Ակունք (ազգագրական համույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակունք
Ժանրերազգագրություն
Գործունեություն1974
 Akunk folk ensemble Վիքիպահեստում

«Ակունք» ազգագրական համույթ»՝ ձևավորված 1974 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակունք» ազգագրական համույթ» ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։ 1981 թվականին այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։ Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը (1979 թ.-Էստոնիա, 1981 թ.- Արևմտյան Գերմանիա, 1982 թ. – Ալմա-Աթա, 1982 թ. – Կիև, 1983 թ. -Մոսկվա, 1984 թ. – Ռոստով, 1987 թ. – ԱՄՆ և Կանադա, 1988 թ. – Վրաստան, 1988 թ. – Մոսկվա, 1991 թ. -Իտալիա, 1996 թ. – Սիցիլիա, 2000 թ. – Թուրքմենստան, 2001 թ. – Հնդկաստան, 2002 թ. – Բելգիա, Գերմանիա, 2009 թ. – Սիրիա, Թուրքիա, 2010 թ., 2011 թ. – Արևմտյան Հայաստան /Թուրքիա/) 2017թ.- Եգիպտոս,2022թ. - Մոսկվա, 2023թ.- Սանկտ-Պետերբուրգ, Սոչի։

Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։ Համերգային ծրագրերում հնչում են դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, զուռնա, գործիքային կատարումներ և աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ 2007 թվականին «Ակունք» համույթը համարվեց անվանացանկի հաղթողը։

2010 թվականի հուլիսի 25-ին Երևանում կայացավ ազգությամբ զազա երաժիշտների և «Ակունք» համույթի համատեղ կատարումներով թողարկված «Փեթակ» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի նյութը Արևմտյան Հայաստանի Դերսիմի տարածքից (պատմական Ծոփք նահանգի մի մասը՝ Վանա լճից դեպի հյուսիս) գրառված երգերն են։ Այսօր էլ համույթը համարվում է ամենաշարժուն խմբերից մեկը և հավատարիմ է իր առաքելությանը։ Այն ավելի քան 35 տարի պատշաճ կերպով ներկայացնում է հայ ազգային արվեստը ամենուրեք՝ որպես սկզբունք դավանելով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա լավագույն ազգագրական համույթ», Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2007 թվական

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]