Ալ-Բուհթուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Բուհթուրի
البحتري
Ծնվել է821[1]
ԾննդավայրԱբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն, Մանբիջ
Վախճանվել է897[2][1]
Վախճանի վայրԱբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն, Հալեպ
ԳերեզմանՄանբիջ
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունարաբ
Ժանրերկասիդա
պոեմ
Գրական շարժումներվերադարձ դեպի հնության շարժում
Ուշագրավ աշխատանքներՔիթաբ ալ-Համասա

Ալ-Բուհթուրի (821[1], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա - 897[2][1], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1]), ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو الوليد بن عبيدالله البحتري التنوخي‎‎, (Աբու ալ-Ուալիդ իբն Ուբայդալլահ ալ-Բուհթուրի ալ-Թանուխի), արաբ նշանավոր բանաստեղծ և բանասեր։ Ալ-Բուհթուրին եղել է Աբու Թամմամի աշակերտը և ժամանակակիցը։ Արյունակցական կապեր է ունեցել թայ ցեղի հետ։ Ալ-Բուհթուրիի մասին գլխավոր աղբյուրը բանասեր և պատմաբան Աբու Բաքր աս-Սուլիի «Տեղեկություններ Ալ-Բուհթուրիի մասին» աշխատությունն է։ Ինչպես նաև կարևոր աղբյուր է Աբու ալ-Ֆարաջ ալ Իսֆահանիի «Երգերի գիրքը»[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է Սիրիայում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող Մանբիջ քաղաք-ամրոցում։ 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց Բաղդադ և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել։ Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես խալիֆ ալ-Մութավաքքիլի (արաբ․՝ المتوكل‎‎) օրոք, ում էլ հենց Ալ-Բուհթուրին ուղղում էր իր ձոները։ Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական բարձր դիրքի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին։

Ալ-Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները Դամասկոսում, Հայաստանում և այլուր։ Սակայն այս ամենը չխանգարեց ալ-Բուհթուրիին մասնակցել ալ-Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ։ Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ ալ-Մունթասիրի (արաբ․՝ المنتصر‎‎, 861-862), ալ-Մութազզի (արաբ․՝ المعتز‎‎, 866-869 ), ալ-Մուհթադիի (արաբ․՝ المهتدي‎‎, 869-870), ալ-Մութամիդի (արաբ․՝ المعتمد‎‎, 870-892) և ալ-Մութադիդի (արաբ․՝ المعتضد‎‎, 892-902) ձոներգուն։ Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին։

Ըստ աղբյուրների՝ ալ-Բուհթուրին 9-րդ դարի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը։ Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները (ֆախր), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին։ Երբ մահացավ Աբու Թամմամը, ալ-Բուհթուրին իր ուսուցչին նվիրված ռիսա չգրեց։ Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում։

Ալ-Բուհթուրին Աբու Թամմամի հետ միասին «Վերադարձ դեպի հնություն» շարժման ներկայացուցիչ էր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով։ Բաղդադում արդեն նա հիմնականում գրում էր մադհեր, սակայն չէր մոռանում նաև ֆախրի մասին։ Իր մադհերում գովերգվող անհատին բնութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն։ Ի տարբերություն Աբու Թամմամի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար։ Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից։ Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները։ Ներբողները հարստացնում են ուասֆերը (արաբ․՝ الوصف‎‎ )։ Նրա՝ բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են նախաիսլամական շրջանի պոետների կասիդաները։ Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են Իմրուլկայսի մուալլակայի տողերի հետ։

Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով։ Շատ արժեքավոր են ալ-Մութազզ խալիֆի և պարսից Խոսրով I Անուշիրվան արքայի պալատների նկարագրությունները։

Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը (նասիբ)։ Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին։ Երբեմն նրա նասիբներում երևում է ուզրական պոետների ազդեցությունը։ Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ։

Միջնադարյան արաբ բանասերները ալ-Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և ալ-Մութանաբբիի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին։ Ընդօրինակելով իր ուսուցիչ Աբու Թամմամին՝ ալ-Բուհթուրին նույնպես կազմել է անթոլոգիա՝ «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ayyildiz, Esat (2021 թ․ դեկտեմբերի 25). «el-Buhturî'nin Methiyeleri». Bingöl Üniversitesi İlahiyat Fakültesi Dergisi (թուրքերեն). - (18): 136–153. doi:10.34085/buifd.1011660. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]