Աղազրկման ծրագրերը Մերձավոր Արևելքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցրահամ ջրի խնդիրը Մերձավոր Արևելքում[խմբագրել]

Մերձավոր Արևելքում ապրում է մոլորակի բնակչության 5 տոկոսը, և այդ տարածաշրջանի տրամադրության տակ է համաշխարհային քաղցրահամ ջրի 0,09 տոկոսն ընդամենը։ Սա մեծ խնդիր է այս տարածաշրջանի համար, քանի որ առանց ջրի հնարավոր չէ զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և մարդկության գործունեության այլ ճյուղերը։ Հատկապես սուր է ջրամատակարարման խնդիրը Իսրայելում։ Իսրայելի տարածքի կեսից ավելին զբաղեցնում է Նեգև անապատը, ինչը վկայում է այն մասին, որ այս վայրն այդքան էլ համապատասխան չէ կյանքի համար։ Տարբեր տվյալների համաձայն յուրաքանչյուր իսրայելցի միջինում օրական օգտագործում է 80-ից 130 լիտր ջուր։ Սա բարձր արդյունք չէ համեմատած զարգացած երկրների հետ։ Օրինակ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է 500 լիտրի։ Իսրայելի ցուցանիշն ամենաբարձրն է Մերձավոր Արևելքում։ Իսրայելում ապրում է 7 միլիոն մարդ։ Ներքին սպառման համար՝ չհաշված արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման այդ երկրին անհրաժեշտ է ամեն տարի 300 միլիոն խորանարդ մետր ջուր։ Քաղցրահամ ջրի մեծ մասը արդյունահանվում է ստորգետնյա աղբյուրներից։ Նրանցից ամենամեծը Միջերկրական ծովից մինչև Հուդայական լեռների ստորոտը ձգվող աղբյուրն է, որը հայտնի է որպես ափամերձ ջրատար հորիզոն։ Նրանից տարեկան արդյունահանվում է 500 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ծովին մոտ լինելը վտանգ է ստեղծում ծովի ջրի պարբերական ներթափանցման համար, ինչը մեծացնում է ստորգետնյա ջրերում աղերի առկայությունը և կարող է այդ ջրերը դարձնել ոչ պիտանի օգտագործման համար։ Ստորգետնյա ջրային աղբյուրներին վնասում են նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների աղտոտումը։ Այս խնդիրը առկա է նաև Գազայի շրջանում, ինչը ստիպում է այստեղի բնակչությանը փնտրել քաղցրահամ ջրի արտաքին աղբյուրներ։ Իսրայելը կարող է օգտագործել Կարմիր և Միջերկրական ծովերի ջուրը և առանց աղազրկման այն խմելն անհնար է։

Աղազրկման տեսակները[խմբագրել]

Աղազրկման գործընթացն իրականացնելու համար գոյություն ունի մի քանի միջոց։ Դրանցից մեկը թորումն է, որի դեպքում շատ էներգիա է ծախսվում, սակայն ստացված արդյունքն այդքան շատ չէ։ Աղազրկման ժամանակակից սարքավորումներում, որոնք այս մեթոդով են աշխատում, գործի է դրվում վակուումային թորումը։ Այս մեթոդի սկզբունքն այն է, որ քիչ ճնշման դեպքում ջուրը եռում է շատ ավելի ցածր ջերմաստիճանի ներքո, սակայն շատ էներգիա է ծախսվում ոչ միայն եռման այլ նաև վակուումային պոմպերի աշխատանքի համար։ Այս մեթոդն օգտագործվում է մերձավորարևելյան այնպիսի երկրների կողմից, որոնք հարուստ են նավթով, իսկ Իսրայելը այդ երկրների շարքին չի դասվում։ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում՝ Սիրիայում ջրի աղազրկման համար օգտագործվում է մեմբրանային թորման եղանակը։ Ծովի ջուրն աղազրկելու համար կարելի է օգտագործել նաև սառեցման եղանակը, սակայն Իսրայելին և ընդհանրապես Մերձավոր Արևելքում կլիմայական պայմաննների պատճառով այս մեթոդն այդքան էլ իրատեսական չէ։ 2000թ.-ից սկսած աղազրկումը համարվում է ռազմավարական ուղղություն իսրայելական ջրամատակարարման իրականցման համար։

Աղազրկումն Իսրայելում և Հորդանանում[խմբագրել]

Փորձնական ծրագրեր մինչ այդ էլ են եղել, սակայն 2005 թ.-ի օգոստոսի 24-ին ջրի աղազրկումն Իսրայելում առաջին անգամ հասել էր տարածաշրջանի համար զգալի մասշտաբների։ Այդ օրը Աշկելոնից ոչ հեռու մեկնարկեց աշխարհի խոշորագույն աղազրկման գործարանի աշխատանքները, որը օգտագործելու էր հակառակ օսմոսի մեթոդը ծովի ջուրը ջրամատակարարման համար պիտանի դարձնելու համար։ 250 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը իրականացվել է ֆրանսիական Veolia ընկերության և իսրայելական IDE Technologies-ի կողմից։ Վերջինս մինչև Աշկելոնում ծրագրի իրականացումն արդեն կառուցել էր 350 աղազրկման գործարան ամբողջ աշխարհում, որոնցից 65-ը միայն Իսպանիայում։ Մի շարք մասնագետների կողմից առաջ է քաշվում այն վարկածը, որ աղազրկված ջուրը իր մեջ կարող է ունենալ այնպիսի պարունակություն, որն օգտագործելու դեպքում կարող է վատ անդրադառնալ մարդկային օրգանիզմի վրա։ Իսրայելի և արաբների միջև առկա կոնֆլիկտի հիմքում ընկած են նաև ջրային հիմնախնդիրնեը։ Գազայի շրջանի բնակիչները հավակնում են ստանալ ոչ միայն ափամերձ ջրատար հորիզոնը, այլ նաև Իսրայելից գումարային փոխհատուցում իրենց կարծիքով ջրային ռեսուրսների անարդար բախշման համար։ Մեկ այլ խնդիր է հանդիսնում նաև Սիրիայի դիրքորոշումը ջրային խնդիրների հետ կապված։ Սիրիան հրաժարվում է Իսրայելի հետ համաձայնագիր ստորագրել, մինչև որ վերջինս չվերադարձնի Գոլանի բարձունքները, որտեղ կան ջրային աղբյուրներ։ Եթե սա տեղի ունենա Իսրայելը կկորցնի իր ջրային ռեսուրսների կեսը։ Միգուցե և սա է հանդիսանում պատճառ, որ ջրի աղազրկման գործընթացը դարձել է պետական ռազմավարական ծրագիր։

Մերձավորարևելյան մեկ այլ երկիր՝ Հորդանանն այս տարի Նորվեգիայի հետ համաձայնագիր է ստորագրել փորձնական ծրագիր ձեռնարկելու շուրջ, որը ուղղված կլինի այն բանին, որ արևի էներգիան օգտագործվի Աքաբա քաղաքի մոտի ծովային ջրի աղազրկման համար։ Նորվեգացիների հաղորդմամբ Հորդանանն առաջինը կմասնակցի ‹‹Սահարայի անտառը›› ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքներին: Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Նորվեգիայի կառավարությունը կֆինանսավորի այս ծրագիրը: Առաջին փորձարկումը կիրականացվի ոչ մեծ մասշտաբով Աքաբա քաղաքի ծովափնյա շրջանում: Սկզբնականում դա կլինի 200 հազար քառակուսի մետր տարածք: Սակայն հետագայում դրա շուրջ կհատկացվի երկու միլիոն քառակուսի մետր տարածք ապագայում սպասվող աշխատանքների համար: Փորձնական փուլում գյուղատնտեսական դաշտերի ջրման համար ջուրը կօգտագործվի առանց ջերմոցային գազերի արտանետման, որոնք ըստ գիտնականների հանդիսանում են գլոբալ տաքացման պատճառ: Արևային էներգիան կտաքացնի ջուրը, վերածելով այն գոլորշու, որն իր հերթին կպպտեցնի էլեկտրաէներգիա արտադրող տուրբինները: Ծրագրի գրաֆիկը խոստանում է, որ արդեն 2011թ.-ին կփորձարկվի ծրագրի իրականացման հնարավորությունը, իսկ 2012-ին տեղի կունենա փորձնական մեկնարկը: Եթե այն բարեհաջող անցնի, ապա 2015թ.-ից սկսած ծրագիրը կսկսի աշխատել լիարժեք հզորությամբ : Արդյունաբերական աղազրկման սարքերը ստեղծվել և գործում են աշխարհի շատ երկրներում, որտեղ գոյություն ունի ջրի դեֆիցիտ` Կանարյան կղզիներում, Թունիսում, Անգլիայում, Կարիբյան ծովի Արուբա կղզում, Կուբայում, Վենեսուելայում, Կալիֆորնիայում, Հնդկական օվկիանոսի կղզիներում, Ուկրաինայի սևծովյան հյուսիս-արևմտյան շրջանում և Ազովի ծովի մերձակայքում, Թուրքմենբաշի քաղաքում և այլ վայրերում։ Սակայն աղազրկման գործընթացը ունի իր մի շարք բացասական կողմերը, որոնցից մեկն այն է, որ նման գործարաններ ստեղծելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր, իսկ մյուս պատճառներից է այն, որ աղազրկված ջուրը մահացու վտանգ կարող է հանդիսանալ մարդկանց, կենդանիների և բույսերի համար։ Որպես օրինակ կարելի է բերել Կասպից ծովում գտնվող Մանգիշլակ թերակղզում տեղի ունեցած ողբերգությունը։ 1973թ.-ին կառուցվել են ատոմակայան և հզոր աղազրկման սարքավորում Շևչենկո քաղաքի բնակիչների և տնտեսության համար ջուր և էլեկտրաէներգիա մատակարարարելու համար։ Մարդիկ այս ջուրն օգտագործում էին խմելու, ուտելու, բույսերի ոռոգման և կենդանիներին ջուր տալու համար։ Քաղաքում աճել էր քաղցկեղով հիվանդների և մահացած երեխաների ծնվելու քանակը։ Այս իրադարձություններից հետո Ղազախստանն այլևս չի դիտարկում ծովի ջրի աղազրկումը որպես ջրամատակարարման աղբյուր։ Բոլոր ժամանակակից զարգացած և զարգացող երկրները հասկանալով աղազրկված ջրից ի հայտ եկող խնդիրները, թույլ են տալիս իրենց տարածքներում գտնվող աղազրկման սարքավորումները օգտագործել միայն տեխնիկական և տնտեսական կարիքների համար, որոնք բացառում են աղազրկված ջրի ներթափանցումը մարդկային օրգանիզմի մեջ։ Սա տեղի է ունենում Միջերկրական ծովի և Պարսից ծոցի բոլոր երկրներում, որտեղ կենտրոնացված է աշխարհում առկա աղազրկման սարքավորումների 50 տոկոսից ավելին։

Այլ երկրների փորձը[խմբագրել]

Մալթայում, Քաթարում, Միացյալ Էմիրություններում լիովին բացակայում են քաղցրահամ ջրի սեփական աղբյուրները և ջրմուղ խողովակներով հոսում է ծովի աղազրկված ջուրը և օգտագործվում է միայն տնտեսական և տեխնիկական կարիքների համար։ Խմելու ջուրը այս տարածաշրջանում բերվում է արտասահմանից և վաճառվում է շշերով։ Սաուդյան Արաբիայում էլ կա նման խնդիր և այս երկիրը նույնպես օգտագործում է աղազրկված ջուրը, իսկ խմելու ջուր ներմուծում է Նոր Զելանդիայից, իսկ բանջարեղեն և միրգ՝ Ավստրիալիայից։ Ավստրիալիայում նույնպես մեծ ուշադրություն են դարձնում աղազրկման համար նախատեսված սարքավորումների կառուցմանը։ Կապված Հարավային Ավստրալիա նահանգում առկա քաղցրահամ ջրի պակասի խնդրի հետ պլանավորվում է կառուցել ջրի աղազրկման համար նախատեսված խոշոր սարքավորումներ։ Նման սարքավորումների կառուցումն իրականացվելու է Սենտ-Վինսենտ ծոցում Ադելաիդային ջուր մատակարարելու նպատակով։ Լեռնահանքային արդյունաբերական BHP Billiton ընկերությունը նախատեսում է ջրի աղազրկման համար խոշորագույն գործարան կառուցել Սպենսեր ծոցի հյուսիսային մասում։ Ըստ այդ ծրագրի գործարանը ամեն օր 360 հազար մետր խորանարդ ջուր կվերցնի ծոցից՝ արտադրելով 180 հազար մետր խորանարդ քաղցրահամ ջուր և լցնելով ծոց 180 հազար մետր խորանարդ աղաջուր, որը մնում է ջրի աղազրկումից հետո։ Սակայն այս ծրագրերի իրականացման դեմ են հանդես գալիս տեղի էկոլոգիական կազմակերպությունները։