Ահմադ իբն Հանբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ իբն Հանբալ
Ահմադ իբն Հանբալ.jpg
(իրավագետ, աստվածաբան)
ԱԱՀ՝ Ահմադ իբն Հանբալ
Բնագիր
ԱԱՀ՝
أحمد بن حنبل
Ծննդյան օր՝ 780 / 164 հիջրա
Ծննդավայր՝ Բաղդադ
Վախճանի օր՝ 855 / 241 հիջրա
Վախճանի վայր՝ Բաղդադ

Ահմադ իբն Հանբալ ( 780 / 164 հիջրա – 855 / 241 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي‎‎, Աբու 'Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի, արաբ մուսուլման իրավագետ և աստվածաբան, սուննի իսլամի չորս իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբ․՝ الحديث‎‎) և ֆիկհը (արաբ․՝ الفقه‎‎), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և ալ-Շաֆի'իի հետ։

Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի ավանդապաշտների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների՝ Վակի իբն ալ-Ջարրահ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա'ինի և ուրիշների հետ։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազիլիական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբ․՝ مهنة‎‎) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարի՝ (833-834) թվականներին, նրան պահում էին բանտում։

Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվածություն դրսևորեցին նրա հարցում։ Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ Բաղդադում ապրելու թույլտվությամբ։ Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ երկու խալիֆների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելու գաղափարը։ Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան ավանդապաշտների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։

Գործունեություն[խմբագրել]

Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազիլիականների դեմ պայքարում։ Խալիֆի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։

Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավորությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ 9-րդ դարի 20-40-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ:

Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (արաբ․՝ الإيمان‎‎՝ իման)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (արաբ․՝ بداع‎‎՝ բիդա') մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնավորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակությունների առաջին երեք սերունդների «միասնական կարծիքով» (արաբ․՝ الإجماع‎‎՝ իջմա'), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանաչում էր կուրեյշցիների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (արաբ․՝ فطنة‎‎՝ ֆիտնա) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։

Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը» (արաբ․՝ المسند‎‎)՝ ավելի քան 30 հազար հադիս և 6 'ակիդ պարունակող հավաքածու, «Աղոթքի գիրքը» (արաբ․՝ كتاب الصلاة‎‎՝ քիթաբ աս-սալաթ)՝ նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Պատասխաններ տարբեր հայացքներին ու հերետիսկոսություններին» (արաբ․՝ كتاب الرد على الجهمية والزنادقه‎‎՝ քիթաբ առ-ռադդ 'ալա-լ ջահմիյա ուա-զ-զանադիկա)՝ բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները։

Ալ-Հանբալիյյա[խմբագրել]

Իսլամը բաժանվում է 2 ուղղության՝ սուննիզմ և շիիզմ։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։

Հանբալիները իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից։ Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր ճգնաժամի շրջանում (արաբ․՝ المهنة‎‎՝ միհնա)՝ հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների ({{lang-ar| أهل الحديث՝ ահլ ալ-հադիս) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։

Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը համարում էին շահադիտական տեսության (արաբ․՝ كلام‎‎՝ քալամ) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին մարգարեի սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար բացատրություն՝ թաֆսիր (արաբ․՝ السنة تفاسير القرآن‎‎՝ աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր'ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբ․՝ بلا كيف‎‎ չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հավատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը։

Madhhab Map2.png

Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10-րդ դարեր) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբ․՝ عاقد‎‎՝ 'ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ուսումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր։ Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրոնացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։

Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբ․՝ الإيمان‎‎՝ իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահմանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբ․՝ بداع‎‎՝ բիդա') մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում (արաբ․՝ فطنة‎‎՝ ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբ․՝ نصيحة‎‎՝ նասիհա) ունենալը։ Հանբալիները պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության (արաբ․՝ كسب‎‎՝ քասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» (արաբ․՝ توكل‎‎՝ թավաքքուլ)։

Ուսմունքի տարածումը[խմբագրել]

10-րդ դարի առաջին քառորդում, հանբալիականներն առաջ քաշեցին ամբողջ մուսուլմանական հասարակության միավորման գաղափարը։ Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց՝ հանբալիականների՝ որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահապանների մասին պատկերացումները։ Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա։ Դրան հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը։

Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում՝ հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ։ Դրանցից մեկը (արաբ․՝ كتاب العمدة في أحكام الفقه‎‎՝ քիթաբ ալ-'ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհ) պատկանում է Մուվաֆֆակ ալ-Դին իբն Կուդամին (1146-1223), երկրորդը (արաբ․՝ السياس الشريعة‎‎՝ աս-Սիյաս աշ-Շար'իյան)՝ գրվել է 13-րդ դարում Իբն Թայմիայի կողմից։ Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են Ղուրանն ու Մարգարեի սուննան։ Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը (արաբ․՝ الإجماع‎‎՝ իջմա')` այն սահմանափակելով Մուհամմադի հետևորդների և կողմնակիցների առաջին սերունդներով: Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին անալոգիայով (արաբ․՝ القياس‎‎՝ կիյաս') դատելը։

Հանբալիականների գաղափարները գտան Իրաքի, Խորասանի, Սիրիայի, Հիջազի քաղաքային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա։ Ամբողջ միջնադարի ընթացքում հանբալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել։ Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների՝ իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «Մուսուլման եղբայրների» կողմից։ Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է Սաուդյան Արաբիայում։

Գրականություն[խմբագրել]

  • Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991

Արտաքին հղումներ[խմբագրել]