Ալ-Մութանաբբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
ալ-Մութանաբբի
المتنبّي

Almutanabbi1.jpg

Ծնվել է 915 / 303 հիջրա
Քուֆա,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Մահացել է 23 սեպտեմբեր 965 / 354 հիջրա
ալ-Նումանիյա,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Մասնագիտություն գրող, բանաստեղծ
Ազգություն արաբ
Ուշագրավ աշխատանքներ «Շամմիյաթ»
«Սայֆիյաթ»
«Քաֆուրիյաթ»
«Ադուդիյաթ»

Ալ-Մութանաբբի (915 / 303 հիջրա – 965 / 354 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو الطيب أحمد بن الحسين المتنبّي الكندي‎‎, Աբու Զեյդ 'Աբդ ալ-Տեյյիբ Ահմադ բնու ալ-Հուսեյն ալ-Մութանաբբի ալ-Քինդի, խոշորագույն արաբ բանաստեղծ։ Իր 326 բանաստեղծությունների մեծ մասը այն թագավորների գովերգումն էր, ում հյուրընկալել էր իր կյանքի ընթացքում։ Մեծատաղանդ բանաստեղծը իր հանճարով մշտապես գրավել է ժամանակի մուսուլման տիրակալների ուշադրությունը, ովքեր նրան հաճախ հրավիրել են պալատ՝ որպես պալատական ձոներգու։ Ալ-Մութանաբբին սկսել է բանաստեղծություններ գրել 9 տարեկանից։ Իր բանաստեղծություններում շատ են իմաստուն խոսքերը, ասացվածքները, հատկապես ընդգծվում են ոճը և շարադրանքը։ Գեղեցիկ գույներով են նկարագրված ճակատամարտերը, պատմական մի շարք դրվագներ, շատ են փիլիսոփայական մտքերը։ Նրա բանաստեղծական ժառանգությունը բաժանվում է 4 շրջանների, որոնցից յուրաքանչյուրը ներառում է նրա գործունեության առանձին փուլ։ Դրանք են՝ շամմիյաթ, սայֆիյաթ, քաֆուրիյաթ, ադուդիյաթ։ Բանաստեղծություններից շատերը առ այսօր լայնորեն տարածված են արաբական աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել]

Ալ-Մութանաբբին ծնվել է Իրաքի Քուֆա քաղաքում 915 թվականին։ Նրա հայրը ջրավաճառ էր, բայց սերում էր եմենական ալ-Քինդա ազնվական ընտանիքից։ Կրթություն ստացել է Սիրիայի Դամասկոս քաղաքում։ Երբ Շիա կարմատները 924 թվականին գրավում են Քուֆան, ալ-Մութանաբբին միանում է նրանց։

Ալ-Մութանաբբի արձանը Բաղդադում

Ալ-Մութանաբբին ապրում է բեդուինների հետ և սովորում նրանց բարբառը։ Ձգտելով դառնալ մարգարե՝ նա հորջորջվում է ալ-Մութանաբբի (արաբ․՝ النبي‎‎՝ «ալ-Նաբի», մարգարե) և 932 թվականին առաջնորդում կարմատների զորքերին սիրիական արշավանքի ժամանակ։ Արշավանքի պարտությունից հետո նա բանտարկվում է, իսկ 935 թվականին բանտից դուրս գալով՝ դառնում թափառական պոետ։ Հենց այս ժամանակ էլ ալ-Մութանաբբին գրում է իր առաջին բանաստեղծությունները, որոնք ներառվում են «Շամմիյաթ» ժողովածուում։ Նրա մեջ մտնում են բանաստեղծություններ, որոնք նա հորինել է իր ճանապարհորդությունների ընթացքում՝ Սիրիայի տարբեր քաղաքներում և բեդվինական միջավայրում։ Այստեղից էլ գալիս է անունը՝ Սիրիա (արաբերեն՝ Շամ)։

Ալ-Մութանաբբին ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ մասնատվում էր Արաբական խալիֆայությունը։ Պետության մի շարք երկրամասեր ու նահանգներ ձեռք էին բերել ռազմաքաղաքական ինքնիշխանություն։ Այս նահանգներից նշանավոր էր Հալեպի ամիրայությունը։ Ալ-Մութանաբբին սկսում է գրել ձոներ՝ շարունակելով ու հարստացնելով իր նախորդների՝ Աբու Թամամի ու ալ-Բուհթուրիի հիմնած ժանրը։ 948 թվականին նա ներկայանում ՝ Հալեպի և Հյուսիսային Սիրիայի իշխան Սեյֆ ադ-Դաուլա ալ-Համդանիին։ Նույն տարում իր աշխատանքն է սկսում իշխանի դատարանում, ապա նաև՝ նրան ուղեկցում Բյուզանդական կայսրության դեմ մղվող ճակատամարտերում։ Իշխանի պալատում 9 տարի (948-956 թվականներ) ապրելու ընթացքում բանաստեղծը գրել է իր ամենանշանավոր ու հայտնի ստեղծագործությունները, ձոնել Համդանի իշխանին։ Սակայն վերջինիս և բանաստեղծի միջև տարաձայնություն է առաջանում, երբ նա վալի դառնալու հավակնություն է հայտնում։ Շուտով ալ-Մութանաբբին ստիպված է լինում Սիրիայից հեռանալ Եգիպտոս, որտեղ նա ապրում է 4 տարի՝ (956-960 թվականներ)։

Կյանքի վերջին տարիները անցկացնելով Բուի կառավարիչ Ադուդ ադ-Դաուլայի Իրանի Շիրազ քաղաքում գտնվող պալատում, ալ-Մութանաբբին սպանվում է Բաղդադում, 965 թվականին՝ 50 տարեկան հասակում։

Շամմիյաթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շամմիյաթ
Պալմիրայի ավերակները Սիրիայում

Սկզբնական շրջանում ժանրային բազմազանությունը էական ու զգալի չէր։ Սովորաբար նրա ձոն-կասիդաները (արաբերեն՝ قصيدة) իրենցից քնարական մեծամասնություն են նեևկայացնում։ Նախերգանքը (արաբ․՝ نسب‎‎՝ նասբ) երբեմն բավականին կրճատված է կամ ընդհանրապես մի կողմ է նետվում։ Բայց փոխարենը մտցվում են փիլիսոփայական խոհեր՝ ընդհանուր թեմաներով։ Զոհված կամ մահացած մարդկանց մեծարման բանաստեղծությունները՝ եղերերգությունը կամ էլեգիան (արաբ․՝ رثاء‎‎՝ ռիսա), նույնպես ավանդական ձևով են կառուցվում. դրանք գրեթե չեն տարբերվում նախկին դարերի գրողների ռիսաներից։ Սակայն նրան արդեն իսկ հատուկ է կոմպոզիցիոն կանոնակարգվածությունը, որը դարձել է պարտադիր այդ ժանրի ստեղծագործությունների համար։ Կենտրոնական տեղը երիտասարդ ալ-Մութանաբբիի ստեղծագործություններում զբաղեցնում է ձոնը (արաբ․՝ مدح‎‎՝ մադհ)։ Գովերգվողը հանդես է գալիս որպես խիզախ զինվոր կամ մեծ խավի տեր մարդ։ Ալ-Մութանաբբիի տարբեր ձոներոմ կասիդայի առանձին մասերը միավորելու համար նա դիմում է տարբեր ոճային հնարքների։ Նրա քնարական մուտքը հորինված է նախաիսլամական ավանդական ոգով, լքված սիրեցյալը չի տարբերվում բոդվինական գեղեցկուհիներից։ Այստեղ նաև առկա են նրա ճանապարհորդությունները անապատով, ձիու նկարագրությունները (արաբ․՝ وصف‎‎՝ ուասֆ)։ Նրա ձոներում առկա է նաև նրա պոեզիայի կենտրոնական գաղափարներից մեկը՝ արաբական գերազանցության գաղափարը։ Բոլորովին այլ կերպ են հնչում ստեղծագործությունները, որոնք գրվել են բանտում, այստեղ բացակայում է ինքնագովերգումը և ընդհակառակը, այստեղ նա զղջում է իր արարքների համար և ներում է խնդրում։ Այս շրջանի ստեղծագործություններում նա պահպանել է ավանդական կասիդայի կառուցվածքը, սակայն փորձել է որոշակի նորություն մտցնել։

Սայֆիյաթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սայֆիյաթ
Հալեպի բերդը

Սեյֆ ադ-Դաուլայի պալատում գրված բանաստեղծությունները ամփոփված են «Սայֆիյաթ» դիվանում։ Այս ստեղծագործություններիում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են ոչ միայն որպես պալատական ձոներգուի պարտավորություն, այլև նրանք արտահայտում են նաև պոետի հիացմունքը իր՝ պոետի նկատմամբ։ Սեյֆ ադ-Դաուլային ուղղված ձոներում նա միշտ շեշտում է, որ միայն այնպիսի պոետը, ինչպիսին ինքն է, կարող է գտնել համապատասխան խոսքեր, որ արժանի կերպով գովերգի իշխանին։ Իր գերազանցությունը մյուսների նկատմամբ նա բացատրում է ոչ միայն իր յուրահատուկ տաղանդով, այլև իր մաքուր պարսկական ծագմամբ։ Ալ-Մութանաբիի ձոները գրվում էին ինչ-որ իրադարձությունների հետ կապված, որոնցից էին արշավանքները, նրա հիվանդությունը, հարազատներից մեկի մահը կամ էլ աննշան մի դեպք նրա կյանքից։ Այստեղ առավել ցայտուն է արտահայտվել արաբամուսուլմանական գերազանցությունը, որը պայմանավորում է այս ստեղծագործություններում իդեալական արաբական կառավարչի թեմայի գերակայությունը։ Սա «քաղաքական պոեզիա» է, քնարաէպիկական ստեղխագործություններ, որոնք արտահայտում կամ էլ արդարացնում են հովանավորի քաղաքական ձգտումները։ Գրված են ճոխ լեզվով, իդեալական հանգավորումով և պարունակում են գովասանքներ ամիրի նախնիների, արարքների և սխրանքների մասին։ Սայֆի արշավանքների մեծ մասը ավարտվում էին անհաջողությամբ, բայց հավատարիմ մնալով ժանրին՝ ալ-Մութանաբբին ամեն անգամ, նույնիսկ անհաջող արշավանքը ներկայացնում է որպես մեծ հաղթանակ։ Նրա ներկայութոյւնը Սեյֆ ադ-Դաուլայի բոլոր արշավանքներին պարտադիր չէր, քանի որ դա չէր խանգարում նրան վառ կերպով ներկայացնել այդ իրադարձությունները՝ հիմնվելով նրա բանավոր պատմածի վրա։ Հալեպի ամիրը օգտագործում էր ալ-Մութանաբբիի ազդեցությունը՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Նրա հրամանով երբեմն ալ-Մութանաբբիի ձոները վերափոխում էր ռազմաքաղաքկան կոչերի, որոնցով ոգևորում էր զինվորներին։

Քաֆուրիյաթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քաֆուրիյաթ
Եգիպտոսի մայրաքաղաք Ֆուստատի ավերակները

Եգիպտոսը դառնում է ալ-Մութանաբբիի հաջորդ հանգրվանը։ Երկրին տիրած Իխշիների դինաստիայի ներկայացուցիչ Աբու ալ-Միսկ Քաֆուրի անունով նրա գործունեության երրորդ փուլը անվանվում է «Քաֆուրիյաթ»։ Ի տարբերություն Սայֆիյաթի եգիպտական բանաստեղծությունները իրենցից ոչ միայն ձոներ են ներկայացնում, այլև վիրավորանքներեն՝ ուղղված հովանավորին, հուսախաբություն դեռևս ոչ վաղ անցյալի վրաբերյալ, զղջում, վիրավորված ինքնասիրության զգացում այն մտքից, որ ստիպված է գովերգել սևամորթին։ Այս ամենը արտահայտված է այս շրջանի ստեղծագործությունների մեջ։ Քաֆուրի գովերգումը նրա համար շատ բարդ գործ էր ոչ միայն իր հոգեկան վիճակի պատճառով, այլև առաջինի ծագման, գործունեության պատճառով, քանզի ոչ առաջինը ոչ երկրորդը, ոչ նույնիսկ նրա արտաքինը գովեստի արժանի չէին, և նա ռազմական գործի գիտելիքներով և սխրանքներով առանձնապես չէր փայլում։ Այսպիսով բանաստեղծական ռեսուրսները շատ սահմանփակ էին, և նա ստիպված էր գովերգել միայն հովանավորի առատաձեռնությունը։

Ալ-Մութանաբբիի բանաստեղծական տաղանդը օգնում էր իրեն գտնել կերպարներ, որ գովերգի չսիրած հովանավորին, սակայն, իմանալով թե ինչքան տհաճ էր Քաֆուրի համար ցանկացած ակնարկ իր արտաքինի վերաբերյալ, ալ-Մութանաբբին ամեն անգամ հաճոյախոսում էր նրան, հիշեցնում նրան իր մաշկի գույնը և ֆիզիկական թերությունները։ Նա գնալով ավելի ու ավելի էր գիտակցում իր դիրքի նվաստությունը Քաֆուրի մոտ։ Նա սկսում էր մտածել Եգիպտոսից հեռանալու մասին։ Քաֆուրի ներկայությամբ նա մի կասիդա է արտասանում, որտեղ անկեղծորեն հայտնում է Եգիպտոսը և իր տիրոջը լքելու մասին։ Քաֆուրը խմելու սովորություն չուներ և մեծ ուշադրություն չէր դարձնում սիրային արկածներին, այդ պատճառով նրա դիվանում քիչ են գինու և սիրո մասին աստեղծագործությունները։ Ինչպես սովորական քաղաքացի՝ նա համեատաբար անտարբեր էր կրոնի հանդեպ, հազվադեպ էր աղոթում, երբեք Ղուրան չէր կարդում։ Նա միշտ գտնվում էր հույսերի և երազանքների իշխանության տակ, որոնցից հեշտորեն անցնում էր հիասթափության և անգամ հուսահատության։

Ադուդիյաթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ադուդիյաթ
Շիրազ

Վերջին շրջանը կապված է բանաստեղծի՝ Իրանի Շիրազ քաղաքում՝ Բուի կառավարիչ Ադուդ ադ-Դաուլայի պալատում լինելու հետ։ Այս շրջանի բանաստեղծությունները իրենց տոնով ակնհայտորեն տարբերվում են նախորդ շրջանի հանդիսավոր կասիդա-ներբողներից։ Ալ-Մութանաբբին սկսում է հասկանալ ոչ միայն այն, թե որքան անիրականանալի են նրա փառասիրական հավակնությունները, այլ նաև կյանքի փորձը դարձնում է նրան իմաստուն և նա հասկանում է կյանքի հաջողությունների հետևից հասնելու ողջ անցողիկությունն ու ունայնությունը։ Եթե նախորդ շրջաններում նրա մոտ բնության նկարագրությունները ձևական բնույթ ունեին, ապա հիմա կենտրանական են դառնում։ Շիրազի ճոխ տեսքը նրա մոտ առաջացնում է հիշողություններ և նա իր կասիդաներում անդրադառնում է դրանց նկարագրություններին։

Շիրազյան շրջանում ժանրային ընտրանին ընդլայնվում է, նա սկսում է հորինել տարբեր բովանդակությամբ բանաստեղծություններ։ Նրա պոեզիան լիովին բավարարում է միջնադարյան արաբական ճաշակի պահանջներին։ Չնայած ավանդական ժանրերին հավատարիմ մնալուն, նա կարողացավ հաղթահարել կանոնի կտրուկ պահանջները։ Նրա կասիդա-ներբողների բովանդակությունը դարձան ժամանակակիցների կյանքը, իր ժամանակի քաղաքական և ռազմական իրադարձությունները։ Նա փորձում էր դուրս գալ ավանդական նորմերի շրջանակներից և, չնայած հասնում է բավականին համեստ հաջողությունների, այնուամենայնիվ նրա ստեղծագործական տենդենցը վկայում է դասական արվեստի փոփոխության մասին։ Կասիդա-ներբողներում նա փորձում ինչ-որ նոր բան մտցնել ՝ մեկ կրճատում էր նախաբանը, մեկ ընդհանրապես հանում։ Մեկ եռամաս կասիդան դարձնում երկմաս՝ թողնելով նասիբ և մադհ։ Նա անիմաստ էր համարում մադհի նախաբանի մեջ քնարական մասի անհրաժեշտությունը։ Շիրազյան շրջանում նրա թախիծը ավելի է խորանում օտարության մեջ գտնվելու պատճառով։

Գրականություն[խմբագրել]

  • Фильштинский И.М. История арабской литературы
  • Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
  • Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.

Արտաքին հղումներ[խմբագրել]