Աղետների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղետների տեսություն, 19-րդ դարի առաջին կեսի ուսմունք, որի համաձայն Երկրի երկրաբանական պատմությունը կազմված է եղել հանգիստ զարգացման փուլերից և մոլորակի դեմքը կտրուկ վերափոխող բուռն աղետներից։ Աղետների մասին շատ հնում սկզբնավորված գաղափարը 17-18-րդ դարերին սկսեցին օգտագործել երկրաբանական պատմության մեկնաբանման համար։ Երկրի գոյության տևողությունը մինչև 19-րդ դարի սկիզբը հաշվվում էր 100 հազար տարուց ոչ ավելի, և սովորական պատճառներով դժվար էր բացատրել ապարների հաստվածքներում արձանագրված այն խոր փոփոխությունները, որոնք կրել էին Երկիրը և նրա օրգանական աշխարհը հնում։ Կամենալով հաղթահարել այդ հակասությունը, ֆրանսիացի բնախույզ Ժ. Կյուվիեն 1812 թվականին մշակեց հիպոթեզ աղետների (հեղաշրջումների) մասին, որոնց ընթացքում մոլորակի մեծ մասի վրա իբր կործանվում էր կենդանի ամեն ինչ, իսկ այնուհետև ամայացած վայրերը բնակեցվում էին օրգանիզմների այլ տեսակներով, որոնք փրկվել էին աղետից հեռու շրջաններում։ Կյուվիեի ուսմունքը զարգացրին ֆրանսիացի հնէաբան Ա. դը Օրբինին, շվեյցարացի երկրաբան Լ. Ագասիսը, անգլիացի երկրաբան Ա. Սեջվիքը։ Նրանք Երկրի երկրաբանական պատմության մեջ հաշվում էին 27 աղետ։ Այդ գիտնականների պատկերացմամբ, յուրաքանչյուր աղետից հետո հերթական աստվածային «արարչական ակտի» հետևանքով առաջանում էին լրիվ նոր բույսեր ու կենդանիներ, և յուրաքանչյուր անգամ նրանք ավելի բարդ ու ավելի կատարյալ էին կազմակերպված, քան նախորդները։ Կատաստրոֆների միջև ընկած ժամանակահատվածներում նոր ստեղծված կենդանի էակները իբր ոչ մի զարգացում և փոփոխություն չէին ապրում։ Աղետիի և բազմակի «արարչական ակտերի» կոնցեպցիան համաձայնեցվում էր աշխարհի ստեղծման ավետարանական վարկածի հետ։ Ընդունելով այդ կոնցեպցիան կարելի էր բացատրել Երկրի մակերևույթի արդի վիճակը որպես վերջին «արարչական ակտի» արգասիք։ Այնուամենայնիվ, աղետների տեսությունը դրական դեր խաղաց կենսաշերտագրության զարգացման բնագավառում։ 19-րդ դարի կեսերին աղետը սկսեց կորցնել իր նշանակությունը երկրաբանության մեջ։ Ավելի ուշ աղետների տեսությունը պարտության մատնվեց նաև կենսաբանության մեջ էվոլյուցիոն պատկերացումների զարգացման շնորհիվ (Չ. Դարվին և այլք)։ Սակայն աղետի գաղափարներից հրաժարումը վերջնական չէր։ 20-րդ դարի առաջին կեսին դրանք մասամբ վերածնվեցին նեոկատաստրոֆիզմի ձևով, որի համոզիչ քննադատությունը տվել են Ն. Շատսկին՝ տեկտոնիկայում, Լ. Դավիթաշվիլին՝ հնէաբանության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png