Ալեքսանդր Քալանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալանթար, Ալեքսանդր Հայրապետի (սեպտեմբերի 20, 1855, Վերին Ագուլիս - հոկտեմբերի 20, 1913, Թիֆլիս), հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

1875-ին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879-ին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ 1882 - 83-ին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դանիայում։ Եղել է Ռուսաստանում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ 1888-ից Թիֆլիսում շարունակել է գիտական գործունեությունը, գործնականում նպաստել Կովկասի կաթնատնտեսության զարգացմանը, կատարելագործել կաթնատնտեսական մեքենաներն ու գործիքները (սերզատ, խնոցի, պանրի մամլիչ)։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը են։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը, ընտրվել Կովկասի կայսեր, գյուղատնտեսական ընկերության պատվավոր անդամ, խմբագրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստվո» թերթը։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոս աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ 1883-ից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա-դեմոկրատական ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետական կուսակցության անդամ)։ 1905 - 07-ի ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը։ Քալանթարը զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նամալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկյանի նամակները», 1891, 1893, «Մանրանկարներ», հ․ 1 - 2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտեսական տեղաշարժերը, երիտասարդության ձգտումները և այլն։ Պայքարել է ռեալիստ, գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆմանի և ուրիշ հեղինակների ստեղծագոր ծություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png