1929 թվականին ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1948 թվականից եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, միաժամանակ (1956 թվականից)՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր վիրաբույժը։ Աշխատանքները հիմնականում վերաբերել են սրտի, թոքերիվիրահատությունների ժամանակ կիրառվող տեղային ցավազրկման մեթոդների մշակման, վիրահատությունների ժամանակ պոլիմերների օգտագործման հարցերին։ 1953 թվականին Վիշնևսկին աշխարհում առաջինը տեղային ցավազրկմամբ վիրահատել է միտրալ ստենոզով հիվանդ սիրտը։ 1957 թվականին Խորհրդային Միությունում առաջինն է հաջողությամբ վիրահատել «բաց սիրտը» արյան արհեստական շրջանառության ապարատի միջոցով։
Տեղային ցավազրկման աշխատանքների համար 1955 թվականին արժանացել է Ռ․ Լերիշի անվան միջազգային մրցանակի։ Եղել է Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ, Յա․ Պուրկինեի անվան չեխոսլովակյան բժշկական գիտությունների ընկերության և այլ ընկերությունների պատվավոր անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460)։