Աղի ճանապարհ
Աղի ճանապարհ — Կողբի աղահանքերից (Արաքսի աջ ափին) դեպի Թիֆլիս և Քութայիս ձգվող սայլուղի:
Հայտնի էր դեռ վաղ միջնադարում: “Աղի ճանապարհը” սկիզբ առնելով Կողբ ավանից, Արաքսի գետանցով մտնում էր Խերբեքլու (այժմ՝ Երվանդաշատ) և Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվում դեպի Բայանդուր-Ալեքսանդրապոլ-Շիշթափա-Գորելովկա-Բոգդանովկա: Այստեղ “Աղի ճանապարհը” երկճյուղվում էր՝ մեկը դեպի Ծալկա-Թիֆլիս, իսկ մյուսը՝ Ախալքալաք-Ասպինձա-Ախալցխա-Զեկարի լեռնանցք-Քութայիս ուղղությամբ:
Արդեն XIX դ. երկրորդ կեսին այս երթուղով դեպի Անդրկովկասի տարբեր շրջաններ սայլերով և գրաստներով տարեկան տեղափոխվում էր ավելի քան 80 հզ. տոննա քարաղ: “Աղի ճանապարհը” բանուկ էր մինչև XX դ. սկզբերը: Այդ ուղով կատարվող երթևեկությունը նվազեց հատկապես 1902-ին՝ Թիֆլիս-Երևան երկաթուղու բացումից հետո:
Կողբից հարավ-արևմուտք Հայկական Պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, կոչվում էր “Աղտո ձոր”:
Աղբյուրներ, նշումներ և հղումներ [խմբագրել]
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 256