Ալպիական ճայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպիական ճայ
Ալպիական ճայ
Ալպիական ճայ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ինֆրակարգ Corvida
Վերնաընտանիք Corvoidea
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Pyrrhocorax
Տեսակ Ալպիական ճայ (P. graculus)
Միջազգային անվանում
Pyrrhocorax graculus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ալպիական ճայ (լատին․՝ Pyrrhocorax graculus), ճայերի ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Pyrrhocorax graculus graculus

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75-85 սմ, կենդանի զանգվածը՝ 240-295 գ։ Փետրավորումը սև է, իսկ երկար պոչը և թևերը՝ կլորավուն։ Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին։ Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված և դեղին, սևավուն ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով։ Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ երամային է։ Երամները կայուն և միասնական են։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը։ Արձակում է խիստ բնորոշ բարձր տոնայնության սուր ճիչեր։

Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Նստակյաց և չվող այս տեսակը բնադրում է ոչ մեծ գաղութներով։ Գավաթաձև բույնը պատրաստում է դժվարհասանելի ժայռերում և կիրճերում։ Ձվադրումը մայիս-հունիսին է, զարգացումը՝ 18-21 օր։ Դնում են 3-6 ձու[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ալպիական ճայի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995 թվականին։ Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ։ Բարձրադիր լեռնագոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում[1]։

Տարածված է Հարավային Եվրոպայի, Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռներում, Արևմտյան Տիբեթում, Հիմալայներում և Ալթայում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ և Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սպառնացող վտանգներից է, հավանաբար, փոքր թվաքանակը։

Ապրելավայրերի մի մասը ներգրավված է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։ Պահպանվում է «Բողաքար» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական ճայ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական ճայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։