Ալիշեր Նավոի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավոի, Ալիշեր Նավոյի, Նիզամադդին Միր Ալիշեր, ուզբեկ բանաստեղծ, մտածող, պետական գործիչ։

15 տարեկանում Նավոին արդեն հայտնի է եղել որպես բանաստեղծ։ Ստեղծագործել է միջինասիական թյուրքի և ֆարսի լեզուներով։ 1472 թվականին նշանակվել է վեզիր և ստացել էմիրի տիտղոս։ Հովանավորել է գրչի, գիտության և արվեստի մարդկանց։ Խարազանել է աստիճանավորների չարաշահումները, կաշառակերությունը, սուլթանի առջև հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ Այս ամենը դժգոհություն է առաջացրել պալատում, 1487 թվականին նա արտաքսվել է հեռավոր Աստրաբադ, նշանակվել նահանգի կառավարիչ։ 1488 թվականին վերադարձել է Հերաթ և մինչև կյանքի վերջը նվիրվել ստեղծագործական աշխատանքի։ Նավոին հեղինակ է բանաստեղծությունների, ծավալուն պոեմների, արձակ գործերի և գիտական տրակտատների 30 ժողովածուների։ Նրա «Մտքերի գանձարան» քնարական բանաստեղծություններ (այդ թվում՝ ավելի քան 2600 գազել) ամփոփող ժողովածու է, որ նա ինքը 1498-1499 թվականներին հավաքել և իր տարիքային չորս փուլերին համապատասխան ժամանակագրական կարգով դասավորել է «Մանկության զարմանալիքներ», «Պատանության հազվադեպ բաներ», «Միջին տարիքի զարմանալիքներ» և «Ծերության խրատներ» դիվաններում։ Նավոին լայն ճանաչում է գտել, ըստ Արևելքի գրական ավանդույթի, Նիզամի Գյանջևիի և Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծ Ամիր Խոսրով Դեհլևիի «Հնգամատյանների»-ն որպես պատասխան գրած իր «Հնգամատյանով» («Արդարակյացների սքանչացումը», 1483, «Լեյլի և Մեջնուն», 1484, «Ֆարհադ և Շիրին», 1484, «Յոթ մոլորակ», 1484, «Իսկանդարի պատը», 1485)։ Նախորդներից վերցված սյուժեներն ու որոշ ձևական առանձնահատկությունները Նավոիի «Հնգամատյանի» պոեմներում ստացել են գաղափարագեղարվեստական նոր մեկնաբանություն։ «Արդարակյացների սքանչացումը» փիլիսոփայական-հրապարակախոսական պոեմում Նավոին մերկացրել է ֆեոդալական իրականության արատները, առաջադրել արդարության, ազնվության իր իդեալները։ Արևելքում տարածված սիրային ավանդությունը նրա «Լեյլի և Մեջնուն» պոեմում ծառայել է մարդ-անհատի նկատմամբ անտարբերությունը դատապարտելու գաղափարին։ Հայ գեղեցկուհի Շիրինի անվան հետ կապված ավանդավեպին անդրադառնալով, հավատարիմ իր դեմոկրատական հայեցակետին, Նավոիի «Ֆարհադ և Շիրին» պոեմում շահ Խասրովի փոխարեն գլխավոր հերոս է դարձրել քարտաշ Ֆարհադին։ Սասանյան Բահրամ Դուր թագավորի և նրա սիրած ստրկուհի Դիլարամի պատմությունն է «Յոթ մոլորակ» պոեմը՝ հյուսված 7 հեքիաթ-նովելներից, որոնցում քննադատվում են Թիմուրյան տիրակալների ու պալատականների բարքերը։ «Իսկանդարի պատը» պոեմում Նավոին արտահայտել է պետական կառավարման իր հայացքները։ իսկանդարը արդարադատ, իմաստուն, բարձրաբարո տիրակալի տիպար է։ Մարդկային հասարակության կառուցվածքի վերաբերյալ Նավոիի հումանիստական հայացքներն արտացոլվել են նաև Սաադիի «Գոլեստան»-ի ազդեցությամբ գրված «Սրտերի սիրելին» (1500) գեղարվեստական արձակ երկում։ Այս գրքի հիմնական գաղափարն է «դաժան, տգետ և անբարոյական թագավորների» դատապարտումը, երկրում արդարամիտ տիրակալի կենտրոնացված ամուր իշխանություն հաստատելու ձգտումը։ Սա եղել է բանաստեղծի երազանքը ամբողջ կյանքում։ Ուզբեկական և պարսկա-տաջիկական գրականության, մշակույթի պատմության և նրանց առնչությունների ուսումնասիրման կարևոր աղբյուր են Նավոիի «Նրբակերտների հավաքույթ» (1491—1492) անթոլոգիան, «Իրանական թագավորների պատմություն», «Մարգարեների և իմաստունների պատմություն», արուգի տաղաչափության սկզբունքներին նվիրված «Չափերի կշռույթ» երկերը։ Նավոիի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Արևելքի գրականությունների մեշ առաջադիմական-ռոմանտիկական ուղղության զարգացման համար։ Նավոիի ձեռագրերը պահվում են աշխարհի խոշորագույն գրադարաններում (Ռուսաստան, Անգլիա, Թուրքիա, Իրան և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png