Ամնեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամնեզիան (հունարեն α – ժխտող մասնիկ և μνημη – հիշողություն) հիշողության խանգարման տեսակ է, որը բնութագրվում է նախկին փորձի որոշակի մասի վերաբերյալ հիշողությունների բացարձակ կամ մասնակի կորստով։

Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Մոռացված ժամանակաշրջանի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը։

Ամնեզիայի պատճառները[խմբագրել]

Ամնեզիան հիմնականում առաջանում է

  • գանգուղեային վնասվածքներից
  • գլխուղեղի օրգանական հիվանդություններից
  • ալկոհոլամոլությունից, թունամոլությունից, թմրամոլությունից
  • հոգեծին պատճառներից՝ վնասվածքի մասին հիշողությունների արտամղում, տհաճ երևույթների և իրադարձությունների մոռացում

Ամնեզիայի տեսակները[խմբագրել]

  • Ամնեզիա ըստ խանգարված ֆունկցիայի։

Ֆիքսացիոն ամնեզիայի դեպքում հիվանդն անընդունակ է հիշել ընթացիկ դեպքերը, սակայն անցյալի փորձը և գիտելիքները պահպանված են։

Անէքֆորիա կամ անէքֆորիկ ամնեզիա կոչվում են այն ամնեստիկ խանգարումը, երբ չհիշվող փաստերը, իրադարձությունները կամ բառերը մտաբերվում են միայն հուշումից հետո։


  • Ամնեստիկ խանգարումներ ըստ մոռացման ժամանակաշրջանի

Ռետրոգրադ ամնեզիան հիշողության մթագնմանը կամ կորստին նախորդող ժամանակահատվածի հիշողության կորուստն է։

Անտերոգրադ ամնեզիան գիտակցության մթագնմանը կամ կորստին հաջորդող ժամանակաշրջանի հիշողության կորուստն է։

Ռետրոանտերոգրադ ամնեզիան ռետրոգրադ և անտերոգրադ ամնեզիաների համատեղումն է, երբ վերանում են գիտակցության մթագնմանը կամ կորստին և՛ նախորդած, և՛ հաջորդած դեպքերի մասին հիշողությունները։

Կոնգրադ ամնեզիան ընդգրկում է միայն գիտակցության խանգարման շրջանը։


  • Հիշողության խանգարումն ըստ դինամիկայի

Ռեգրեսիվ ամնեզիան բարորակ ընթացող ամնեզիայի տարատեսակ է, որի ժամանակ նկատվում է հիշողության աստիճանական վերադարձ, սակայն այն երբեք ամբողջական չի լինում։ Առաջին հերթին վերադառնում են անձի համար ամենակարևոր ու վառ հիշողությունները։

Ստացիոնար ամնեզիան հիշողության կայուն, առանց որևէ դրական կամ բացասական զարգացման կորուստն է։

Ռետարդացված ամնեզիան հիշողության յուրահատուկ կորուստ է, որը ձևավորվում է ոչ թե գլխուղեղի վնասվածքից անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց, որի ընթացքում հիվանդը կարող է հիշել և վերարտադրել իր հիշողությունները։ Կարճ ժամանակ անց նա հմնովին մոռանում է դրանք։

Պրոգրեսիվ ամնեզիան բնորոշ է հիշողության աստիճանական, անվերադարձ և խորացող կորստով։ Այս խանգարումը բնորոշ է տարբեր թուլամտությունների, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությանը, անոթային թուլամտությանը և այլն։ Այս խանգարման ոչ ախտաբանական դրսևորումներից են ծերունիների մոտ հաճախ դիտվող հիշողության առանձնահատկությունները՝ անցյալը լավ են հիշում, ավելի գունեղ, իսկ ներկան՝ վատ ու մռայլ։ Հիշողության կորուստն ընթանում է ըստ «Ռիբոյի օրինաչափության»։ Ֆրանսիացի գիտնական Ռիբոն հաստատել է, որ սկզբնական շրջանում թուլամտությամբ տառապող մարդկանց հիշողությունը թուլանում է կյանքի վերջին շրջանի դեպքերի հանդեպ։ Ավելի վաղ շրջանի փորձը մոռացվում է ավելի ուշ։

Գրականություն[խմբագրել]

  • Սուքիասյան Ս. Հ., Մարգարյան Ս. Պ. Հոգեբուժություն. Մաս 1. Երևան 2006