը հանրահայտ Կաստա Դիվային տալիս է գլխապտույտ առաջացնող մի այլ հնչողություն... Անահիտ Մխիթարյանը ցուցադրեց իսկական բելկանտո երգեցողություն, կարողանալով վերհանել Բելլինիի գլուխգոգծոցի ողջ հմայքը։

«Ռուսսկի Ժուրնալ», Մոսկվա

Արտաքին հղումներ[խմբագրել]