Ալեքսանդր Վոստոկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վոստոկով

Վոստոկով (իսկական ազգանունը՝ Օստենեկ) Ալեքսանդր Խրիստոֆորովիչ (1781—1864), ռուս բանասեր-սլավոնագետ, բանաստեղծ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1841)։ Սովորել է Պետերբուրգի կադետական դպրոցում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1805-ից 1806 թվականներին լույս է տեսել Վոստոկովի «Քնարական փորձեր և այլ չափածո մանր ստեղծագործություններ» (մ․ 1—2) ժողովածուն, 1812 թվականին՝ «Փորձ ռուսական տաղաչափության» (առանձին հրատարակչութամբ 1817 թվականին) ուսումնասիրությունը, որը ռուսական շեշտային տաղաչափական համակարգի առաջին գիտական հետազոտություններից է։ 1815 թվականին աշխատանքի է անցել Պետերբուրգի հանրային գրադարանում, զբաղվել հին սլավոնական գրական հուշարձանների և սլավոնական լեզուների քերականության ուսումնասիրությամբ։ Վոստոկովի «Սլավոներենի քննախոսություն» (1820) գրքով սկզբնավորվեց սլավոներեն համեմատական լեզվաբանությունը Ռուսաստանում։ Վոստոկովը գրել է նաև ռուսերենի «ընդարձակ» և «համառոտ» քերականություն (1831), «Ռումյանցևի թանգարանի ռուսական և սլովենական ձեռագրերի նկարագրություն» (1812), «Եկեղեցասլավոներենի քերականություն» (1863) գործերը, հրատարակել «Օստրոմիրի ավետարան»-ը (1843), մասնակցել «Եկեղեցասլավոներենի և ռուսերենի բառարան»-ի (հատոր 1-4,1847) կազմմանը, խմբագրել այն։ Կազմել է նաև «Եկեղեցասլավոներենի բառարան» (հատոր 1—2, 1858-ից 1861 թվականներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png