Այվենհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվենհո (այլ կիրառումներ)
Այվենհո
անգլ.՝ Ivanhoe
ԵնթավերնագիրA Romance
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Wilfred of Ivanhoe?, Front de Boeuf?, Isaac of York?, Rebecca the Jewess?, Lady Rowena?, Brian de Bois-Guilbert?, Cedric of Rotherwood?, Lord Athelstane? և Le Noir Faineant?
Ստեղծման տարեթիվ1819
Նկարագրում էIvanhoe universe?
ՇարքՈւևերլիի
ՆախորդԼեգենդ Մոնտրոզի մասին
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 20, 1819
 Ivanhoe Վիքիպահեստում

«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), առաջին պատմական վեպերից մեկը։ Հրատարակվել է 1819 թվականին, որպես «Ուևերլիի» հեղինակի ստեղծագործություն (ինչպես հետագայում պարզվեց՝ Վալտեր Սքոթի19-րդ դարում ճանաչվեց որպես արկածային գրականության դասական։ Այդ ժամանակների համար գրքի վաճառքը չտեսնված էր՝ առաջին տասը հազար տպաքանակը վաճառվեց երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում[1]։ Վեպի հաջողությունը առաջ բերեց միջին դարերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրասիրություն։

Այվենհոն Վալտեր Սքոթի առաջին վեպն է, որի գործողությունները տեղի են ունենում Շոտլանդիայի սահմաններից դուրս։ Իրադարձությունները վերաբերում են 1194 թվականին՝ Հաստինգսի ճակատամարտից 128 տարի անց, որի արդյունքում սաքսերը նվաճվեցին նորմանների կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այվենհո»-ն առաջին վեպն է, որում Սքոթը անդրադառնում է զուտ անգլիական մշակույթին՝ նկարագրելով սաքսերի և նորմանների հակամարտությունը Ռիչարդ I Առյուծասիրտի գահակալման ժամանակաշրջանում։ Ջ. Գ. Լոկխարտը՝ իր «Վալտեր Սքոթի կյանքը» աշխատությունում (անգլ.՝ Life of Sir Walter Scott; 1837- 1838), ենթադրում է, որ Անգլիայի միջնադարին անդրադառնալու որոշումը կայացել է հեղինակի և նրա ընկեր Ուիլյամ Կլերկի միջև կայացած «հետճաշյա զրույցից» հետո, որտեղ Կլերկը Սքոթի ուշադրությունը ուղղել է Անգլիայի երկու ազգերի թշնամության վրա։ Կլերկը նշել է, որ ընտանի կենդանիների անվանումների օգտագործումը անգլերեն լեզվում, ունի անգլո-սաքսոնական ծագում, իսկ նրանցից պատրաստված ճաշատեսակների նշանակումը փոխ է առնված ֆրանսիական տերմիններից։ Այդ սաքսերի ենթակայության նկարագրությունը հողատեր նորմաններին հիշատակվում է «Այվենհո»-ում։

Սքոթը ցանկանում էր, որ վեպը հրատարակվի առանց հեղինակի նշման։ Նրան հետաքրքիր էր՝ կճանաչի արդյոք հասարակությունը «Ուևերլիի» հեղինակին։ Բացի այդ, նա հույս ուներ հերթականությամբ հրատարակել «Այվենհո»-ն և հաջորդ վեպը՝ «Վանք»-ը (անգլ.՝ The Monastery), որպեսզի գրական դաշտում մրցակցի ինքն իր հետ։ Այդ ծրագրերից հրաժարվել նրան համոզեց հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլը, որը վախենում էր, որ երկու վեպերը վնաս կհասցնեն նրանցից յուրաքանչյուրի վաճառքին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ խաչակրաց արշավանքից հետո շատ ասպետներ վերադառնում են Եվրոպա։ Ռիչարդ I Առյուծասիրտ արքան գերության մեջ է գտնվում է ավստրիական հերցոգ Լեոպոլդի մոտ։ Արքայազն Ջոնը խառնակչություն է մտցնում երկրում՝ սաքսերի և նորմանների միջև և խարդավանքներ է գործում արքայի դեմ՝ հույս ունենալով տիրել գահին։ Սեդրիկ Ռոտերվուդցին՝ հարուստ հողատեր, հույս ունենալով վերականգնել սաքսերի նախկին հզորությունը, նպատակ ունի նրանց ղեկավար դնել սէր Աթելստանին՝ արքա Ալֆրեդի ժառանգին։ Անտարբեր Աթելստանը ոչ մեկի մոտ հույս չի ներշնչում և, որպեսզի ծանրակշիռ դարձնի նրա անձը, երազում է նրան ամուսնացնել իր խնամակալուհու՝ հիասքանչ լեդի Ռովենայի հետ, որի նախնին, նույնպես, հանդիսանում է արքա Ալֆրեդ Մեծը։ Բայց այդ երազանքի իրականացման ճանապարհին խոչընդոտ է կանգնում նրա որդին՝ Ուիլֆրեդ Այվենհոն, որը սիրահարվել է Ռովենային։ Սեդրիկը, հավատարիմ մնալով իր գաղափարին, հայրական տնից դուրս է անում նրան և զրկում ժառանգությունից։

Միջնադարյան ասպետական հանդերձանք

Սեդրիկի երկու ծառաները՝ խոզապահ Գուրտը և ծաղրածու Վամբան, դիմավորում են պրիոր (ռուս.՝ приор) Էյմերին և վանական ասպետ Բրիան դե Բուագիլբերին, որոնք իրենց շքախմբով ուղևորվում են Աշբի՝ ասպետական մրցաշարին։ Ճանապարհին հանդիպելով վատ եղանակի, ասպետը և պրիորը ներկայանում են Սեդրիկին։ Հյուրընկալ ազնվականի տանը ապաստան է գտնում, նաև, մի ուխտագնաց, որը վերադառնում էր սուրբ երկրից և հրեա Իսահակը՝ Յորքից։ Բուագիլբերը, որը վերադարձել էր Պաղեստինից, պատմում է Աստծո դագաղի համար մարտերի մասին։ Ուխտագնացը պատմում է Ակրի մրցաշարի մասին, որտեղ հաղթողներ են հանդիսացել սաքսոնական ծագում ունեցող ասպետները, սակայն չի հիշատակում վեցերորդ ասպետի անունը։ Բուագիլբերը հայտարարում է, որ դա Ուիլֆրեդ Այվենհոն է, որը հաղթել է նաև իրեն և հայտարարում է, որ հաջորդ անգամ նա կհաղթի Այվենհոյին։ Ճաշկերույթի ավարտից հետո, Սեդրիկի խնամակալուհի լեդի Ռովենան հարցուփորձ է անում ուխտագնացին՝ իր սիրահար Այվենհոյի ճակատագրի մասին։ Ուխտագնացը հայտնում է, որ Այվենհոն ուղևորվում է Անգլիա անբարյացակամ Ֆրանսիայի հողերով, սակայն երբ կժամանի Անգլիա՝ անհայտ է։

Առավոտյան ուխտագնացը արթնացնում է Իսահակին և հայտնում նրան, որ երեկոյան լսել է թե ինչպես է վանական Բրիան դե Բուագիլբերը հրամայում իր ծառաներ-պաղեստինցիներին՝ բռնել հրեային և նրան տանել Ֆրոն դե Բեֆ ամրոցը։ Ուխտագնացը Իսահակի հետ միասին լքում են Սեդրիկի դղյակը։ Հասնելով Աշբի, երախտապարտ Իսահակը հայտնում է ուխտագնացին, որ նրա մոտ նկատել է ասպետական զրահներ և առաջարկում է մարտական ձի, զենք և ասպետական հանդերձանք վերցնել իր ընկերոջից՝ գալիք ասպետական մրցաշարի համար։

Սկսվում է Աշբիի մրցաշարը։ Մրցաշարին հավաքվել է Անգլիայի ամբողջ բարձրաշխարհիկ հասարակությունը, այդ թվում, նաև, արքայազն Արթուրը՝ իր մերձավորներով։ Արքայազնը հրապարակավ ցուցադրում է իր ատելությունը սաքսերի նկատմամբ։ Հինգ ասպետ-սադրիչներ հարվիրում են բոլորին մարտի։ Բոլորը համաձայնվում են մենամարտել միայն բութ զենքով, վանականին ոչ մեկը չի համարձակվում մենամարտի կանչել։ Հայտնվում է ոմն ասպետ՝ Ժառանգությունից Զրկված, ինչպես ինքն էր իրեն անվանում։ Նա հաղթում է բոլոր սադրիչներին մեկը մյուսի հետևից և հայտարարվում է մրցաշարի առաջին օրվա հաղթող։ Նրան պատիվ է տրվում ազնվազարմ տիկնանց միջից ընտրել սիրո և գեղեցկության Թագուհուն։ Հաղթողը ընտրում է լեդի Ռովենային։

Երեկոյան հաղթողի վրանին են մոտենում պարտվողների ծառաները՝ տերերի ձիերով և հանդերձանքներով, որոնք, ըստ մրցաշարի օրենքների, անցնում են հաղթողին։ Ռազմիկը հրաժարվում է ընդունել Բրիան դե Բուագիլբերի հանդերձանքը, իսկ մյուս ասպետների հանդերձանքների և ձիերի համար վերցնում է միայն գումարի կեսը։ Այնուհետև իր զինակիր Գուրտին ուղարկում է հրեա Իսահակի տուն՝ հանձնելու իր հանդերձանքի և ձիու գումարը։ Հրեան ընդունում է գումարը, սակայն երբ Գուրտը հեռանում էր, բակում նրան կանգնեցնում է հրեայի դուստր Ռեբեկան և նրան է հանձնում մեծ գումարով քսակ, բացատրելով, որ իր հայր Իսահակը մեծ պարտքի առջև է ասպետի դեմ։

Մրցաշարի երկրորդ օրը տեղի է ունենում մասսայական մարտ։ Բրիան դե Բուագիլբերի ղեկավարությամբ ջոկատը մարտի է բռնվում Ժառանգությունից Զրկվածի ղեկավարությամբ ջոկատի դեմ։ Մարտի ընթացքում մարտիկների մեծամասնությունը դուրս է մնում և վերջում Ժառանգությունից Զրկված ասպետը մենակ մնում է մենամարտելու Բուագիլբերի, Աթելստանի և Ֆրոն դե Բաֆի դեմ։ Վերջին պահին նրան օգնության է հասնում սև հանդերձանքով ասպետը, որը մինչ այդ պասիվ մասնակցություն էր ունենում մարտին, որի պատճառով հանդիսատեսները նրան անվանում են Սև Ալարկոտ։ Նա թամբից գցում է Ֆրոն դե Բաֆին և Աթելստանին, որի արդյունքում հաղթանակ է տանում Ժառանգությունից Զրկված ասպետի ջոկատը։ Արքայազն Ջոնը օրվա հերոս է հռչակում Սև Ալարկոտին, սակայն նա անհայտացել է հրապարակից։ Այդ ժամանակ արքայազնը, ստիպված, նորից հաղթող է հռչակում Ժառանգությունից Զրկված ասպետին։ Հաղթողը ծնկի է իջնում սիրո և գեղեցկության Թագուհի լեդի Ռովենայի առջև, որպեսզի նրանից ստանա պատվավոր պսակը։ Երբ ասպետը հանում է սաղավարտը, Ռովենան նրանում ճանաչում է իր սիրահար Այվենհոյին, բայց նա վիրավորված է կողից և, կորցնելով ուժերը, վայր է ընկնում նրա ոտքերի առջև։ Առաջացած խառնաշփոթի ընթացքում հրեան և նրա դուստր Ռեբեկան, որը բժշկական հմտություններ ունի, վերցնում են ասպետին պատգարակի վրա և նրան տեղափոխում են Աշբիի իրենց տուն։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենան մրցումներ հասարակ մարդկանց համար, բայց արքայազն Ջոնը նամակ է ստանում ֆրանսիական արքայից, որում հայտնվում է, որ արքա Ռիչարդը վերադառնում է գերությունից։ Մրցումները անց են կացվում հենց նույն օրը, որում հաղթում է յոմեն (մանր հողատեր, ռուս. йомен) Լոքսլին։ Երեկոյան Սեդրիկը և Աթելստանը ժամանում են Արքայազն Ջոնի խնջույքին, որին ներկա են գտնվում, նաև, այլ անվանի նորմաններ։ Լեդի Ռովենան խնջույքին չի մասնակցում։ Արքայազն Ջոնը և հավաքված նորմանները վիրավորում են սաքսերին և նրանք, ցասումի մեջ, հեռանում են խնջույքից։

Դե Բրասին՝ արքայազնի մոտ ծառայող վարձկանների առաջնորդը, վանականի և Ֆրոն դե Բաֆի հետ հարձակվում է Սեդրիկի շքախմբի վրա և գերի է վերցնում Սեդրիկին, Աթելստանին, Ռովենային, Իսահակին՝ դստեր հետ և Այվենհոյին, որին նրանք պատգարակով էին տանում։ Փախուստի դիմած Գուրտը և Վամբան հանդիպում են Լոքսլիին, որը հրամայում է հավաքել մարդկանց, իսկ ինքը ուղևորվում է հայր Տուկի մատուռը։ Այնտեղ նա հանդիպում է նախորդ օրը ժամանած Սև Ալարկոտին, որը համաձայնվում է օգնել յոմեներին։ Այդ ընթացքում Աթելստոնը և Սեդրիկը համաձայնվում են փրկագին վճարել ազատության դիմաց, դե Բրասիին չի հաջողվում հաջողության հասնել Ռովենայի մոտ, վանականը անհաջողության է մատնվում Ռեբեկայի մոտ, չնայած աղջկա խիզախությունը դուր է գալիս նրան։ Իսահակը հրաժարվում է վճարել Ֆրոն դե Բաֆին, իմանալով, որ դուստրը գտնվում է վանականի մոտ։

Նորմանները մարտահրավեր են ստանում յոմեններից, սակայն հպարտությունը թույլ չի տալիս նրանց ազատել գերիներին, չնայած որ նրանք ունեին ընդամենը մի խումբ մարդիկ՝ ամրոցը պաշտպանելու համար։ Վամբան կուսակրոն քահանայի հագուստով սողոսկում է ամրոց և փոխանակվում են Սեդրիկի հետ, որը ամրոցից հեռանալիս զրուցում է պառավ Ուրֆրիդի հետ՝ նրանում ճանաչելով Ուլրիկային՝ իր ընկեր Տորկիլ Վոլֆգանգերի դստերը, որի ընտանիքին սպանել են դե Բաֆերը։ Յոմենները գրոհի են անցնում, Ֆրոն դե Բաֆը՝ պաշտպանելով ցանկապատը, մահացու վիրավորվում է Սև Ասպետի կողմից։ Նա և Սեդրիկը ջարդում են մուտքի դարպասները, Ուլրիկան հրդեհում է ամրոցը, վիրավոր Ֆրոն դե Բաֆը կենդանի այրվում է։ Դե Բրասին բացում է դարպասները, որպեսզի մարտի բռնվի Սև Ասպետի հետ, սակայն պարտվում է և նրա մոտ գերի է ընկնում։ Վանականը հավաքում է մնացած մարդկանց և, խոցելով Աթելստանին, ճողոպրում է ամրոցից։

Յոմենները բաժանում են ավարը, դե Բրասին վերադառնում է արքայազնի մոտ և հայտնում, որ Ռիչարդը վերադարձել է՝ նա հենց նույն ինքը Սև Ասպետն է։ Արքայազնը հրամայում է Ֆից Ուրսուին դարան պատրաստել նրա համար։ Ռիչարդը հրաշքով մահից փրկվում է, երբ նրան օգնության է հասնում Լոքսլին։ Սեդրիկը, Ռիչարդը և Այվենհոն հյուրասիրություն են կազմակերպում Աթելստանի հիշատակին, երբ, հանկարծ, հայտնվում է կենդանի Աթելստանը։ Նա հավատարմության երդում է տալիս Ռիչարդին, Ռովենային զիճում է Այվենհոյին և պատրաստվում է կախել բոլոր վանականներին, որոնք նրան, գրեթե, կործանում էին։

Այդ ժամանակ Տեմպլստոուի վանական համալիրում, որտեղ թաքնվել է Բուագիլբերը, հայտնվում է օրդենի գրոսմեյստեր, ահարկու Լուկա Բոմանուարը։ Իմանալով Իսահակից, որ վանականը բերել է Ռեբեկային, Բոմանուարը որոշում է, որ նա կախարդել է իրեն և դատ է կազմակերպում։ Որպեսզի պաշտպանեն Բուագիլբերին, մնացածը հաստատում են այդ վարկածը։ Ռեբեկան պահանջում է Աստծո Դատաստան և ձեռնոց է նետում։ Օրդենին պետք է պաշտպանի Բուագիլբերը։ Ռեբեկայի պաշտպանության համար ժամանում է Այվենհոն՝ հոգնած ձիու վրա։ Սակայն մենամարտում Բուագիլբերը մահանում է սեփական վախից։ Ռեբեկան ազատագրվում է և հոր հետ մեկնում է Գրանադա։ Պարզվում է, որ Աթելստանը, իրականում, ողջ է մնացել և Սեդրիկի բոլոր թախանձանքներին՝ ամուսնանալ Ռովենայի հետ, բացասական պատասխան է տալիս։ Արդյունքում Սեդրիկը՝ դժկամորեն, համաձայնվում է Ռովենայի և Այվենհոյի ամուսնությանը։ Այվենհոն պսակվում է Ռովենայի հետ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է քառասունչորս գլուխներից[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Առյուծասիրտը և հայր Տուկը
  • Ուիլֆրեդ Այվենհո - ասպետ, Սեդրիկ Սաքսի որդին, վեպի գլխավոր հերոս
  • Բրիան դե Բուագիլբեր - վանական, Այվենհոյի գյխավոր թշնամին
  • Ռովենա - Այվենհոյի սիրահարը, Սեդրիկի խնամակալուհին
  • Ռեբեկա - հրեա վաշխառուի դուստրը
  • Իսահակ Յորքից - Ռեբեկայի հայրը, հրեա վաշխառու
  • «Սև Ասպետ», «Սև Ալարկոտ» (ֆր. Le Noir Fainéant) - Ռիչարդ I Առյուծասիրտ, Անգլիայի արքա
  • Լոքսլի - յոմեն
  • Հայր Տուկ - ճգնավոր
  • Սեդրիկ Սաքս - Այվենհոյի հայրը
  • Աթելստան - սաքսոնական վերջին արքայի գերդաստանի ներկայացուցիչ
  • Արքայազն Ջոն - թագաժառանգ արքայազն և արքա Ռիչարդի եղբայրը
  • Ռեջինալդ Ֆրոն դե Բաֆ - բարոն, Այվենհոյի գույքի տիրակալ
  • Վալդեմար Ֆից Ուրսու - ազդեցիկ ազնվական արքայազն Ջոնի շքախմբում, ցանկանում է դառնալ կանցլեր
  • Պրիոր Էյմեր - պրիոր Ժորվոի Սուրբ Մարիայի աբբայությունում
  • Մորիս դե Բրասի - վարձկանների ասպետ-հրամանատար
  • Լուկա Բոմանուար - տամպլիերների օրդենի գրոսսմեյստեր
  • Կոնրադ Մոնտ Ֆիտչետ - Բոմանուարի մտերիմը
  • Ալբերտ Մալվուազեն - Տեմպլստոուի մենաստանի առաջնորդ
  • Ֆիլիպպ Մալվուազեն - բարոն, Ալբերտի եղբայրը
  • Գուրտ - Սեդրիկ Սաքսի խոզապահը
  • Վամբա - Սեդրիկ Սաքսի ծաղրածուն
  • Ուլրիկա - Ֆրոն դե Բաֆի գերուհին

Սաքսեր և Նորմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ I Նվաճողը հաղթեց 1066 թվականի Հաստինգսի ճակատամարտում։ Այդպես սկսվեց նորմանների տիրակալությունը սաքսոնական Անգլիայի տարածքում։ 1194 թվականին նորմանները դեռ կղզու տիրակալներն էին։ Արքա Ռիչարդ I Առյուծասիրտը՝ լինելով նորման, երկար ժամանակ բացակայում էր Անգլիայից՝ երրորդ խաչակրաց արշավանքին մասնակցելու պատճառով։ Նրա եղբայր՝ արքայազն Ջոնը՝ «Յոհանն Անհողը» և պալատական նորմանները օգտվեցին դրանից, որպեսզի կառավարեն երկիրը։ Հետդարձի ճանապարհին, Ռիչարդը գերևարվում և բանտ է գցվում Սաքսոնիայի հերցոգ Լեոպոլդ V Ավստրիացու կողմից՝ հիմնականում փրկագին ստանալու նպատակով։ Փրկագին վճարելուց հետո, Ռիչարդը ազատվում է 1194 թվականին։ Նրա վերադարձից հետո, ինչպես հիմնականում լինում է ֆեոդալական հասարակարգում, արքան պետք է պայքարեր իր իրավունքների համար։ Վալտեր Սքոթի պատմվածքում սաքսերը ճնշված են նորմանների կողմից։ Իրականում դա այդպես չէր։ Ազնվականությունը, սկզբնապես, նորմանական ծագում ուներ, բայց սաքսերը և նորմանները, ավելի քան հարյուր քսան հինգ տարի, բարիդրացիական հարաբերություններ ունեին միմյանց հետ։

Անդրադարձ վեպին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականին Էդվարդ Էգերսը գրում է «Ասպետի ամրոցը» գիրքը, որում չորս երեխաներ՝ կախարդական փայտիկի օգնությամբ, հայտնվում են Այվենհոյի պատմության մեջ։
  • 2006 թվականին Կրիստոֆեր Ֆոգլերը գրում է վեպի շարունակությունը՝ «Ravenskull» անվանումով։
  • 2003 թվականին Պիեռ Եֆրաֆը գրում է վեպի շարունակությունը՝ «Le Destin d՛Ivanhoe» անվանումով։
  • Սայմոն Հոուկը օգտագործում է Այվենհոյի պատմությունը իր «The Ivanhoe gambit» վեպի համար։

Պատմական անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1194 թվականին Ռեբեկան չէր կարող դատապարտվել այրելու միջոցով մահապատժի՝ որպես վհուկ, քանի որ եկեղեցին մինչ 1250 թվականը չէր բացահայտում և դատապարտում վհուկներին։ Մինչ 1400 թվականը մահապատիժը իրականացվում էր կախաղանի բարձրացնելու միջոցով։
  • Իրենից անճշտություն է ներկայացնում նաև Այվենհոյի հոր՝ Սեդրիկի անունը։ Անգլո-սաքսոնական լեզվով նրա իրական անունը հնչում է որպես Կերդիկ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ivanhoe» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  2. http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine Վեպի էլեկտրոնային տարբերակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվենհո» հոդվածին։