Այծուռենի
Այծուռենի (Salix caprea) - ուռազգիներին պատկանող ծառատեսակ։
Այծուռենին 8-10 մետր բարձրությամբ ծառ է, մինչև 70 սմ տրամագծով։ Բարձր լեռնային շրջաններում աճում է որպես խոշոր թուփ։ Ընձյուղները ծածկված են մոխրագույն աղվամազով։ Տերևները կլորավուն են, էլիպսաձև, ձվաձև, երբեմն` նշտարաձև, 9-17 սմ երկարությամբ, 5-7 սմ լայնությամբ, ամբողջաեզր կամ ալիքաատամնաձև, վերևի կողմից կնճռոտ, մուգ կանաչավուն, ներքևի կողմից մոխրաթավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են։ Հավաքված են կատվիկներում, որոնք բացվում են մինչև տերևների երևալը։
Հաջողությամբ է աճում մեր հանրապետության ինչպես ամենացածրադիր, այնպես էլ բարձր լեռնային շրջաններում։ Գետահովիտներում փարթամ ծառ է, իսկ մերձալպյան նոսրուտներում` թուփ։ Չի վախենում ո'չ սառնամանիքներից, ո'չ առատ ձյունատեղումներից, ո'չ էլ կիզիչ արևից ու երաշտից։ Այծուռենու բողբոջները ամենից վաղ են բացվում, ավետելով գարնան գալուստը։
Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ պիտանի է ձորակներն ու թեք լանջերը, փլվածքները ամրացնլու համար։ Բազմանում է կտրոնների և սերմերի միջոցով։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Լ. Վ. Հարությունյան (1983)։ Քո շրջապատի ծառերը։ Երևան: «Սովետական գրող», էջ 24։